Կարծիք

17.03.2016 16:25


Ի՞նչ պետք է սովորի ու զգա հասարակությունն իր քաղաքական վերնախավի բարքերը տեսնելիս

Ի՞նչ պետք է սովորի ու զգա հասարակությունն իր քաղաքական վերնախավի բարքերը տեսնելիս
Երեկ պառլամենտում հերթական անգամ հնչեցվեցին փոխադարձ վիրավորանքներ, հայհոյանքներ, ինչին ականատես եղավ հասարակությունը՝ բժիշկներ, ուսուցիչներ, ուսանողներ, ոստիկաններ և այլն: Ինչո՞ւ եմ շեշտում մասնագիտությունները: Մենք այս մասնագետների համար հստակ էթիկայի կանոններ ենք սահմանում, ու աստված մի՛ արասցե՝ որևէ մեկը մի թեթև խախտի այդ կանոնները, դարձնում ենք հասարակության թշնամի, սկսում քարկոծել, պահանջում աշխատանքից հեռացնել: Մի քանի օր առաջ էր ընդամենը, երբ բժիշկն իր մասնագիտական պարտականությունները կատարելիս, ընդ որում՝ դատելով տեսանյութից, պատշաճ կատարելիս, մի արտահայտության համար դարձավ հասարակության խիստ, բայց նաև, ըստ իս, ուղղորդված քննադատության թիրախ: Մեր երկրում ստեղծվել է մի մթնոլորտ, երբ անպաշտպանների, քիչ պաշտպանվածների, համեստ ու բարեկիրթ մարդկանց վրա կարող ենք «զանգվածային հարձակում» սկսել, իսկ «ուժեղների և ապահովվածների» առաջ նահանջում ենք:

Ես երեկ մարդկային ամոթ էի զգում, որ գտնվում էի այդ դահլիճում: Ի՞նչ պետք է սովորի ու զգա հասարակությունն իր քաղաքական վերնախավի բարքերը տեսնելիս:
Մյուս հարցը՝ էլի ուղղոդված, էլի անտեսանելի մի ձեռքով մեր հասարակությանը պարբերաբար թշնամի են դարձնում որևէ խավի հանդեպ՝ բժիշկների, ուսուցիչների, ոստիկանների և այլն: Իսկ ի՞նչ ենք անում մենք այդ մարդկանց համար, ի՞նչ պայմաններ ենք ստեղծել նրանց կողմից իրենց պարտականությունները կատարելու համար, բավարա՞ր: Իհարկե, ոչ: Այսօր բժիշկներն են բավարար չափով ապահովված պայմաններում աշխատում, ուսուցիչները, թե՞ ոստիկանները: Ես վստահ չեմ, որ այսօրվա քաղաքական վերնախավը նույնիսկ տեղյակ է հասարակության տարբեր շերտերի իրական կենսամակարդակին, ամեն օր հանդիպող դժվարություններին ու անարդարություններին:
Մեր երկրում շատ լուրջ փոփոխություններ են պետք: Եվ միայն այդ դեպքում Հայաստանի բժիշկը, ուսուցիչը, բանվորը, դասախոսը, ոստիկանը, զինվորականը և մյուսները կապրեն բարեկեցիկ ու արժանապատիվ:

Էլինար Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը