Քաղաքական

16.03.2016 17:51


ՀԱԿ–ը պարզաբանումներ է ներկայացրել Փաշինյանի նամակի առնչությամբ

ՀԱԿ–ը պարզաբանումներ է ներկայացրել Փաշինյանի նամակի առնչությամբ

Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), ի պատասխան «Ազատության» հարցին, պարզաբանումներ է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի նամակի առնչությամբ, որն ուղղված էր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին:

Նիկոլ Փաշինյանը այդ նամակով դիմել է ՀԱԿ խորհրդարանական խմբակցությանը՝ առաջարկելով Հրազդանի բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովներում խմբակցությանը պատկանող տեղերում նշանակել Սասուն Միքայելյանի առաջադրած անձանց:

Կոնգրեսի պատասխանը ներկայացրել է խմբակցության մամուլի պատասխանատու, փորձագետ Արմեն Խաչատրյանը:

«Համաձայն Ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածի (Տեղամասային հանձնաժողովներ կազմավորելու կարգը), 2012թ. սկսած Հայ ազգային կոնգրես խմբակցությունը նշանակել է տեղամասին հանձնաժողովի անդամներին՝ օրենքով սահմանված ընթացակարգով:

ՏԸՀ անդամներին նշանակելիս Հայ ազգային կոնգրես խմբակցությունը երբևէ չի առաջնորդվել քաղաքական նպատակահարմարության նկատառումներով, այլ միայն և միայն ընտրական գործընթացի օրինականությունը ապահովելու սկզբունքով:

Խմբակցության որևէ որոշում, այդ թվում՝ վերոհիշյալ հարցի կապակցությամբ, կարող է ընդունվել համաձայն խմբակցության Կանոնադրության՝ իրավազոր նիստում, խմբակցության անդամների կեսից ավելիի՝ առնվազն 4 ձայնով: Մինչդեռ խմբակցության որևէ անդամ նիստերի օրակարգում Ձեր մատնանշած հարցը չի բարձրացրել, ուստի և այն չէր կարող քննարկվել խմբակցության նիստում: Զարմանալի է, որ խմբակցության նիստին անձամբ ներկայանալու և հարց բարձրացնելու փոխարեն, պատգամավորը նամակ է ուղարկում, միաժամանակ իրեն իրավունք վերապահելով խոսելու խմբակցության այլ անդամների անունից, ինչը սկզբունքորեն անընդունելի է:

Հայ ազգային կոնգրես խմբակցությունը հավաստիացնում է, որ թիվ 25 ընտրատարածքում ունի մարդկային անհրաժեշտ ռեսուրսներ տեղամասային հանձնաժողովները համալրելու այնպիսի անդամներով, ովքեր բազմիցս ապացուցել են օրենքների իրենց իմացությունը, օրինականության հաստատման համար պայքարելու վճռականությունը և համարձակությունը:

Դրա վերջին վկայությունը 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքներն են, երբ նույն այդ հանձնաժողովների անդամների դրսևորած սկզբունքայնության շնորհիվ Հրազդան քաղաքում «Այոն»-ն պարտվել է 27 տեղամասերից 18-ում՝ հակառակ իշխանության կողմից կիրառված բոլոր տեսակի օրինախախտումների և բռնաճնշումների: Խմբակցությունը վստահեցնում է, որ նրա կողմից նշանակված հանձնաժողովի անդամները այս անգամ նույնպես խստորեն կհետևեն ապրիլի 17-ի ընտրությունների օրինականությանը և կկատարեն օրենքով իրենց վրա դրված պարտականությունները:

Ինչ վերաբերվում է Սասուն Միքայելյանի թեկնածությանը սատարելուն, ապա դա խմբակցության որոշելիքը չէ և այդ կապակցությամբ իրենց դիրքորոշումները իրավասու են հայտնելու միայն համապատասխան քաղաքական ուժերը»,- ասված է Կոնգրեսի պատասխանում:

Նշենք, որ հաջորդ ամիս Հրազդանում կայանալիք ընտրություններից առաջ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դիմել է ՀԱԿ խորհրդարանական խմբակցությանը՝ առաջարկելով Հրազդանի բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովներում խմբակցությանը պատկանող տեղերում նշանակել Սասուն Միքայելյանի առաջադրած անձանց:

Հրազդանյան ընտրություններին, 14 տարի քաղաքը ղեկավարած հանրապետական Արամ Դանիելյանից բացի, առաջադրվել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանը՝ Փաշինյանի կուսակիցը:

Այս խորագրի վերջին նյութերը