Մեկնաբանություն

16.03.2016 11:20


Ով է բալաստը, և ումից է պետք ազատվել

Ով է բալաստը, և ումից է պետք ազատվել

Նորություն չեմ ասի, եթե նշեմ, որ Սերժ Սարգսյանը չունի կայուն աշխարհայացք, գաղափարներ և սկզբունքներ:

Նախկինում, երբ նա զբաղեցնում էր ուժային կառույցները, և իրեն պահում էր երկրորդ պլանում, տարբեր միֆեր էին պտտվում: Մարդիկ նրան չէին ճանաչում և կարծում էին, թե լուռ է մնում, քանզի շատ իմաստուն է: Նա անգամ իր հետ շփվողների վրա էր տպավորություն թողել, թե ամեն ինչ գիտի ու ամեն ինչ հասկանում է:

Վերջին ութ տարիները, սակայն, պայթեցրեցին բոլոր այդ միֆերը:

Իրական Սերժ Սարգսյանը

Հանրության լայն շրջանակները, ինչպես նաև 2008-ից առաջ Սերժ Սարգսյանի մասին այլ կարծիք ունեցողների մեծ մասը տեսան, որ նա շատ թույլ է պետական կառավարման հարցերում, տնտեսության կառավարման ոլորտում և արտաքին քաղաքական դաշտում: Բացի այդ՝ ընկերական է, կամեցող ու բարի, երբ չունի նախագահի լիազորություններ, և դեռ չի հասել իր ուզածին:

Կյանքը ցույց տվեց Սարգսյանի իրական դեմքը: Նա ուժեղ է միայն քաղաքական ու լրատվական դաշտի անկայուն զանգվածին հաճախորդացնելու և ապաքաղաքական մարդկանց վախեցնելու գործում: Ու ամենևին էլ բարի, կամեցող, ընկերասեր ու մարդկային արժեքներ հարգող չէ:

Սարգսյանն ունի մեկ խնդիր և մեկ նպատակ: Խնդիրն իշխանությունը պահելն է, նպատակը՝ փողը: Պետական ու հանրային հարցերը ՀՀԿ ղեկավարին հետաքրքրում են այնքանով, որքանով առնչվում են իր մասնավոր շահին:

Հարցը տվյալ դեպքում այն չէ, որ իշխանություն պահելը վատ բան է: Աշխարհի բոլոր տիպի երկրներում էլ իշխանությունները ձգտում են վերարտադրության, իսկ ընդդիմությունը փորձում է իշխանության գալ (ի դեպ, աղքատ իշխանության մասին հեքիաթներն էլ պրոլետարներին և պլեբսին կերակրելու համար են հորինված):

Հարցն այն է, որ երբ իշխանություն պահելու ցանկացած քայլ խոր հակասության մեջ է մտնում պետական ու հանրային շահի հետ, իսկ փող աշխատելու մոլուցքն արդեն իռացիոնալիզմի է հասնում, ապա առաջանում է լուրջ ճգնաժամ, ինչպիսին որ մենք տեսնում ենք Հայաստանում 2008-ից հետո՝ տնտեսական անկում, ներդրումների կտրուկ պակասեցում, կապիտալի արտահոսք, գաղջ մթնոլորտ, աղքատության աճ, քաղաքական ու լրատվական դաշտի բազմաթիվ սուբյեկտների «թրաֆիքինգ», զուտ խարդավանքային կառավարում, հսկայական արտագաղթ և պետության թուլացում:

Եթե այս ամենը վերարտադրվի, ապա հետևանքները շատ տխուր կլինեն:

Իրական և կեղծ բալաստը

Սարգսյանին սատարող «անկախ» մամուլն այժմ տարածում է, թե իշխանական համակարգի ներսում կա բալաստ, և վերը նշված խնդիրները լուծելու համար պետք է ազատվել այդ բալաստից: Ընդ որում՝ բալաստից ազատողի դերում սրանք ներկայացնում են ՀՀԿ ղեկավարին, ով, իբր, դրսի աներևույթ ուժերի և արտաքին միջավայրի կտրուկ փոփոխության հանգամանքներով պայմանավորված՝ պետք է մաքրի իր շրջապատն ու բարեփոխի Հայաստանը:

«Անկախ» մամուլի հետ կարելի է մի հարցում համաձայնել, այն է՝ պետական կառավարման համակարգում կա բալաստ: Սակայն այդ բալաստը ոչ թե «չար բոյարներն» են, ինչպես որ ուզում են հրամցնել սերժականները, այլ հենց Սերժ Սարգսյանը: Նա՛ է բալաստը և Հայաստանի հետընթացի թիվ մեկ ու թերևս միակ պատասխանատուն:

Սերժականներն առաջարկում են կռիվ տալ լիսկաների, այլ ոչ թե լիսկաներին բուծող Սերժ Սարգսյանի դեմ: Ասել է թե՝ հանրությունից պահանջում են պայքարել հետևանքի դեմ ու ակամայից նպաստել նոր, ավելի հրեշավոր հետևանքների առաջացմանը: Բայց դա կեղծ օրակարգ է: Կեղծ է նաև ՀՀԿ-ին «բոբո» դարձնելն ու այդ կառույցում միակ լուսավոր կերպար Սերժ Սարգսյանին ներկայացնելը:

ՀՀԿ-ին թիրախ հռչակելը նեոբոլշևիկյան մոտեցում է: ՀՀԿ-ն իշխող կուսակցություն չէ: Այն գործիք է Սերժ Սարգսյանի գլխավորած ոչ ֆորմալ կուսակցության ձեռքին:

«Վերջի բոլշևիկի» կուսակցության անունն է «Մեկ օլիգարխի տնտեսություն», իսկ անդամներն են Սերժ Սարգսյանի նեղ շրջապատը, հաստիքային ու արտահաստիքային հաճախորդները, «1in.am»-ի Արման Բաբաջանյանն ու իր զինվորիկները, Բաղրամյան փողոցում «սիկտիրի» արժանացած Արմեն Աշոտյանն ու նրա տիպի ՀՀԿ-ականները, անհայրենիք ու կենսագրություն չունեցող երիտսերժականները, «Lragir.am»-ի Հայկազն Ղահրիյանն ու իր զինվորիկները, մյուս «անկախ» լրատվամիջոցների ներկայացուցիչները, ֆեյսբուքյան գռդոնչի-ստատուսագիրները, կեղծ քաղաքացիականները, «լուսավորիչները», ստյոպիկսաֆարյանատիպ «փորձագետները», կոմերսանտ-քաղաքագետ աղասիենոքյանները և այլ «նմանատիպ» դեմքերը: Սրանք քանակով քիչ են, բայց ռեսուրսների հաշվին փորձում են մեծ աղմուկ բարձրացնել ու ստեղծված գաղջ մթնոլորտում վայելել մարտի 1-ի միջոցով ձեռք բերած իշխանությունն ու վերարտադրել այն:

Ահա՛ այն բալաստը, որից պետք է ազատվել, իսկ ազատվելու դեպքում լիսկաներն ավտոմատ կերպով կմաքրվեն պետական կառավարման համակարգից և կհայտնվեն իրենց արժանի տեղում: Այնպես որ, բուն թիրախի ընտրությունն է պետք ճիշտ կատարել: Պատճառը պետք է տարբերել հետևանքից:

Լիսկաների գոյությունը պետական կառավարման համակարգում հետևանքն է, իսկ պատճառը՝ Սերժ Սարգսյանի «Մեկ օլիգարխի տնտեսություն» նեոբոլշևիկյան կուսակցության գործունեությունը: Այդ կուսակցության թիվ երկու բալաստից՝ Տիգրան Սարգսյանից ազատվեցինք: Հիմա պետք է աշխատել թիվ մեկ բալաստից ազատվելու համար:

Իրական փոփոխությունների հնարավորությունը

Վարդան Օսկանյանի հայտարարությունը հենց այդ իրական բալաստից ազատվելու կոդով է: Դրա համար է ճահճի մեջ «միտինգ» սկսվել: Հենց դրա համար են Բ26-ից «ֆաս» հրամանը տվել, քանզի գիտեն, որ նախկին արտգործնախարարի հավասարակշռված խոսքն ու ինքնուրույն որոշումները միտված են իրական փոփոխություններ ապահովելուն:

Իրական փոփոխությունների հարցում շահագրգռված են բոլորը, բացի Սերժ Սարգսյանի նեոբոլշևիկյան ուղղվածության կուսակցությունից: Նպատակի շուրջ համախմբումը, հետևաբար, բնական գործընթաց է դառնում:

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը