Քաղաքական

15.03.2016 16:55


Ցիպրասը հեռանկարային է համարել Իրան-Հայաստան-Հունաստան եռակողմ փոխգործակցության զարգացումը

Ցիպրասը հեռանկարային է համարել Իրան-Հայաստան-Հունաստան եռակողմ փոխգործակցության զարգացումը

Պաշտոնական այցով Հունաստանի Հանրապետությունում գտնվող Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ:

Սարգսյանն ու Ցիպրասը երկուստեք կարևորել են փոխշահավետ մի շարք ոլորտներում՝ առևտրատնտեսական, գյուղատնտեսության, մշակույթի, կրթության, առողջապահության, զբոսաշրջության և այլն, համագործակցությունը ավելի խորացնելու, խրախուսելու փոխադարձ ներդրումները և շփումները գործարար համայնքի ներկայացուցիչների միջև՝ այդ աշխատանքներում մեծ դեր վերապահելով միջկառավարական հանձնաժողովի աշխատանքին:

Վարչապետ Ցիպրասը հեռանկարային է համարել նաև Իրան-Հայաստան-Հունաստան եռակողմ փոխգործակցության զարգացումը՝ նկատի առնելով Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության ջերմ, բարեկամական հարաբերությունները:

Նա նշել է, թե նման եռակողմ համագործակցության լավ փորձ իր երկիրն ունի` Հունաստան-Կիպրոս- Իսրայել և Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս ձևաչափերով, որոնք, նրա գնահատմամբ, գործում են արդյունավետ: Վարչապետը նշել է, որ Հունաստանը հնարավորություններ է տեսնում նաև ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև համագործակցության հաստատման առումով և ցանկություն ունի ըստ անհրաժեշտության նպաստել այդ գործին:

Հունաստանի վարչապետն իր երկրի անունից պատրաստակամություն է հայտնել սատարել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանը՝ հաջողությամբ ավարտին հասցնելու ՀՀ-ԵՄ համագործակցության նոր իրավական փաստաթղթի շուրջ մեկնարկած բանակցությունները:

Ալեքսիս Ցիպրասը, ներկայացնելով իր երկրի դիրքորոշումը միջազգային հարթակներում եղած խնդիրների լուծման վերաբերյալ, ընդգծել է, որ դրանք պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի նորմերի հիման վրա: Նա ևս ընդգծել է, որ Հունաստանը սատարում է ԼՂ հիմնախնդրի խաղաղ բանակցային ճանապարհով լուծման գործընթացին՝ ԵԱՀԿ Մինկսի խմբի շրջանակներում, ցանկություն ունենալով տեսնել տարածաշրջանի զարգացումը խաղաղության, անվտանգության և կայունության պայմաններում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը