Աշխարհ

11.10.2010 14:53


Ի՞նչ հեռանկար ունի հայ–իրանական բարեկամությունը

Ի՞նչ հեռանկար ունի հայ–իրանական բարեկամությունը

Հայ-իրանական տնտեսական-քաղաքական զարգացումների մասին խոսելիս քաղաքագետ Երվանդ Բոզոյանը հայտարարել է, թե հայ-իրանական հարաբերությունները զարգացում են ապրել հատկապես երբ  Հայաստանը պետականություն է ձեռք բերել, և բարձր մակարդակի վրա են:

-Իրանը մեզ համար, իսկապես, բարեկամ երկիր է, եթե չասենք, որ ավելի լուրջ հարաբերություններ էլ կան երկու երկների միջև։ Իհարկե, Իրանը պատկանում է իսլամական աշխարհին, և ինչ-ինչ խաղի կանոնների պատճառով հնարավոր չէ պահանջել ավելին, քան ցանկանում ենք։ Իրանի նշանակությունը մեզ համար դառնում է ռազմավարական: Կրածում եմ՝ մեր հարաբերությունները շատ ավելի կարևոր կլինեն, երբ կառուցվի Հայաստան-Իրան երկաթգծը, որը ծրագրվում է անել  5 տարվա ընթացքում, և պետք է հատուկ նշել, որ թեև այստեղ առաջին հերթին շահագրգռված է հայկական կողմը, սակայն Իրանն իր կողմից նույնպես ցուցադրում  է իր բարի կամքն ու լուրջ լումա է ներդնում կառուցման համար,-նշել  է նա։

Ըստ քաղաքագետի՝ տնտեսական  հարաբերությունները դեռ լավ չեն, որովհետև Իրանի հետ առևտրային շրջանառությունը կազմում է մոտ 500 մլն դոլար, այն ժամանակ, երբ Հայաստանի ընդհանուր արտաքին շրջանառությունը 5 մլրդ դոլար է։

Ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանն էլ է նշել, որ հայ-իրանական տնտեսական հարաբերությունները զիջում են քաղաքական ջերմ հարաբերություններին:

-Քանի դեռ այս իրավիճակը շարունակվում է' շրջափակումը մեր երկու երկրների, դեռևս մեր տնտեսական և քաղաքական համագործակցությունն ավելի ու ավելի խորանալու միտում ունի՝ անկախ նրանից, որ Իրանում հաստատված են իսլամական կարգեր,-նշել  է նա:

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամլայնն էլ շեշտել է, թե երկու երկրների կարևորագույն նախագիծը հայ-իրանական երկաթգծի կառուցումն է:

-Այն մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող նախագիծ է: Սկզբից ևեթ, երբ մենք մեր պետականությունը սկսեցինք կերտել, մեր նորանկախ լինելու առաջին իսկ պահերից մենք հանդիպեցինք թուրք-ադրբեջանական շանտաժին։ Փորձ արվեց և այսօր էլ շարունակվում է  կոմունիկացիոն կախվածությունը օգտագործել և ներկայացնել իբրև Հայաստանի դեմ ճնշման՝ անհարկի, միակողմանի զիջումներ պարտադրելու համար։ Ցավոք, նաև ներքաղաքական դաշտում էլ է արձագանք գտնում այդ մոտեցումը, և բնականաբար, եթե մենք ունենանք երկաթգիծ, որով կապվենք հեռավոր արևելյան շուկաների հետ, Պարսից ծոց դուրս գանք՝ մենք ավելի ու ավելի վստահ կներկայանանք և՛ արցախյան, և՛ հայ-թուրքական բանակցություններին,-նշել է նա։

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, իրանագետ Մհեր Բաղդասարյանն էլ հայտարարել է, թե Արցախի խնդրի լուծման հարցում Իրանի դիրքորոշումը շատ հստակ է։

-Իրան-Ադրբեջան քաղաքականությունը շատ լարված է, ու Հայաստանի և Արցախի դերը Իրանի համար մեծանում է, որովհետև Հայաստանը համարվում է խանգարիչ օղակ պանթուրքիստական ծրագրերի իրականացման համար։ Բնականաբար, Իրանին ձեռնտու չէ, որ Արցախի ազտագրված տարածքներում տեղակայվեն խաղաղապահներ, այսինքն տարածաշրջանից դուրս երրորդ երկրի ներկայացուցիչ ուժ լինի Իրանի սահմանակից տարածքներում,-նշել  է նա։

Իրանագետի խոսքերով՝ Իրանը բազմիցս հայտարարել է, որ Արցախի հարցը պետք է լուծվի տարածաշրջանային երկրների միջոցով:

-Իրանին ձեռնտու է այս վիճակի' «ստատուս քվոյի» պահպանումը, որովհետև իքնը լինլով բլոկադայի մեջ, որպես Հայաստանի բախտակից երկիր՝ նրան ձեռնտու է մի երրորդ շուկա՝ ներդրումներ անելու համար՝ նույն Արցախում։ Եթե Աստծո կամոք վաղը-մյուս օրը Արցախի Հանրապետությունը լինի  ճանաչված երկիր, ապա Իրանի համար այն կլինի երկրորդ փրկության օղակ,-ընդգծել է Մհեր Բաղդասարյանը։

Հեղինե Հարությունյան

Այս խորագրի վերջին նյութերը