Մեկնաբանություն

12.03.2016 00:05


Ապտակով սնված տղան առանց աստիճան չի լինի

Ապտակով սնված տղան առանց աստիճան չի լինի

ՊԵԿ-ի նոր ղեկավարը, դեռ աթոռին չհարմարված, դարձել է մամուլի «սիրելին»:

Ուշագրավն այն է, որ նրան առաջինը սկսեցին «փչացնել» Բ26-ի տակ գործող լրատվամիջոցները (դա Սերժ Սարգսյանի ոճն է՝ մեկին պաշտոն տալ ու անմիջապես «փչացնել»): Հետո «խրախճանքը» դարձավ համընդհանուր:

Նախ՝ պարզվեց, որ սա թաքնված «Կորեյկո» է, այսինքն՝ կարողացել է որպես պետական չինովնիկ հսկայական միջոցների տեր դառնալ:

Օրերս էլ հայտնի դարձավ, որ տարիներ առաջ, երբ Հովհաննես Հովսեփյանն աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմում, տեղի է ունեցել մի միջադեպ, որի ժամանակ ազգային անվտանգության հարցերով ՀՀ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը, այսպես ասած, դաստիարակչական և կանխարգելիչ ապտակ է հասցրել Հովհաննեսին: Դրանից հետո անցկացվել է ծառայողական քննություն, և ՊԵԿ-ի այժմյան ղեկավարին հեռացրել են նախագահի աշխատակազմից:

Դատելով այն հանգամանքից, որ կողմերը չեն հերքում այդ միջադեպի մասին «armlur.am»-ի տարածած լուրը՝ մեզ թույլ ենք տալիս եզրակացնել, որ նման բան եղել է: Իսկ դա նշանակում է, որ Հովսեփյանն, իրոք, կոպիտ սխալ թույլ տված կլինի, այլապես Իսագուլյանը նման քայլի չէր գնա, քանզի նա հավասարակշռված և պետական ծառայությունը հարգող քաղաքական գործիչ է: Ինչևէ:

Եվ այսպես, եթե Հովսեփյանի հետ կապված ապտակի պատմությունը ճիշտ է, ապա Գառնիկ Իսագուլյանի աշխատասենյակի ու բնակարանի մոտ պետք է որ հսկայական հերթեր գոյանան, քանզի այսօր ահագին մարդ ուզում է Սերժ Սարգսյանից փոքր ու մեծ պաշտոն ստանալ (բա հո մենակ դաշնակնե՞րը չեն, բա Կազլևի՞չը):

Իսագուլյանի ձեռքը «խերով» է: Հրե՛ն, Հովհաննեսին ապտակեց, ու նա դարձավ ՊԵԿ ղեկավար: Այնպես որ, կոալիցիա մտնել ցանկացողները թող դիմեն համապատասխան հասցեով: Կարծում ենք, որ կոլեկտիվ հայտեր նույնպես հնարավոր կլինի ներկայացնել: Իսագուլյանը ժլատ չէ. բոլորին կօգնի:

Չէ՞ որ ապտակով սնված տղան առանց աստիճան չի լինի: Ճիշտ է, աշուղ Ջիվանին մի փոքր այլ իմաստով էր այս ձևակերպումն օգտագործել, բայց ոչինչ:

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը