Մեկնաբանություն

11.10.2010 09:16


Ազգովին խելքի գալու համար։ Ինչ և ինչպես անել

Ազգովին խելքի գալու համար։ Ինչ և ինչպես անել

Արդեն 15 դար է, հայերի առջև ծառացած է «Ինչ անել ու ոնց անել» խնդիրը:
Տպավորությունն այն է, որ մեզ հուզող բոլոր հարցերը միահյուսված են մի կախարդական խճճված շղթայի մեջ, որը ոչ վերջ ունի, ոչ էլ սկիզբ: Ցանկացած գործ ընկալվում է որպես ինչ որ մեկ ուրիշի պարտականություն: Ու էսպես, այլոց կամքին, կամ իրավասությանը նայելով ու սպասելով, դառել ենք անընդունակ, անօգնական, դանդալոշ, հիվանդ հասարակություն, որը արդեն շատ լուրջ, անհետաձգելի  ինքնաբուժման խնդիրներ  ունի:
Մեծ արյամբ շաղաղված պատմություն ենք թողել մեր ետևից՝ փրկարար սասունցի դավիթների սպասելով: Վերջին 20 տարվա մեջ էլ, մի ապաշնորհ, անբարտավան անինքնասերին փոխարինելու է եկել հաջորդը ու այս շղթայի պառակտման օղակը դեռ չի էլ նշմարվում: Պետք է շատ վաղուց հասկացած լինեինք, որ հարցը լուծողը ոչ թե քվեաթերթիկը պետք է լինի, այլ մեր՝ ազգային ու ներհասարակական ինքնագիատակցության վերակենդանցումը: Մենք՝ հենց մեր հասարակությունն է վերարտադրում մեր ողբալի հրապարակային դեմքերին ու դրանցից կերտվող իշխանությունը:  

Աբսուրդի շարունական վերականգնումը ու դեռ ավելին- խորացումը հուշում է, որ մեզանում շատ խորքային դեֆեկտ կա նստած, որը անխաթար շարունակում է իր աշխատանքը:
Իմ խորին համոզմամբ, մեր հիմնական դեֆեկտը դա  հասարակական կարծիքի՝ որպես զսպող- կարգավորող գործիքի, ի սպառ բացակայությունն է մեզանում: Ցանկացած ոչնչություն կարող է իր անհասկացող, միայն լափելու ունակ մռութը խրել իրենից լուսատարի հեռու գործերի ու մարդկանց ճակատագրերի մեջ, այլանդակել ամեն ինչ ու մնալ հասարակական ազդու պարսավանքից հեռու՝ պաշտպանված իրենից էլ ավելի ցածրերից հավաքագրված սեփական զինված բանդաների ետևում: Հայաստանի տերն ու տիրականը այլևս չաղ, անգլուխ կենդանակերպն է /ՉԱԿ/ իր ձեռնածու բանդայով  հանդերձ: Իրենց ի մի բերող կազմակերպող, հովանավորող վերին իշխանավորների գոյության հիմքն էլ է այդ նույն ճիվաղը:
Վերջերս Հրանտ Տեր Աբրահամյանը բերել էի 93 թվին ՉԱԿ-ին  ֆիզիկապես չեզոքացնելու, զսպելու վրացիների վառ օրինակը: Բայց պարզվում է, որ մեր՝ հայերիս մեջ, վրացական մենթալիտետի մի պատառիկ էլ չկա, քանզի ոչ մի այլանդակ մռութ մինչև հիմա չի կոտրվել, արյունլվա եղել,  կամ ասպարեզից հեռացվել: ՉԱԿ-ի ներսում, իրար մեջ հաշիվներ մաքրելու մոտիվներով իհարկե արյուն թափվել է, բայց որ իրենց շրջանակից դուրս մեկը իր թասիբի պաշտպանության համար դրանց մի թթու խոսք ասած լինի- տեղյակ չեմ:

Մտածում էի, որ լավ, տարիքավորների մոտ չկա այդ մենթալիտոտը, մի գուցե ջահելության մոտ իրենց «ճիշտը» առաջ տանելու, իրենց արժանապատվությունը վերահաստատելու պահանջը վերջապես կբերի վրացական պրոցեսին: Վերջերս երիտասարդները հայտնեցին իրենց վճռականությունը, այդ գործն սկսելու-տեսնենք, թե իրականում ինչ կարվի:
Իսկ մինչ այդ բաղձալի օրերը, մենք՝ հայ հասարակության  շարքային անդամներս փորձենք սկզբի համար հասկանալ, թե ինչը մենք ինքներս՝ ամեն մեկս կարող է ու պետք է անի, և ինչը մենք պետք է պարտադրենք մեր ընտրանուն:

 Իհարկե հասարակությունը միատարր չէ, տարբեր շահեր են առկա նույնիսկ փոքր համայնքի սահմաններում: Բայց ես համոզված եմ, որ ռացիոնալի, նորմալի, մարդկայինի կողմնակիցները տասնյակ անգամ ավելի են աննորմալից:

 Երբ նորմալն ու դեգեներատը իրար դեմ են դուրս գալիս ճակատային մարտում, ապա հարցը լուծվում է փոքրաթիվ զինված ՉԱԿ-ի բանդաների շնորհիվ: Բայց փոքր կենսական տարածքներում, համայնքներում, զինվածի դերը մինիմալ է և նորմալն ու դեգեներատը իրար դեմ դիմաց են մնում մոտավորապես 10-ը մեկի հարաբերությամբ:  Դա հաղթական հարաբերակցություն է: Եվ ես համոզված եմ, որ ամեն մի նոր փոքր հաղթանակ հասարակական արժեքային նորություն է մտցնելու, արդյունքի հասնելու հույս է տալու, փոխելու է ներհասարակական հարաբերությունները:
Քաղաքացիական հասարակություն ասածը դա շատ բարդ բան է, մեր խելքին ու խառնվածքին դեռ որ անհասանելի: Բայց մարդկանց նույնիսկ փոքր խմբերի համար շահագռգիռ հարցերում ինքնուրույն փոքր գործեր անելը,  ստիպելով հարց լուծելը հնարավոր է ու խոստումնալից:
Փորձեմ մի կոնկրետ օրինակի վրա ցույց տալ, թե ինչ կարգի գործեր է հնարավոր անել:
Օրինակ կարդացի այն մասին, որ մի քանի գյուղ տանող միակ ճանապարհը ավիրակ է:
Ոնց է ստացվել այսպես՞: Շատ պարզ, գյուղացիք կարծում են, որ դա իրենց գործը չի, թող իշխանությունը, գյուղապետերը կամ ինչ որ այլ քեռիներ այդ հարցը լուծեն: Ոչ մեկի մտքով չի անցնում, որ այ ժողովուրդ, լավ,  ասֆալտ չեն անում, բայց մեր առորյա կյանքն է այդ պատճառով դժոխային դարձել: Արեք գոնե գյուղերի տղամարդկանցով  հավաքվենք, գնանք, քարերով, ավազով, խճով, մեր հնարավորության սահմաններում գոնե ժամանակավոր դզմզենք, անցանելի սարքենք ճանապարհը ու պատասխանատուների մայրերին էլ ամեն առիթով՝ կնունք, ծնունդ, թաղում ու ինքնահող՝ մի լավ, հրապարակավ հիշենք:

Չի արվում սա: Չկա նման մտածելակերպ ու մոտեցում:

Բերել եմ գյուղի օրինակ, բայց աղաղակող քարուքանդ վիճակ է ամբողջ Հայաստանով մեկ, ճամփեքին, մուտքերին, շենքերում ու ցանկացած վայրում:
Հաճախ սիրում ենք կրկնել  «Գյուղ կանգնի գերան կկոտրի հին ասացվածքը»: Ասացվածքը կա, բայց կիրառումից բացարձակապես դուրս է, որովհետև շարունակական ազգային-պետական պարտություններից հետո ներհասարակական հարաբերություններն են խաթարված՝ մարդիկ դարձել են իրար հանդեպ անվստահ, իրար վատություն անող, նույնիսկ իրար ատող:
Միակ դեպքը, երբ գյուղը իսկապես «կանգնում» է, դա  քելեխ խժռելն է ու սգավորին տնտեսապես չոքացնելը:

 «Գյուղ կանգնելու» իմաստը ոչ թե քանդելու այլ կառուցելու խորհուրդն ունի իր մեջ: Ներկայիս հայկական «գյուղը» պետք է կարողանա «կանգնել»՝ արարելու, սարքելու, միասին պաշտպանվելու համար,  ՉԱԿ-ին  կազմաքանդելու համար:

Պատմականորեն, մեր հասարակական ամենամեծ և ամենավստահելի միավորը գյուղն է եղել: Հիմա դրանից էլ ցածր ենք -գյուղի թաղ, մաքսիմում քիչ թե շատ միավորված մարդկանց միություն, փոքր համայնք: Եկեք գոնե այդ ինքնագիտակցական հասարակական շահային ռեսուրսի մակարդակով փորձենք հարցեր լուծել: Պետք է վերջապես հասկանալ, թե ինչու աշխարհի բոլոր նորմալ երկրներում աշխատող գիտակից մարդուն /homo sapinens/ հատուկ հասարակական մեխանիզմը չի աշխատում հենց Հայաստանում՞:
Հասկանալի է, որ ներկայումս քաղաքացիական հասարակություն սարքել իշխանությունների դեմ ցաք ու ցրիվ պայքարով անհնար է: Բայց զգաստ, ինքնապահանջկոտ հասարակության սկիզբ դնել իշխանություններին մի կողմ թողած՝ փորձելու բան է՝ իմ կարծիքով շատ հնարավոր:
Սա տարբերակ է՝ ոմանց համար անընդունելի, ոմանց համար -ծիծաղելի: Բայց փորձելու արժանի: Եկեք ազգովի սկսենք մեր տունը մաքրել տարաբնույթ կեղտից:
Օրինակ ամերիկյան հասարակական կյանքում կա volunteer՝ ինքնակամ  աշխատանք հասկացողությունը, երբ հասարակական այս կամ այն կարևոր գործի համար մարդիկ գնում են՝ անվճար աշխատում: Մեզանում ոչ միայն դա չկա, այլ պախարակված է այդ մոտեցումը -բոլորը կմտածեն՝ հո իրենք «համբալ» չեն ու դրանով կփակվի ցանկացած նախաձեռնություն:
Իսկ ինչ մեխանիզմով է աշխատում volunteerism-ը այլ հասարակությունների մեջ՞:
Աշխատում է հասարակական դրվատանքի ու նախատինքի մեխանիզմով: Պարզության համար քննարկենք  մի ծայրահեղ օրինակ:
Օրինակ, ենթադրենք թե մի հիմնարկում մեկը մտնում է մեկ տեղանոց զուգարան ու տեսնում է, որ այն կեղտոտած է: Եթե մտնողը գիտի, որ կա զուգարանը մաքուր պահելու պատասխանատու, ապա նա իսկույն դուրս է գալիս ու գնում է այդ «իշխանավորի» մոտ բողոքով: Եթե չկա այդպիսին, ապա բավական ծանր վիճակում է հայտնվում, որովհետև կամ պետք է իսկույն դուրս գա, մի թղթի կտոր կպցնի դռանը, որ հաջորդին զգուշացնի այդ մասին, կամ էլ ինքնուրույն փորձի մաքրել : Սրանք են ելքերը- եթե մտավ, օգտվեց, չմաքրեց ուրիշի թողած կեղտերն էլ ու առանց մյուսներին զգուշացնելու դուրս եկավ ու եթե մեկ ուրիշը նկատեց, որ այդ մարդուց հետո է զուգարանն այդպիսին դարձել, ապա էդ մարդու հետագա ճակատագիրը հաստատ շատ վատն է լինելու: Մեկը մյուսին կհաղորդի, որ այսինչ մարդը անասուն է, ու քիչ ժամանակ անց ողջ շրջապատը կխորշի այդ սուբյեկտից:
Այսինքն հասարակական կարծիքը ստիպում է մարդուն ուրիշի թողած կեղտն էլ մաքրել, միայն թե իր անունը չկապնվի այդ փաստի հետ ու չպախարակվի:
Սա է: Հասարակության ինքնամաքրման այլ հայտնագործություն չկա արանքում: Ամեն մեկից հաշիվ պետք է պահանջվի իր արած ու չարածի համար, այլ ոչ թե իր լակոտի, կամ քեռու տղու ՉԱԿ-ությունը ցեղովի պարտակվի, կամ էլ նույնիսկ գովաբանվի:
Եկեք արթնացնենք մեզանում նորմալ մարդուն, հետո այդ արթնացած մարդուն կտեսնենք մնացած բոլոր անհրաժեշտ գործերում և մի գուցե առաջ էլ գնանք:

Ես խոսքը սկսել էի մեր պրոբլեմների շղթայական կապակցվածությունից: Պարզ է, որ այդ շղթայի օղակների մեջ են թե ներհասարակական դավաճանության, անվստահության օղերը, թե կասկածամտության, անբարտավանության, մեծամտության և ամենակարևորը՝ վախի օղերը: Եվ պարզ չէ, թե որն է որի սկիզբը, կամ վերջը, որը առաջնայինը՝ որը ստորադասը:  Շղթան անվերծանելի է թվում, նման  հավի ու հավկիթի առաջնային լինելու անլուծելի խնդրին: Տարբեր մարդիկ այդ շղթայի տարբեր օղերին  են գերադասելի արժեք տալիս:

Ես որպես հիմնական եմ համարում  մեր հասարակական տհասությունը, տգիտությունն ու անգրագիտությունը:  Ամենախորքում հենց սրանք են նստած, մնացածը ստորադաս են ու հենվում են հենց այս  խաթարումների վրա : Այլապես  նորմալ բանականության տեր մարդը գոնե մի օր կասեր՝ տո ՉԱԿ-ի էլ,  սաղի էլ հերն անիծած - իմ կյանքն է արանքում դժոխային դարձել, արի տեր կանգնեմ: Բայց ոչ, երբեք հայ տղամարդու մեջ տղամարդը չի արթնանում:
Ունեցած-չունեցածը կտա, պարտք կանի- 300 հոգու քելեխ կտա, 2 էդքանով կնունք, ծնունդ կանի, կսնանկանա, բայց ուղեղ չի միացնի- թե -ԻՆՉՈՒ՞: Մեզանում հասարակական կարծիք ասածը դա ոչ թե լավը, այլ բացասականը, գեշը, այլանդակը, ՉԱԿ-ին  սերմանող, վերահաստատող կարծիքն է: Այն անհատին ստորացնող, նսեմացնող, ենթարկող մի զարմանալի կենսունակ ինքնակործան համակարգ է, որը անտեսանելի է դարձել մեզ համար ու դուրս եկել դիտարկումից,  քննարկումից, ու քննադատությունից: Այն դարձել է մեր հարցերը լուծող միանձնյա տեր ու տիրական՝ իրականում մի մեծ հրեշ, որը տիրում է փողոցում, տանը, բանակում, ու ամենուր, թելադրելով  մեզ մեր բոլոր քայլերը:

Այդ  հրեշի դեմն առնելու «Ինչ անելն»- էլ է ակընհայտ- տղամարդկություն ունենալ հակառակը սերմանելու, քարոզելու, գովաբանելու, դիմադրելու: Սկսել քելեխ չտալուց, ու չուտելուց, որևէ այլանդակ ծիսակատարություն չանելուց, ու դրանց չմասնակցելուց, ՉԱԿ-ից,  անասունից, այլանդակից հեռու մնալուց, և հնարավորության դեպքում նաև դրանց մաման լացացնելուց: Բայց դե այդպիսի բան դեռ որ չկա: Հայ հասարակությունը ենթարկված է այդ հրեշին ամբողջովին:
Ըստ հասարակական տրադիցիաների վերարտադրման ու զարգացման սկզբունքների, հասարակությունն ինքնին իներտ մի հավաքանի է, որը կրկնում է միայն «պապու ասածը»: Այն ինքնուրույն որևէ նոր բան ստեղծելու և իրագործելու բացարձակ անընդունակ է: Անհատներն են, որ հնարում, կամ արտաքին աշխարհից ներ են մուծում նորը ու մնացածը «ոչխարի պես» սկսում է հետևել ու կրկնօրինակել այդ նորը վերցնող, ավանգարդ մտածելակերպ ունեցող անհատներին: Սա է առաջընթացի ֆորմուլան:
Օրինակ վրացիք շատ լավ են դրսից առաջավորը կրկնօրինակելու հարցում, դա են անում: Մենք դրսից նորը դժվարությամբ ենք վերցնում: Դրա համար էլ մեզ թվում է, թե մեզանից լավը չկա, մեր դատարկ սարերից, ցրտոտ Սևանից, գեղական անգրագետ գիտնականից, պոլիներկով սար նկարող նկարչից, կլկլացնելով թուրքական երգ երգող երգչից, հաստավիզ ՉԱԿ-ից լավը աշխարհում չկա: Սրա պատմական պատճառներն էլ մի գուցե կարելի է քննարկել, բայց եկեք ավելի  խորը չգնանք ու փորձենք հասկանալ, թե ինչ է սա՞:
Իմ կարծիքով սա սահմանափակ աշխարհընկալման արդյունք է, որ  գալիս է կոնսերվատիվ, պահպանողկան մտածելակերպից, նույնիսկ եղած չնչինը  կորցնելու վախից: Հարցրեք ցանկացած հայի- կասի, որ էսպես էլ  մնա, էլի գոհ եմ: Նա կարող է նույնիսկ գոհ լինել իր դժոխային կյանքից, բայց չձգտել նորին-անհայտին: Այ հենց սա է մեր ազգային - հասարակական հետամնացության ու ներկայիս այլանդակությունների արմատը -գենետիկորեն վախեցած, նորի անընդունակ հայ պահպանողական ուղեղը:
Արդյունքում եղած մինիմալը պահպանելու համար մենք պատրաստ ենք ցանկացած դավաճանության, վախկոտության, տմարդության, ու հազարավոր այլ զազրելիի:

Իսկ պահպանողականությունն էլ հիմնված է ոչ միայն վախի, այլ նաև հետամնացության ու  սակավամտության վրա:  Հենց չհասկանալն է, որ մեր տհաս երևակայությոան մեջ ծնել է  անպարտելի ՉԱԿ, անսխալ ստռատեգ, անուղղելի հայկական հասարակություն՝ իր  անգրագետ ղեկավարներով հանդերձ:

Հասարակաությունն ինքնին անզոր է սրա դեմ պայքարելու: Հասարակության ներսում եղած՝ իսկապես նորության ընդունակ սակավաթիվ դեմքերը պետք է քաջություն ունենան տեսնելու մեր դեֆեկտները, հասկանան անելիքը, վերցնեն առաջընթացի ջահը, և առաջ շարժվեն, մնացածին էլ իրենց ետևից տանելով:  
Հենց այս կարգի լիդերների, ամբիցիոզ մարդկանց պակասն է, որ մեզ կոխել է գենցիդի մեջ ու գցել ՉԱԿ-ի ձեռը:
Իմ առաջարկն է, որ նույնիսկ գեղի ճամփա սարքելով, կամ նման բաներ անելով, հասարականորեն անհրաժեշտ, իրենց համար կենսական, անվճար, ինքնակամ գործ անելով մարդիկ կամաց-կամաց անջատվեն, վեր կանգնեն, անկախանան  ՉԱԿ-ից , գնահատեն, արժևորեն իրենց որպես սեփական շահը գիտակցող, պաշտպանող, բանական էակներ ու մանրից շարժվեն մարդկությանը տիպիկ, նորմալ հասարակական օրենքներով:

Մեր ժողովրդի մեծ մասը անգործ նստած է տանը: Միթե՞ ամեն մի տարիքավոր մարդ, ամեն ինքնասեր մարդ, չի կարող իր անվերջ ազատ ժամանակից մի փոքր կտոր հատկացնել իր շրջապատի ծուռը դզմզելու, ջարդածը սարքելու, փչացածը կարգավորելու, դժգույնը կոկիկացնելու, գեշը սիրունացնելու գործին: Թող մի բան էլ ինքն անի ու հետո թաղի ՉԱԿ-ի երեսովը տա՝ թե դու՞ք էք ավտարիտետը, հարց լուծողը, ա՛յ կենդանիներ:
Մի գուցե ասածս ինչ որ առումով  ֆանտազիաների ոլորտից է:  Բայց ողջ աշխարհում է այդպես՝ ամեն մի լոկալ կետում հաղթում են և հիմնականում միշտ դրության տերն են պահպանողականները, իսկ  առաջընթացը սկիզբ է առնում  խիստ սահմանփակ հատ ու կենտ այլախոհ, նորովի մտածող անհատներից: Նույնիսկ անձնական համակարգիչը  դուրս եկավ ոչ թե ABM-ից, կամ  Մերգելյանի ինստիտուտից, այլ ամերիկյան գարաժից:
Համաձայնենք, որ ըստ մարդկային ընդհանուր գեների- մենք՝ հայերս էլ  շարքային մարդ ենք: Եկեք ընդունենք մեզ որպես այդպիսին, մտածենք և գործենք որպես այդպիսին, վերցնենք ուրիշներից արդեն նրանց ստեղծածը, վանենք մեզանից նրանց կողմից էլ արդեն վանածը:

Եվ այդ անելու համար փրկիչներ պետք չեն, պետք է առողջ, ոչ ինքնախաբ տրամաբանություն, ինքնասիրություն և ամենակարևորը՝ քաջություն, այս ամենը ինքնախոստովանելու:

Վարդան Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը