Մեկնաբանություն

06.03.2016 00:35


Զգուշացե՛ք կեղծիքից

Զգուշացե՛ք կեղծիքից

Սերժ Սարգսյանի օգտին աշխատողներին ու «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցմանն աջակցողներին կարելի է բաժանել երեք խմբի:

1.Ի պաշտոնե Սերժ Սարգսյանին սատարողներ:

Սրանց մեջ են Գալուստ Սահակյանը, Սամվել Նիկոյանը, Էդուարդ Շարմազանովը և նմանատիպ այլ դեմքեր: Սրանք անշառ դեմքեր են, քանզի զրոյական ազդեցություն են թողնում հասարակական կարծիքի վրա:

Նկատենք, որ շարմազանովները գոնե ֆորմալ առումով անկեղծ են ու ազնիվ: Նրանք չեն թաքցնում, որ Սերժ Սարգսյանի կողմնակիցներն են, էժանագին խաղեր չեն խաղում և շարժվում են «պարԾիայի» հրահանգով:

Այլ է պատկերը մյուս երկու խմբերի մասով: Սրանք հանդես են գալիս ընդդիմադիր քողի տակ: Մի խումբը հաճախորդաց բանակի «թունդ ընդդիմադիրների» սեկցիայում է տեղավորվել, իսկ մյուս խումբը՝ «կառուցողական» ու «պահանջատեր»:

2. «Թունդ ընդդիմադիրները» քննադատում են Սերժ Սարգսյանին, բայց կրկնակի ավելի եռանդով հարձակվում են նույն Սերժ Սարգսյանի համար իրական վտանգ ներկայացնող մարդկանց ու խմբերի վրա:

Սրանք նեոգեղամյաններն են և զուգահեռաբար ներքին պայքար են մղում «հարեմում» թիվ մեկ «ընդդիմադիրը» դառնալու համար: Դա է պատճառը, որ Արամ Զավենի Սարգսյանը կոկորդ է պատռում և ձգտում ժողգործիքների մեջ առաջին դհոլի դերին:

3. «Լայթս» ընդդիմադիրները, որոնց այլ կերպ կարելի է «կառուցողականներ» ու «պահանջատերեր» կոչել, ամենանողկալին են, և հանրությունը հատկապես սրանցից պետք է զգուշանա:

Սրանք արտաքուստ փորձում են քաղաքակիրթ պայքարողի իմիջի մեջ տեղավորվել, բայց իրականում Սերժ Սարգսյանի թիմակիցներն են: Այսինքն՝ եթե «թունդ ընդդիմադիրները» պատվիրատու-հաճախորդ տարբերակով են համագործակցում Բ26-ի հետ, ապա «լայթսերը» ՀՀԿ ղեկավարի բուն շրջապատն են ներկայացնում՝ երիտշրջապատը:

«Երիտներն» արտաքուստ ներկայանում են որպես արևմտամետ, քաղաքացիական ու ժողովրդական արժեքների կրողներ, եվրաասոցացման մոլի կողմնակիցներ և ընդդիմադիրներ, սակայն դե ֆակտո հանդիսանում են սուլթանատի և «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման շինարարական բրիգադի անդամներ:

«Կառուցողականներին» հեշտ է տարբերել:

Օրինակ՝ հիմա սրանք առաջարկում են հանրությանը պահանջատեր դառնալ՝ կառչելով Սերժ Սարգսյանի վերջին ելույթից:

«Սերժ Սարգսյանը շատ լավ բաներ է ասել ելույթ ունենալիս, և ուրեմն, եկեք պահանջենք, որ նա կատարի իր խոստումները»,- հանրությանն անուղղակիորեն ՀՀԿ ղեկավարի հենարան սարքելու «շուստրի» քայլին են դիմում «լայթս» ընդդիմադիրները՝ շատ լավ իմանալով, որ Սերժ Սարգսյանի համար իր իսկ խոսքն արժեք չունի, և նա բացառապես սեփական խնդիրների լուծմամբ է զբաղված:

Այդ առումով «կառուցողականները» քաղաքական դաշտի ամենակեղծ միավորն են:

Հենց մեկն ասում է, թե Սերժը լավ բան է ասում, եկեք նրան սատարենք, որ իր ասածները կատարի, ուրեմն իմացեք, որ գործ ունեք էժանագին շոումենի հետ, ով «թունդ ընդդիմադիրից» էլ վատն է, քանզի վերջինս «վիզ չի դնում» Սարգսյանի համար հենարան ստեղծելու նպատակով:

«Թունդ ընդդիմադիրի» ֆունկցիան գեղամյանություն անելն է: Իսկ ահա «լայթսը», բացի Սերժի ընդդիմախոսների դեմ պայքար մղելուց, նաև «Վերջի բոլշևիկի» մասով հանրային սպասումներ է փորձում առաջացնել: Եվ դա այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը տապալվել է թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքական ոլորտներում և ապացուցել, որ ոչ մի պետական առաքելություն չունի:

Սարգսյանը ստելը դարձրել է խաղի կանոն, խոստում տալն ու հակառակն անելը՝ նորմա, Հայաստանի թուլացման համապատկերին սեփական նեղ շրջապատի հարստացումը՝ գործունեության միակ նպատակ:

Նման մարդուց ակնկալիք ունենալը կա՛մ ազնիվքյարփինջություն է, կա՛մ աշոտյանություն:

Մի խոսքով, պետք է խուսափել կեղծիքներից ու պատրաստվել իրական փոփոխության:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը