Իշխանությունն օր օրի ավելի տեսանելի ձևով է դադարում կապ ունենալ հասարակության հետ
Դեկտեմբերի 6-ի հանրաքվեից հետո Հայաստանի ներքաղաքական, ներիշխանական, ներտեսակային հարաբերությունները լրիվ նոր որակ են ստանում: Սա նոր իրականություն է, որը սկզբում դանդաղ, ավելի ուշ` անհամեմատ ավելի արագ հասանելի է դառնալու լայն շրջանակներին:
Պետությունը, իշխանությունները, քաղաղաքական ուժերը, հասարակությունը, տնտեսությունը պետք է ադապտացվեն նոր իրականությանը: Այս ադապտացիոն փուլը բարդ ու շատ անկանխատեսելի է:
Միևնույն ժամանակ, որպեսզի այս փուլը պետությունն անցնի առանց կտրուկ ցնցումների և կորուստների, պետք է հասկանալ, թե որքան է պատրաստ այդ ադապտացիային իշխանությունը: Այն, որ ցնցումների վտանգներ կան` մի շարք պատճառներով, դժվար է չհամաձայնել: Այն, որ խոշոր ցնցումները որևէ բանական մարդու շահերի մեջ չեն մտնում, նույնպես պարզ է: Բայց նաև դժվար է ու շատ կարևոր` օբյեկտիվ գնահատել իշխանության և պետական համակարգի դիմադրողականությունն այս փուլում:
Սերժ Սարգսյանը, ըստ իս, իր վերջին հայտնի ելույթով փորձել է արձագանքել կամ կանխարգելել Հայաստանում առկա մի բացառիկ և խորքային երևույթ: Խոսքը իշխանության մարգինալացման մասին է: Սա իսկապես բացառիկ պրոցես է, որովհետև ընդունված է համարել, որ մարգինալացվում են ոչ իշխանական քաղաքական ուժերը, անհատները, հոսանքները: Բայց նոր սահմանադրության հռչակումով սկսվել է անցումային փուլ, երբ խաղի հին կանոններն աստիճանաբար սկսում են չգործել, իսկ նորերը դեռ չեն հաստատվել` անորոշ են: Հայաստանում այսօր կա վտանգ, որ իշխանությունը կսկսի մարգինալացվել` սրանից բխող բոլոր հետևանքներով:
Նշենք այն հիմնական հանգամանքները, որոնք թույլ են տալիս նման հետևություն անել. ա/ նոր սահմանադրությամբ պայմանավորված անցումային փուլ, բ/նախընտրական փուլ, գ/ տնտեսության ծանր վիճակ: Այս երեքը միասին ձևավորում են անորոշությունների և տագնապների ահռելի զանգված:
Իշխանությունն օր օրի ավելի տեսանելի ձևով է դադարում կապ ունենալ հասարակության հետ, ինչ-որ իմաստով դադարում է կապ ունենալ պետության հետ: Իհարկե, իշխանությունը ֆորմալ առումով շարունակում է իրականացնել իր գործառույթները` ձյուն մաքրել, ասֆալտ անել, զորակոչ զորահավաք անցկացնել, պարտք վերցնել, կադրային նշանակումներ անել, աշխատավարձ տալ, բայց սա ավելի շատ իներցիոն երևույթ է: Հասարակության և իշխանության օրակարգերն արդեն չափազանց տարբեր են: Իշխանությունը և հասարակությունն ապրում են և ձգտում են ապրել իրարից հնարավորինս հեռու: Ընդ որում` ցանկությունը, կարծես թե, փոխադարձ է: Այսինքն` մենք հանգում ենք մի կետի, երբ անցումային փուլով իշխանությունը մտնում է “զրո պատմական առաքելության” փուլ, կամ նվազագույնը`“անորոշ պատմական առաքելության” փուլ: Ունենալով պետական կառավարման երկարամյա փորձ` Ս. Սարգսյանը սա շատ լավ է հասկանում և, բնականաբար, փորձում է կանխել: Կա հավանականություն, որ պրոցեսները արագ կգնան, դուրս կգան վերահսկողությունից, ու մենք սահուն ադապտացիայի փոխարեն կունենանք պետական և իշխանական համակարգի ֆորսմաժորային դեզադապտացիա: Թվում է, թե իշխանությունը կարողացավ լուծել իր հիմնական խնդիրը` փոխել սահմանադրությունը: Թվում է, թե ստեղծվեց մի վիճակ, երբ այս պահին իշխանությունից դուրս ոչ ոք իշխանություն վերցնելու հայտ չի ներկայացնում: Իշխանությունը տիրապետում է բոլոր ռեսուրսներին` քաղաքական, ֆինանսական, քաղաքացիական և լրատվական: Թվում է, թե իշխանությունը կարող է հանգիստ լինել: Ու հենց այդպես է մտածում իշխանության ճնշող մեծամասնությունը:
Բայց կան իրողություններ, որոնք օբյեկտիվ են և բավական զորեղ` իրենց մեջ պարունակելով պոտենցիալ վտանգներ:
Իշխանության վերին օղակներում շատ լավ գիտեն տնտեսության իրական վիճակը և բնականաբար շատ լավ պատկերացնում են այն հսկայական վտանգները, որոնք կան տնտեսության մեջ և որոնք կարող են զանգվածային սոցիալական ընդվզումների բերել: Կյանքը և խաղի կանոնները ընթացիկ, սովորական տնտեսական դժվարությունների և տնտեսական կոլապսի պայմաններում լրիվ տարբեր բաներ են: Իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր դա շատ լավ գիտեն: Իշխանության և հասարակության վտանգավոր օտարացման պայմաններում սա կրկնակի վտանգավոր է: Ս. Սարգսյանը շատ լավ գիտի իր իշխանության` ճիշտ պահին “տակից փախնելու” որակը: Նման դեպքերում առաջին դեմքերը սեփական իշխանությունը պահելու և երկրում կայունություն և կառավարելիություն ունենալու նպատակով փորձում են գտնել նոր լուծումներ`նույնիսկ այս կամ այն չափով փոփոխելով իշխանությունը: Քաղաքական դաշտի և քաղաքական մտքի անապատացումն այս պահին չի ընձեռում գործելու լայն հնարավորություն, իսկ Ս. Սարգսյանին պետք են լուծումներ, առավել ևս` նոր սահմանադրության պայմաններում: Դաշնակցության հետ համագործակցությունը հենց այս` ինչ-որ բան փոխելու և ինչ-որ նոր համակարգ ստեղծելու տրամաբանության մեջ է: Եվ մեղադրել քաղաքական գործչին` իր շահերին միտված քայլեր անելու համար` լուրջ չէ: Այլ հարց է, որ այսօրվա Դաշնակցության՝ հանրային սուղ բազայի պայմաններում այն առավելապես լրատվական էֆեկտ ունի: Այս նոր ինստիտուցիոնալ համագործակցության կենսունակության իրական չափը կերևա այն պահին, երբ ձևավորվեն այլ համագործակցության ինստիտուցիոնալ բևեռներ:
Քաղաքական դաշտի անապատացման ֆոնին ավելի տագնապալից է դառնում լուրջ խոսքի, լուրջ մտքի, զարգացման լուրջ ծրագրերի պակասը: Մեկ անգամ ևս փաստենք, որ երկրում այս պահին չկան պետության արտաքին և ներքին մարտահրավերները քննարկելու, լուծումներ գտնելու ունակ համակարգեր: Ուղղակի նման պոտենցիալով քաղաքական բևեռ գոյություն չունի: Փոխարենը` կան անհատներ, որոնք տեսականորեն կարող են քաղաքական միտք կամ քաղաքական բևեռ ձևավորել: Այնպիսիք, որոնք կապահովեն սահուն ընթացք և քաղաքակիրթ համակեցություն: Այդպիսիք կան և՛ իշխանության մեջ, և՛ իշխանությունից դուրս: Բայց որպեսզի պետության առջև գիտակցված մտահոգությունը ստանա քաղաքական միտք, քաղաքական բանաձև ու քաղաքական լուծումներ, նույնպես ինստիտուցիոնալ լուծումներ են անհրաժեշտ: Հակառակ պարագայում դրանք կմնան կենցաղային մտորումների մակարդակին: Հայաստանում, բոլոր ծանրագույն մարտահրավերներով հանդերձ, առ այսօր չկա քաղաքական-ծրագրային այլընտրանքային բևեռներ ձևավորելու, իրար լսելու, իրար լրացնելու քաղաքական մեխանիզմը: Կա դրա կենսական պահանջը, բայց երևույթը` ոչ: Ունենալ այսքան բարդ խնդիրներ և չձևավորել դրանք լուծելու քաղաքական խողովակները՝ իսկապես պատային վիճակ է: Ընդ որում` բոլորի համար:
Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակի փոփոխոթյունը պահանջում է ժամանակ և ռեսուրս: Կա՞ն արդյոք դրանք: Կլինի՞ արդյոք տնտեսական կոլապս կամ ինչ այլ սուր մարտահրավերներ կլինե՞ն: Ես ունեմ իրական մտավախություն, որ երկրում սոցիալական լոկալ, իսկ հետագայում գուցե` զանգվածային ընդվզումները կարող են իրականություն դառնալ: Մարդիկ չեն կարողանում ապրել: Սոցիալական սրընթաց ծանրացող վիճակը և քաղաքական մտքի` նույնքան սրընթաց արժեզրկումը պետության համար ամենավտանգավոր խառնուրդն է:
Ինչ կլինի առաջիկայում` ես դժվարանում եմ ասել: Բայց մի բան ակնհայտ է` Հայաստանին պետք են սահուն քայլեր, բացառելով խոշոր ցնցումները: Բայց Հայաստանին պետք են փոփոխություններ և ոչ թե՝ դրանց իմիտացիան: Հայաստանին պետք է քաղաքական միջավայր, որտեղ կլինի միտք և որտեղ կլինեն առողջ, իսկական համագործակցություններ, կոալիցիաներ: Հայաստանին պետք է միջավայր, որտեղ հնարավոր կլինի երկիրը զարգացնելու համար աշխատել: Հայաստանին պետք է նոր, թարմ օդ: Աշխատելու գաղափարը պետք է վարակի բոլորին` քաղաքական էլիտայից մինչև ամենահեռավոր գյուղի բնակիչը` ներառելով բիզնեսը, մտավորականությունը, պետական բյուրոկրատիան, ուսանողությունը և այլն: Հայաստանի այսօրվա իրավիճակի հիմնական բնութագրիչներից մեկն այն է, որ երկիրը մեծ հաշվով չի աշխատում: Երկիրը մտել է մեծ սպասման փուլ, որտեղ չի երևում /կամ չի ներկայացվում/ հեռանկարը, տեսլականը, իրատեսական զարգացման սցենարները: Եթե այս իրավիճակը մի քիչ էլ երկարի, կբերի կոլապսի և փլուզումների: Սա շատ լավ հասկանում են թե իշխանության մեջ գտնվող որոշ մարդիկ, թե իշխանությունից դուրս գտնվող որոշները: Արդյոք սա բավարա՞ր է՝ վատագույն սցենարներ թույլ չտալու համար: Արդյոք մենք ունենք բավարար հասունություն և կամք` աշխատանքի միջոցով լուծումներ գտնելու: Հարցն առայժմ հռետորական է:

Վահե Հովհաննիսյան
ՀՀ ԱԺ պատգամավոր
«Առավոտ» օրաթերթ