Կարծիք

10.01.2011 13:22


Մի՛ վախեցեք հեղա- փոխությունից

Մի՛ վախեցեք հեղա- փոխությունից

Շատ հետաքրքիր արձագանքներ ստացավ իմ նախորդ տեքստը տաս չվախեցողների մասին, որոնց ես փնտրում էի թունել փորելու համար: Մասնավորապես հետաքրքիր էր որոշ ընթերցողների արձագանքը «թունել» բառին: Իմ համար պարզ դարձավ, որ ահագին մարդիկ «թունել» բառը կարդալով պատկերացնում են ստորգետնյա, գաղտնի կառույց, ու դրանից վախենում են: Իսկ իրականում թունելի պարտադիր հատկանիշը ոչ ստորգետնյա, ոչ էլ գաղտնի լինելն ա: Թունելը փորում են, երբ որ պետք ա լինում հաղթահարել որոշակի արգելք, որի պատճառով անհնար ա դարձած լինում կարՃ, ուղիղ ճանապարհը: Ասենք, դիմացդ լեռներ են, և դու կամ պետք ա շրջանցես դրանք ու տասնապատիկ երկարացնես ճանապարհդ, կամ էլ պետք ա թունել փորես, որ գնաս ուղիղ ճանապարհով: Եթե քաղաքական կոնտեքստ տեղափոխենք հարցը, թունել փորելը էն ա, երբ որ քո համար հստակ ճշտում ես, թե որն ա ուղիղ ճանապարհը, թե ինչն ա խանգարում քեզ գնալ էդ ճանապարհով, ու ամենակարևորը' հստակ գիտակցում ես, որ էդ խանգարիչ հանգամանքը ինքն իրան չի վերանա, իրան պետք ա վերացնել ուժով:

Ոմանց կարող ա թվալ, թե հեղափոխությունից վախեցողներին հենց էդ ա սարսափացնում' ուժի գործադրումը: Բայց եթե ուշադիր նայենք, կտեսնենք որ չէ, հասարակության պահպանողական մասը հաճախ լավ էլ կողմ ա լինում ուժի գործադրմանը, երբ որ էդ ուժը գործադրվում ա իրավիճակը պահպանելու համար, ոչ թե փոխելու: Ուրեմն վախ առաջացնողը ոչ էնքան ուժի գործադրման հեռանկարն ա, որքան արմատական փոփոխությունների հեռանկարը, որի արդյունքում կարող ա առաջանալ լրիվ նոր ու անծանոթ իրավիճակ: Ցանկացած հասարակության մեջ կան նոր ու անծանոթ իրավիճակներից վախեցող մարդիկ, ու դա բնական ա: Բայց եթե նման մարդիկ տվյալ հասարակության մեջ կազմեն որոշիչ մեծամասնություն, սա արդեն վտանգավոր ա, քանի որ երկրի զարգացումը կարող ա կանգնի: Իսկ եթե երկրում էն տեսակ վիճակ ա, որ զարգացման փոխարեն վաղուց հետընթաց ա գնում, ասենք' Հայաստանի ներկայիս վիճակի նման իրավիճակ, էդ դեպքում հիշատակածս պահպանողական մարդկանց մեծամասնություն լինելու արդյունքում հետընթացը կշարունակվի էնքան, մինչև պետությունը վերանա:

Էս տարին ամփոփելիս շատերն էին խոսում էն մասին, որ 2010 թվականի ամենակարևոր ձեռքբերումը քաղաքացիական բազմաթիվ նախաձեռնությունների հայտնվելն էր: Կան մարդիկ, որ ասում են. եթե քաղաքացիական ակտիվացման էս գործընթացը մի քանի տարի էլ շարունակվի, Հայաստանն էվոլյուցիոն ճանապարհով, առանց ցնցումների, կվերափոխվի ու կդառնա լրիվ ուրիշ երկիր: Նման լավատեսությունն ինձ թվում ա ահագին վտանգավոր: Բացատրեմ թե ինչու: Քաղաքացիական ակտիվացումը, եթե չի վերաճում քաղաքական ակտիվության, լավ էլ ձեռնտու ա Հայաստանում էսօր իշխող խմբակին, քանի որ անվնաս ա  ու հեշտ ուղղորդելի: Բոլորն էլ նկատած կլինեն, որ անցած տարվա համարյա բոլոր քաղաքացիական նախաձեռնությունները ընդգծված ձևով իրանց հեռու էին պահում քաղաքական օրակարգից: Ես կասկածամիտ մարդ չեմ ու չեմ ուզում դրանում վերեւներից եկող ուղղակի ուղղորդում տեսնել, ամենահավանականն էն ա, որ գործ ունենք ինքնաբուխ զգուշավորության հետ եւ դրա պատճառը նախաձեռնության անդամների որոշ մասին չխրտնացնելու ցանկությունն ա:  Բայց չէ՞ որ քաղաքականից հեռու մնալու էդ մտայնությունը պատահական չի, չէ՞ որ իշխող խմբակն ա ստեղծել էս իրավիճակը, որում քաղաքական գործունեությամբ զբաղվելը դարձել ա վտանգավոր, այսինքն թե' վերջին հաշվով իշխանությունները ուղղորդում են նաև քաղաքացիական նախաձեռնությունների ինքնաբուխ զգուշավորությունը: 

Հայաստանում էսօր իշխող խմբակը Սովետական Միության անճկուն վարչակարգը չի և չի վախենում ոչ քաղաքացիական նախաձեռնություններից, ոչ էլ այլախոհությունից:  Պետք լինի, էդ խմբակը ինքը կարող ա նորարար ու այլախոհ խաղա: Հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված մենք տեսել ենք դա ոնց ա լինում:  Իշխող խմբակին նույնիսկ ձեռնտու ա, որ Հայաստանում բազմակարծության ու բանավեճի որոշակի տարածքներ լինեն, դրանք լիցքաթափում են լարվածությունը և վարչակարգի համար ապահովում են որոշակի դրական իմիջ: Ու սա ամենավտանգավորն ա, որովհետև արտաքին շերտում կարծես թե ամեն ինչ դեպի լավն ա գնում, իսկ տակից պետությունը փտում ա:

Քիչ թե շատ մտածել իմացող ցանկացած մարդ հասկանում ա, թե ինչու ա հայկական պետությունը փտում: Որովհետև իշխանության ղեկի մոտ հայտնվել են ոչ ադեկվատ մարդիկ ու իրանց շուրջը բարձրացրել են պարիսպ: Ընդ որում խնդիրը, ամենամեծ, ամենահիմնական խնդիրը ոչ էնքան իշխանության ղեկին ոչ ադեկվատ մարդկանց հայտնվելն ա, որքան դրա շուրջ բարձրացված պարիսպը: Ամեն  երկրում էլ կպատահի, որ զանազան հանգամանքների բերումով իշխանության գան ոչ ադեկվատ անձեր, բայց նորմալ երկրում դա կարճ կտեւի, հաջորդ ընտրություններին սխալը կուղղվի: Իսկ Հայաստանում վաղուց արդեն անհնար են դարձել ընտրությունները, չկա քաղաքական ընտրության հնարավորություն: Մեզ իշխող խմբակը երբեք թույլ չի տա հենց էդ, երբեք ինքնակամ մեզ  չի տա քաղաքական ընտրության հնարավորություն, փոխարենը, էդ հնարավորության բացակայությունը սքողելու կամ գոնե պակաս ցավոտ դարձնելու համար, կարող ա թույլ տա և նույնիսկ խրախուսի քաղաքացիական ակտիվությունն ու բազմակարծությունը' մինչև որոշակի սահման: Իսկ սահմանը անցնում ա հենց էնտեղով, որտեղ քաղաքացիական ակտիվությունը վերաճում ա քաղաքական ակտիվության ու ձեռք ա բերում կոնկրետ նպատակակետ. ընտրում ա իշխանական խմբակի բարձրացրած պարիսպը' որպես թիրախ: 

Հայաստանում ոչ իմիտացիոն, իրական փոփոխություն անելու մենակ մեկ ձեւ կա. պետք ա քանդել իշխանության շուրջ եղած պարիսպը, այսինքն փոխել իշխանության բնույթը' պարսպապատ փակից դարձնել ընտրովի բաց: Եվ դա հնարավոր չի անել ընտրությունների միջոցով, ընտրությունները հնարավոր դարձնելու համար նախ պետք ա Հայաստանում հեղափոխություն անել: Պահպանողականը համաձայնում ա իրա գլխին նստած ցանկացած իշխանության, պարտադիր չի սիրի, մեծ մասամբ չի էլ սիրում, կարող ա հայհոյի նույնիսկ, կարող ա ձեռ առնի, բայց հանդուրժում ա: Որովհետետև «փորձված թանը անփորձ մածունից լավ ա»: Ասացվածքը էս ձևով ա ձևակերպում պահպանողականի սկզբունքը, բայց մենք հո գիտե՞նք, որ Հայաստանում այլընտրանքը թանի ու մածունի միջև չի, այլ ավելի թունդ նյութերի: Հայաստանում ընտրությունը ճահիճի մեջ մնալու կամ ազատ ճանապարհ դուրս գալու միջև ա: Բայց ազատ ճանապարհ դուրս գալու համար պետք ա նախ էդ ճանապարհը սարքել:

Մարդիկ, որոնք կարող են նոր ճանապարհ սարքել, Հայաստանում քիչ են: Բայց պարսպի էն կողմում հավաքված խմբակը հաստատ ավելի փոքրաթիվ ա, անհամեմատ ավելի փոքրաթիվ: Փոխարենը' ձեռքին ունի ուժ: Ուրեմն ուժին պետք ա ուժ հակադրել: Եվ անպայման' նոր տեսակի ուժ, էն տեսակի ուժ, որից խմբակը չունի ու չի կարող ունենալ: Բայց նույնիսկ էս չի հարցերի հարցը, էս չի ամենադժվարը: Ամենադժվարը նրան հասնելն ա, որ հայաստանցիների մեծամասնությունը, վաղը երկու ուժերի մեջ ընտրություն կատարելիս, բռնի ոչ թե էն ուժի կողմը, որ պահում ա եղած վիճակը, այլ էն ուժի կողմը, որ բերում ա փոփություններ: Ամենադժվարն էն ա, որ Հայաստանում քչանան, կտրուկ քչանան պահպանողականները: Էդ դեպքում հեղափոխությունը կարիք չի ունենա դիմելու բռնության:

Հավատացեք, էս ա ամենագլխավորը:  Եթե դուք չվախենաք հեղափոխությունից, հեղափոխությունը կարիք չի ունենա դիմելու բռնության:

Մարինե Պետրոսյան

Այս խորագրի վերջին նյութերը