Մեկնաբանություն

04.03.2016 00:50


Միլիոնատերը՝ նախագահականից

Միլիոնատերը՝ նախագահականից

Սերժ Սարգսյանը, հանդիպելով հարկահավաքների հետ, պատահական չի համարել այն, որ հենց ինքն է ներկայացնում ՊԵԿ-ի նոր ղեկավարին:

Եվ իրոք պատահական չէ: Առանաձնահատուկ ֆոկուսնիկական հմտությունների տիրապետող կադրերն այսօր շատ չեն, և եթե այդպիսիք գտնվում են, ապա միայն Սարգսյանը պետք է նրանց ներկայացնի:

Իսկ այն մասին, որ ՊԵԿ նոր ղեկավարն առանձնահատուկ հմտությունների տեր է, երկրորդ կարծիք լինել չի կարող: Համենայնդեպս, հնարավոր չէ այդպիսի եզրակացության չգալ՝ ծանոթանալով նրա կենսագրությանն ու եկամուտների հայտարարագրին:

Դատե՛ք ինքներդ: Հովսեփյանի կենսագրական տվյալներից երևում է, որ նա իր գիտակցական կյանքում միայն սովորել է ու աշխատել պետական կառավարման համակարգում (հիմնականում՝ նախագահականում): Սովորելուն ու աշխատելուն զուգահեռ՝ նա կարողացել է դառնալ միլիոնատեր: Դոլարով:

Նրա հայտարարագրից պարզ է դառնում, որ ներկայացուցչական դասի թանկ մեքենաների սիրահար է (Սերժ Սարգսյան-Հրանտ Մարգարյան համագործակցության հուշագրում նշված էր, չէ՞, որ առաջ են քաշվելու երիտասարդ ու բանիմաց կադրերը. խնդրե՛մ):

Հովսեփյանը նաև սիրում է լավ նվերներ ստանալ: Օրինակ՝ տարիներ առաջ նրան 250 հազար դոլարի նվիրատվություն է բաժին հասել: Մեկ այլ տարի՝ ավելի շատ:

Հիմա, ըստ պաշտոնական հայտարարագրերի, ստացվում է, որ նորանշանակ ՊԵԿ-ը Սերժ Սարգսյանից հարուստ է, բայց ցանկացել է աշխատել նրա ենթակայության տակ: Սակայն դա չէ տվյալ դեպքում էականը: Մանավանդ որ իրական ունեցվածքով Հովսեփյանը դեռ շատ պետք է «ուսանողություն անի» ու «պետական ոլորտում աշխատի», որ հասնի ամբողջ կյանքում պետական կառույցներում քրտնաջան աշխատած Սերժ Սարգսյանի ունեցածին: Ինչևէ:

Ըստ ամենայնի՝ Հովհաննես Հովսեփյանը շատ դրական ազդեցություն է ունենալու բյուջետային մուտքերի վրա, քանզի տիրապետում է այնպիսի «ֆինտերի», որոնք կարող են նպաստել պետական գանձարանի բարգավաճմանը, ծլարձակմանը և բազմացմանը:

Եթե Հովսեփյանը կարողանա պետական բյուջեի հետ անել այն, ինչ արել է սեփական բյուջետային մուտքերի հետ, և եթե նա կարողանա մի ձև գտնել, որ մեր երկրում բոլորն առանց մեծ ջանք թափելու, ձեռքի հետ ու հընթացս հաջողացնեն միլիոններ դիզել, ապա Սերժ Սարգսյանի «փետրվարյան թեզիսները» կյանքի կկոչվեն, և Հայաստանն իրոք կդառնա ապահով:

Սամվել Խաչագողյան

Հ.Գ.: Նորանշանակ ՊԵԿ-ի կենսագրության մեջ նշված է, որ նա դասավանդել է ՀՀ Կառավարման ակադեմիայում:

Հետաքրքիր է՝ Հովսեփյանն ապագա չինովնիկներին սովորեցրե՞լ է, թե ինչպես պետք է ուսանող և պետծառայող լինելու ընթացքում հաջողացնել ցածր աշխատավարձի պայմաններում միլիոնատեր դառնալ: Դոլարով միլիոնատեր:

Այս խորագրի վերջին նյութերը