Քաղաքական

10.10.2010 14:32


Հայ-թուրքական արձանագրությունների տարելիցը

Հայ-թուրքական արձանագրությունների տարելիցը

Մեկ տարի առաջ այս օրը Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները։ Բուն ստորագրման արարողությունից առաջ բավական ինտենսիվ բանակցություններ ընթացան, որպեսզի միջոցառումը չտապալվի։ Արդյունքում՝ արձանագրությունները ստորագրելուց անմիջապես հետո կողմերը որևէ հայտարարությամբ հանդես չեկան, ինչպես որ նախատեսված էր, այլ սահմանափակվեցին միմյանց ու միջնորդներին շնորհավորելով։

Համաձայն այդ արձանագրությունների՝ փաստաթղթերը պետք է վավերացման ներկայացվեին Հայաստանի ու Թուրքիայի խորհրդարաններին և նոր միայն մտնեին ուժի մեջ։ Այժմ վավերացման գործընթացը փաստացի կասեցված է։

Հիշեցնենք, որ ՀՀ իշխանությունները բազմիցս հայտարարել էին, որ նախաձեռնելով «ֆուտբոլային» դիվանագիտություն՝ նպատակ են հետապնդում բացել հայ-թուրքական սահմանը և Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ, սակայն այդ երկու խնդիրներն էլ չկարողացան լուծել։

ՀՀ իշխանությունները հայտարարել էին նաև, որ եթե Թուրքիան ողջամիտ ժամկետում չվավերացնի արձանագրությունները, ապա իրենք դուրս կգան գործընթացից։ Ողջամիտ ժամկետ էր դիտարկվում մինչև 2010-ի ապրիլի 24-ն ընկած ժամանակահատվածը, սակայն Թուրքիան շարունակեց խոսել նախապայմանների լեզվով, իսկ պաշտոնական Երևանն ի պատասխան այդ ամենի ոչ թե դուրս եկավ գործընթացից, ինչպես որ ասում էին, այլ ընդամենը բավարարվեց արձանագրությունների վավերացման ընթացքի կասեցմամբ։

Արփի Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը