Քաղաքական

01.03.2016 18:35


6 կուսակցությունների համատեղ հայտարարությունը

6 կուսակցությունների համատեղ հայտարարությունը

2008թ.-ի մարտի 1-ին իշխանության կողմից խաղաղ ցուցարարների գնդակոծումը, որին զոհ գնացին առնվազն տասը անձ, հրազենային վիրավորում ստացածների թիվը հասավ շուրջ հիսունի եւ ավելի քան հարյուր հոգի ենթարկվեցին բանտարկության ու ապօրինի քաղաքական դատավճիռների, աննախադեպ էին հայ ժողովրդի պատմության մեջ: Դեպքերից ութ տարի անց էլ, չնայած Հայաստանի հասարակության և միջազգային կազմակերպությունների հետևողական պահանջներին, որևէ մեկը չի կրել պատասխանատվություն և չի պատժվել այդ ոճրագործության համար:

Այդ կապակցությամբ հայտարարում ենք.

  1. Համոզված լինելով, որ հանցագործության պարտակումը անխուսափելիորեն հանգեցնում է դրա կրկնությանը, մենք հետեւողականորեն տանելու ենք մեր Դատը, որպեսզի Մարտի 1-ի ոճրագործության բոլոր հրաման տվողները, կազմակերպիչներն ու կատարողները պատասխան տան Հայաստանի Հանրապետության արդարադատության առջեւ: Այդ նպատակով օգտագործելու ենք պայքարի բոլոր օրինական միջոցները, ներառյալ՝ զանգվածային հանրային միջոցառումները, խորհրդարանում հարցի բարձրացումը, միջազգային կառույցներում և դատական ատյաններում խնդրի արծարծումը:
  1. Մարտի 1-ի հանցագործությունների պարտակումը պարարտ հող ստեղծեց պետական բռնաճնշումների և ահաբեկչության ծավալման համար: 2008թ.-ից մինչ օրս գրեթե չի եղել մի ժամանակահատված, երբ Հայաստանն ապրեր առանց քաղբանտարկյալների: Դրա ցայտուն դրսևորումն է «Նոր Հայաստան հանրային փրկության ճակատ»-ի ներկայացուցիչ Գևորգ Սաֆարյանի հետ կատարվածը: Հայաստանում պետք է բացառվի քաղաքական հայացքների համար մարդուն դատապարտելու կամ հալածելու երևույթը: Հանրահավաքի անունից պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Գևորգ Սաֆարյանին և մյուս բոլոր քաղբանտարկյալներին:
  1. Մարտի 1-ի ոճրագործությունն առաջին հերթին հետեւանք է Հայաստանում իշխանությունը յուրացրած բռնապետական ռեժիմի կողմից ընտրությունների կեղծմամբ ժողովրդի կամարտահայտությունն անտեսելու եւ այդ կեղծիքի դեմ ելնող ժողովրդի խաղաղ ցույցերը ուժի անօրինական գործադրմամբ ճնշելու: Ոստիկանական ուժի զանգվածային ներգրավման ու դրա կիրառման սպառնալիքի և համակարգված ընտրախախտումների ու բռնությունների միջոցով 2015 թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքների կեղծումը, ինչպես նաև կեղծարարության դեմ բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ հետագա բռնությունները ևս մեկ անգամ հաստատեցին, որ ռեժիմը շարունակում է Մարտի 1-ի տրամաբանության զարգացմամբ մերժել ժողովրդի քվեն և յուրացնել իշխանությունը:

Մարտիմեկյան ոճրագործության կրկնությունը հնարավոր է բացառել և բռնապետության դեմ պայքարը հաջողել միայն ռեժիմի հեռացմանն ուղղված` սահմանադրականության և օրինականության շրջանակներում ժողովրդական լայն դիմադրության ձևավորմամբ, որը կապահովի ընտրակեղծարարության մեքենայի կազմաքանդումը, օրինական ընտրությունների անցկացումը և օրինակարգ իշխանության ձևավորումը»:

  1. ՈՒթ տարի շարունակ մարտի 1-ը համաժողովրդական ընդգրկմամբ նշվում է որպես 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր: Մենք սատարում ենք ժողովրդի կողմից արդեն իսկ նշվող այդ օրը պետական հիշատակի օրերի մեջ ներառելու վերաբերյալ Հայ Ազգային Կոնգրես խորհրդարանական խմբակցության նախաձեռնությանը:

Հայ Ազգային Կոնգրես,

Հայաստանի ժողովրդական կուսակցություն,

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատ։

Հայտարարությանը միացել են նաև

Ազգային ինքնորոշում միավորումը,

«Հայաստան» ժողովրդական նախաձեռնությունը,

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Այս խորագրի վերջին նյութերը