Լրահոս

30.11.2009 14:37


ՀՀԿ հաջորդ համագումարում Լևոն Տեր–Պետրոսյանն է՞լ է որպես հաճախորդ մասնակցելու

ՀՀԿ հաջորդ համագումարում Լևոն Տեր–Պետրոսյանն է՞լ է որպես հաճախորդ մասնակցելու

Անդրադառնալով ՀՀԿ 12-րդ համագումարում ներկա մի շարք «արմատական» ընդդիմադիրների մասնակցությանը՝ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն «Իրավունք դե ֆակտո» ակումբում վստահեցրել է, որ ՀՀԿ հաջորդ համագումարում այլ «հաճախորդներ» էլ կլինեն.

-Եթե ոչինչ չփոխեցինք, հաջորդ համագումարին արմատականներից մի քանիսն էլ են այնտեղ հաճախորդ լինելու։

Թե կոնկրետ ովքե՞ր կլինեն այդ հաճախորդները, Ա. Կարապետյանը հրաժարվել է նշել՝ պատճառաբանելով, որ հետո իրենից նեղանում են։ Ինչպես նաև ավելացրել է, որ չգիտի՝ որպես հաճախորդ Լևոն Տեր-Պետրոսյանը կգնա՞ ՀՀԿ հաջորդ համագումարին, թե՞ ոչ։

-Անձնապես իմ կարծիքն է, որ եթե այսքանից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը պիտի գնա, դառնա Սերժ Սարգսյանի համագումարի հաճախորդ, ուրեմն միանշանակ Հայաստանում մի բան այնպես չի։ Ես նման կանխազգացում չունեմ,- նշել է Ա. Կարապետյանը։

Այդուհանդերձ, նա նաև ավելացրել է, որ պահ է գալիս, երբ մարդը հոգնում է արմատական ընդդիմադիր լինելուց, եթե ի սրտե այդպիսին չէ։

Իսկ ստեղծված փակուղային վիճակը, լճացումը և այն իրավիճակը, երբ խիստ ընդդիմադիրները դառնում են խիստ իշխանական և հակառակը, ըստ ՆԺԿ նախագահի, կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ համաժողովրդական նոր ալիք չի առաջանա։

-Կարծում եմ՝ եթե այս անգամ հաջողվեց ճիշտ ժամանակին ճիշտ կիզակետում, ճիշտ քաղաքական պրոցեսի հետ կապված, ամենակարևորը՝ ճիշտ առաջնորդներով  առաջ տանել, ուրեմն թող Սերժ Սարգսյանը ոչ մի բան էլ չմտածի մոդեռնիզացնել. այդ ալիքն ամեն ինչ կմոռեդնիզացնի Հայաստանում։ Ճիշտ առաջնորդ ասելով՝ ես նկատի ունեմ չվախեցող, անվարան, սկզբունքային և հասարակության մեջ այս բոլոր գծերով ընկալվողին,- նշել է Ա. Կարապետյանը՝ ավելացնելով, որ այդ նոր առաջնորդը Հայաստանի քաղաքական դաշտում եղած մարդկանց շարքերից դուրս կգա, իսկ համաժողովրդական նոր ալիքի նախաձեռնությունը բոլոր կուսակցությունների նորմալ մարդկանց համախմբումը կլինի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը