Կարծիք

30.11.2009 14:15


Ազգային շահը, «երրորդ ուժն» ու վրացական լոբբին

Ազգային շահը, «երրորդ ուժն» ու վրացական լոբբին

Վերջերս Հայաստանի մամուլում տարածվեց Լոռու մարզի ու Հյուսիսային Լոռու մի շարք հասարակական-քաղաքական կազմակերպությունների հայտարարությունը, որում Հայաստանի և Վրաստանի իշխանություններից պահանջվում էր։

1. Իսկույն դադարեցնել Հարավային և Հյուսիսային Լոռու միջև անօրինական ճանապարհով սովետների կողմից ժամանակին պարտադրված սահմանի վերագծման աշխատանքները։

2. Վրաստանի հետ որպես իրական պետական սահման դիտարկել պատմականորեն սահման համարվող ու ժողովրդագրորեն առկա Հայաստան-Վրաստան բնական սահմանը (որն անցնում է բացառապես Խրամ գետի երկայնքով)՝ հիմնվելով 1920 թ. Փարիզի վեհաժողովում ամրագրված իրավական հիմքերի վրա։

3. Դադարեցնել սահմանային խստացումներն ու ամրապնդումը Հյուսիսային Լոռու «սահմանամերձ» համարվող գյուղերի երկայնքով։ Հաշվի առնել սահմանի ճշգրտման ու խստացման պատճառով ստեղծված տեղի հայ ազգաբնակչության սոցիալ-տնտեսական ծանր ու կործանարար վիճակը։

4. Ուշադրության կենտրոնում պահել Հյուսիսային Լոռու հայ ազգաբնակչության հանդեպ մարդու իրավունքների (հատկապես ազգային պատկանելությունից բխող) խախտման բազմաթիվ փաստերը, հետևողական աշխատանք տանել պատմական ու իրավական արդարության վերականգնման ուղղությամբ:

Հետաքրքրական է այն փաստը, որ Հայաստանի մի շարք լրատվամիջոցներ, ինչպիսիք են, օրինակ, Lragir.am էլեկտրոնային կայքը կամ «Ժամանակ Երևան» թերթը, քաղաքական և սոցիալական ծանր իրավիճակում հայտնված մեր հայրենակիցների այս պարզ պատճառներն ընկալել են իբրև երրորդ ուժի «սև գործի» հետևանք. «Հայաստանի և Վրաստանի իշխանություններին, թերևս, ժամանակն է լրջորեն անդրադառնալ Հայաստան-Վրաստան հարաբերությանը: Այլապես, ինչպես ցույց են տալիս վերջին շրջանի իրադարձություններն ու հասարակության մեջ սերմանվող տրամադրությունները (ինչպես, օրինակ, այս հայտարարությունը), ինչ-որ երրորդ ուժեր խիստ շահագրգիռ են հայ-վրացական հարաբերության նվազագույնը վատթարացմամբ, եթե ոչ առավել ծանր հետևանքներով», - Հյուսիսային Լոռու հայերի պահանջն այսպես է մեկնաբանել Lragir.am կայքի խմբագրությունը:

Իսկ «Ժամանակ» թերթում այս հարցի կապակցությամբ իր մտորումներն արտահայտած ոմն Արթուր Խեմչյանը, որն ակնհայտորեն անհուն սիրով է լցված Վրաստանի հանդեպ, Հայաստանում արտահայտվող հակավրացական բոլոր մտքերը կապում է «մեկ կենտրոնի»հետ. «Ուղղակի ծիծաղելի է Թբիլիսիում հայկական եկեղեցու փլվելը համարել այն պատճառը, որը հիմք է տալիս տարածքային պահանջներ ներկայացնել Վրաստանին կամ հակավրացական կոչեր հնչեցնել», - իր հոդվածում գրում է Խեմչյանը: Իսկ «երրորդ ուժի» առկայության մասին իր թեզն ապացուցելու համար հոդվածագիրը դիմել է նույնիսկ Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, քաղաքագետ Սոսո Ցինցաձեին: Վերջինիս «օբյեկտիվության» մասին պատկերացում կազմելու համար մեր ընթերցողներին խորհուրդ ենք տալիս ծանոթանալ ադրբեջանական մամուլին տրված Ցինցաձեի հարցազրույցներին ու մեկնաբանություններին:

 Հատկանշական է, որ Արթուր Խեմչյանի, մեղմ ասած, ոչ այդքան հաջողված մտազեղումները փորձել է հարթել նույն թերթին թղթակցող Վարդան Օնանյանը: «Դարձյալ հայ-վրացական հարաբերությունների մասին» հոդվածում վերջինս հանգել է միանգամայն ճշմարիտ եզրակացության. «Հայաստանի անկախության գրավականը Վրաստանի անկախությունն է կամ հակառակը»: Վերլուծելով պատմական անցյալը' հոդվածագիրը եկել է այն եզրակացության, որ Հարավային Կովկասը նվաճելու համար հարևան տերությունները սկզբից հրահրում են ներկովկասյան պատերազմներ: Ուստի, ելնելով այդ իրողությունից, Օնանյանը զգուշանում է հայ-վրացական հարաբերություններում լարվածության առաջացումից: Սակայն նշանակո՞ւմ է դա արդյոք, որ վրացիներին կարելի է ներել հայ ժողովրդի դեմ ցանկացած ոտնձգություն:

Խորհրդային միության փլուզումից հետո Հայաստանն ու Վրաստանը հայտնվել են բարիկադների տարբեր կողմերում: Պաշտոնական Թբիլիսին գործուն աջակցություն է ցուցաբերել Հայաստանը շրջափակող թուրք-ադրբեջանական քաղաքական և տնտեսական բոլոր նախագծերին: Վրաստանի իշխանություններն իրականացնում են հայատյաց քաղաքականություն Սամցխե-Ջավախքում: Նրանք հավակնում են մեր հոգևոր-մշակութային արժեքներին ինչպես Վրաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ Արևմտյան Հայաստանի և նույնիսկ Հայաստանի Հանրապետության: Վրացիներն արգելում են Հայաստանի տնտեսության ազատ զարգացումը, ձերբակալում Ջավախքի հայ ակտիվիստներին և այլ, և այլն: Հայ ժողովրդի դեմ ուղղված Վրաստանի հանցավոր քաղաքականության մասին կարելի է գրքեր գրել: Նյութն ավելի քան բավական է: Սակայն Հայաստանի որոշ լրատվամիջոցներ և լրագրողներ այդ ամենը չեն նկատում, չեն տեսնում: Փոխարենը նրանք տեսնում են «երրորդ ուժի» շահագրգռվածությունը հայ-վրացական հարաբերությունների փչացման մեջ:

Իհարկե, կա նաև «երրորդ ուժի»' Ռուսաստանի գործոնը: Եվ դա բնական է: Պաշտոնական Մոսկվան տարածաշրջանում հետամուտ է լինում իր շահերին ու թքած ունի թե՛ հայերի և թե՛ վրացիների վրա: Եվ ուրեմն հայերը նույնպես պետք է թքած ունենան Ռուսաստանի վրա: Մենք պարտավոր ենք տարածաշրջանում լուծել մեր խնդիրները: Իսկ եթե Մոսկվան փորձի միջամտել, ուրեմն անհրաժեշտ է հեռու պահել նրան ազգային առաջնահերթություններից ու շահերից: Սակայն այս պարզ գիտակցությունը, ցավոք, դեռևս հասու չէ մեր լրատվական դաշտի մեծ մասին: Մեղադրելով սեփական շահերը հետապնդող հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներին «երրորդ ուժերի» շահերը սպասարկելու մեջ' հայ լրագրողները թերևս չեն էլ գիտակցում, որ նույն հաջողությամբ նրանց կարելի է մեղադրել Վրաստանի շահերը Հայաստանում սպասարկելու մեջ: Չէ՞ որ նման ճանապարհով նրանք պարզապես վերածվում են մեր երկրում Վրաստանի լոբբինգի ներկայացուցիչների: Լոբբինգ, որի արտահայտած ամեն մի բառ խիստ համահունչ է Միխայիլ Սահակաշվիլու հիստերիկ ելույթներին, լոբբինգ, որը զրկված է ինքնուրույն մտածելու և վերլուծելու կարողությունից:

Հրանտ Մելիք-Շահնազարյան, «Միտք» վերլուծական կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը