Մեկնաբանություն

28.11.2009 21:39


Հանրապետական կուսակցության նորելուկները չհանձնեցին «զաչոտը»

Հանրապետական կուսակցության նորելուկները չհանձնեցին «զաչոտը»

Ինչպես հայտնի է, վերջերս Հայաստանի հանրապետական կուսակցությունը «հանկարծակի» ու կոլեկտիվ հայտերով համալրեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, պետական կառավարման համակարգի մի շարք անդամներ և այլոք։

Նոյեմբերի 28-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած ՀՀԿ 12-րդ համագումարին, որպես Հանրապետական կուսակցության անդամ, առաջին անգամ մասնակցում էին նաև նրանք, ովքեր իրենց հանրապետականանալը բացատրում էին այդ կուսակցության գաղափարախոսությունը հոգեհարազատ համարելով։ Փորձելով պարզել, թե իրականում նրանց որքանո՞վ է հոգեհարազատ նժդեհյան գաղափարախոսությունը (որ ՀՀԿ անդամ դառնալու այդքան բուռն ցանկություն էր առաջացրել)՝ հետաքրքրվեցինք՝ գիտե՞ն, թե Գարեգին Նժդեհի իրական անուն, ազգանունն ինչ է։ Պատկերն ավելի քան տխուր էր, եթե ոչ զավեշտալի։

Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը թեև պնդեց, որ գիտի, այդուհանդերձ, այդպես էլ չպատասխանեց՝ ընդդիմանալով.

-Քննությո՞ւն եք վերցնում։ Ծանոթ եմ, կարդացել եմ, ուսումնասիրել եմ երկար ժամանակ,- ասաց էկոնոմիկայի նախարարը։

-Այսինքն, գիտե՞ք, թե Գարեգին Նժդեհի իրական ազգանունն ինչ է։

-Գիտեմ, բայց քննությո՞ւն եք ուզում վերցնել։

-Եթե գիտեք, ասե՛ք։

-Գիտեմ։

-Կասե՞ք։

-Չէ,-պատասխանեց Ն. Երիցյանը և շտապեց հեռանալ։

Իր կուսակցության գաղափարական հոր կենսագրական տվյալների մասին իմացության չափը փորձեցինք ճշտել նաև մեկ այլ նորաթուխ հանրապետական, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանից։ Սակայն նա նախ պատճառաբանեց, թե վերարկուն պետք է հանդերձարան հանձնի, այնուհետև փորձեց մեկ այլ կողմից «ճողոպրել»։ Իսկ երբ դա նրան, այդուհանդերձ, չհաջողվեց, պնդեց, որ այսօր խոսել չի ցանկանում.

-Շատ ներողություն, բայց էսօր լավ, տոնական օր է։ Չի լինի՝ էսօր գործնական հարցերը մի կողմ դնենք,- ընդդիմացավ Դ. Սարգսյանը։

Հանրապետականին նոր անդամագրված կուսակցականներին այս հարցում օգնելու համար դիմեցինք նրանց «ավագ» կուսակից ընկերներին։ Բայց պարզվեց, որ այստեղ էլ պատկերը նույնն էր։ Մասնավորապես Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն անկեղծորեն խոստովանեց.

-Ճիշտն ասած՝ հիմա պատրաստ չեմ քեզ պատասխանելու,- միաժամանակ ավելացնելով,- նրան որպես Նժդեհ գիտեն։

Սյունիքի ՀՀԿ-ական մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էլ (Լիսկա) թեև անգամ մեր հարցը լսել չցանկացավ, բայց ասաց, որ Հանրապետական կուսակցությունն ու նժդեհյան գաղափարախոսությունը տարբեր բաներ են, և է՛լ ավելի հեռուն գնալով՝ ավելացրեց.

-Մեկը մյուսին հակասում է։ Ցեղակրոնությունը մեկ ուրիշ բան է։ Նժդեհը դաստիարակվել և իր գիտակցական կյանքում ապրել է որպես դաշնակցական, իսկ ցեղակրոնությունը միջնադարից եկող ուրիշ գաղափարախոսություն է։ Այսօր հանրապետականն ավելի շատ միջնադարից եկող ցեղակրոն գաղափարախոսության կրողն է,- պատմական էքսկուրս կատարեց Ս. Խաչատրյանը։

Երբ մոտեցանք ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանին (Շմայս), նա հայտարարեց՝ «տեղում չեմ», և առաջարակեց մյուս հանրապետականներին հարցնել։ Իսկ երբ ասացինք, որ այդքան հանրապետականներից հենց իրեն ենք փնտրել, առաջարկեց՝ ինձ ուրիշ տեղ փնտրեք, էստեղ ինչո՞ւ եք փնտրում։

«Օգնության» դիմեցինք ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին՝ հետաքրքրվելով, թե ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ նորելուկ և հնաբնակ հանրապետականների մի մասն անգամ չգիտի էլ, թե Գարեգին Նժդեհի իրական անունն ինչ է, էլ չենք խոսում նրա գաղափարախոսության մասին։

-Ես չեմ կարծում, որ ձեր ասածն իսկությանը համապատասխանում է։ Առնվազն անուն, ազգանունը գիտեն։ Ես չեմ հանդիպել գեթ մեկ բարձրաստիճան հանրապետականի, որը չճանաչի Գարեգին Նժդեհին և ծանոթ չլինի, գոնե ընդհանուր գծերի մեջ, այն գաղափարներին, որ ունի Հանրապետական կուսակցությունը, իսկ այդ գաղափարները հիմնականում բխում են Գարեգին Նժդեհի ցեղակրոն և տարոնական ասպեկտներից,- զարմացավ և միաժամանակ պնդեց Կրթության և գիտության նախարարը։

Սակայն երբ Գ. Նժդեհի անվան մասին հարցադրումով մոտեցանք Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանին, Արմեն Աշոտյանը, հեռվից նկատելով դա, շտապեց մոտենալ և անձամբ ականատես եղավ հետևյալ խոսակցությանը.

-Պարո՛ն Դավթյան, գիտե՞ք Գարեգին Նժդեհի իրական անունը։

-(ծիծաղում է) Պարոն Աշոտյանին դիմեք։

-Պարոն Աշոտյանը Ձեզ չի օգնի։ Դուք գիտե՞ք։

-Հը՞։

-Ի՞նչ է Նժդեհի անուն, ազգանունը (այդ ընթացքում օգնություն հայցող հայացքով Դավթյանը նայում է Արմեն Աշոտյանին-Ա. Մ.)։ Չասե՛ք, պարոն Աշոտյան: Գիտե՞ք, թե՞ չգիտեք:

-Երևի չէ: Գարեգին Նժդեհ,- Արմեն Աշոտյանից օգնություն չստանալուց հիասթափված, հարցից խուսափելով և արդեն ֆոյեի մեջտեղը հասնելով ՝ իր գիտելիքներն ու գաղափարախոսության նվիրվածությունը  ներկայացրեց Տիգրան Դավթյանը։

Արդեն անձամբ համոզվելով, որ Հանրապետական կուսակցությունում, այդուհանդերձ, կա՛ն բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր իրոք չգիտեն ՀՀԿ-ի գաղափարական առաջնորդի կենսագրական տվյալները՝ մեզ կրկին մոտեցավ Կրթության և գիտության նախարարը և լրացուցիչ հայտարարեց.

-Երբ որ ներկայի մեջ տեղի է ունենում ինչ-որ իրադարձություն, և մարդիկ պետք է փորձեն այդ իրադարձության մեջ գտնվելով, գնալով դեպի ապագա՝ ուսումնասիրեն, իհարկե, նաև անցյալը։ Իմ գործընկերներից ոմանք, որոնց մասին դուք խոսեցիք, նոր են մուտք գործել կուսակցություն, և ես ձեզ վստահեցնում եմ, որ այսօրվա պահից նրանք և՛ ապագայի համար են աշխատելու, նաև կուսակցական գործունեության ու գաղափարաբանության շրջանակում, և՛ ուսումնասիրելու են անցյալը։ Եվ այդ կամուրջը լինելու է, միանշանա՛կ։

-Դուք նրանց կհուշե՞ք, թե ինչ է Նժդեհի իրական անունը,- հարցրեցինք Ա. Աշոտյանին։

-Հուշել չեմ կարող, որովհետև որպես Կրթության և գիտության նախարար հուշարարությունը խրախուսել չեմ կարող, բայց օգնել կարող եմ,- խոստացավ Ա. Աշոտյանը։

Ի դեպ, պատահականություն էր, թե ոչ, բայց ՀՀԿ 12-րդ համագումարի ժամանակ Արմեն Աշոտյանը, Տիգրան Դավթյանը և Ներսես Երիցյանը կողք կողքի էին նստած, և այդ պահից սկսած Կրթության և գիտության նախարարն արդեն իսկ հնարավորություն ուներ առանց հուշելու օգնել նրանց՝ իրենց նախընտրած կուսակցության գաղափարական առաջնորդի անձնական տվյալների մասին  տարրական գիտելիքներ հաղորդելով։

Իսկ մինչ Արմեն Աշոտյանը զորավիգ կլինի իր ընկերներին, մենք էլ մեր կողմից փորձենք օգտակար լինել և բոլոր այն հանրապետականներին, ովքեր չգիտեն, տեղեկացնենք, որ Գարեգին Նժդեհի իրական անուն, ազգանունը  Գարեգին  Տեր-Հարությունյան է։

Արեգնազ Մանուկյան

Հ.Գ.։ Հանրապետական կուսակցության նորելուկները ոչ միայն Նժդեհի կենսագրական տվյալների մասին տեղեկություններ չունեին, այլ նաև Հանրապետական կուսակցության կրծքանշանը չունեին։ «Չեն տվել»,- խոստովանեց Ներսես Երիցյանը։ Մյուս հանրապետականներից կրծքին ՀՀԿ-ի նշանը չունենալով՝ տարբերվում էր նաև Տիգրան Դավթյանը, իսկ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կուսակցական նշանի փոխարեն կրծքին փոքրիկ խաչ էր ամրացրել։ Երբ հետաքրքրվեցինք, թե ո՞րն է պատճառը, աստվածավախ քաղաքապետը պատասխանեց.

-Ես մշտական խաչ եմ կրում իմ դոշին, որովհետև ես հավատացյալ մարդ եմ, և խաչը թող  պահապա՛ն լինի Հանրապետական կուսակցությանը և հայոց ազգին։

Այս խորագրի վերջին նյութերը