Մեկնաբանություն

22.02.2016 16:00


Ո՞վ է «նախիր» համարում լրագրողներին

Ո՞վ է «նախիր» համարում լրագրողներին

Այն, որ լրագրողները, որոնց մեջ են նաև «Գեբելսյան» քարոզչամեքենային մաս կազմողները, բողոքում են ԱԺ պատգամավոր, ՀՀԿ գաղափարական թևի ներկայացուցիչ և Սերժ Սարգսյանի համար բազմիցս տոկոս «խփած» Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի դեմ, լավ է։

Բայց վատ է, որ նույն այդ լրագրողները և հատկապես նախագահական նստավայրին կից «Գեբելսյան» քարոզչամեքենային մաս կազմողները բողոքի խոսք չեն հնչեցնում իրենց ոչ թե «նախիր» անվանած, այլ նախիրի տեղ դրած մարդու՝ «Վերջի բոլշևիկի» ուղղությամբ։

Ասել է թե՝ պայքարողները հետևողական չեն և ընկել են «սլաքավարների» հետևից։ Մինչդեռ, ինչպես «դասականն» էր նշում, պետք է գլխից բռնել։

Իսկ «գլուխն» այդ գտնվում է Բաղրամյան 26–ում։ Հենց այնտեղից են կերակրվում «նախիրի» վերածված այն լրագրողները, որոնց մանրամեծածախ գներով սեփականաշնորհել են ու ոչխարի պես արածացնում են լրատվական դաշտում։

«Գեբելսյան» քարոզչամեքենայի թիրախում են հայտնվել Սերժ Սարգսյանի թիմակիցները, որոնք հիմա չեն հասկանում, թե ինչու են իրենց «նախիրից» հարձակվում իրենց վրա։

Թոխմախիմհերները գիտեն, որ լրագրողների ճնշող մեծամասնությանը Սերժ Սարգսյանն ու իր փեսան «երկխոսացրել են», բայց այդպես էլ չեն հասկացել, որ այդ «երկխոսացվածները» ոչ միայն իշխանության իրական ընդդիմախոսների, այլ նաև «թիմակիցների» դեմ օգտագործելու համար են։

Ամփոփենք. «Գեբելսյան» քարոզչամեքենայի մաս կազմող լրագրողները «նախիրի» մասով հաշիվ պետք է պահանջեն ոչ միայն ու ոչ այնքան Մհեր Սեդրակյանից, որքան Սերժ Սարգսյանից, քանզի եթե Թոխմախը նրանց նախիր է անվանում, ապա Սերժը նրանց նախիրի տեղ դրած օգտագործում է։ Թերևս Մհերը գիտի այդ մասին ու դրա համար էլ պոռթկացել է։ Ապացուցե՛ք, որ դա այդպես չէ։

Սպասում ենք Բ26–ում իրականացվող ակցիային։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը