Մեկնաբանություն

20.02.2016 22:17


Բա իմացա՞ք, թե ինչու է մարզերում վիճակը վատ

Բա իմացա՞ք, թե ինչու է մարզերում վիճակը վատ

Խորհրդարանը կողմ քվեարկեց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տարանջատելու որոշմանը։

Ոչ վաղ անցյալում նույն պատգամավորները քվեարկել էին ճիշտ հակառակ որոշման օգտին։

Այն ժամանակ ասվում էր, որ դա կբերի կառավարման արդյունավետության բարձրացմանը։ Հիմա նման բան չի ասվում։ Անկեղծորեն հայտարարվում է, որ քաղաքական իրավիճակի թելադրանքով են նախարարությունը կիսում։

Մինչև երեկ չէ առաջին օրը դեռ ամբողջությամբ պարզ չէր, թե ինչն ինչոց է։ Երեկ, սակայն, ամեն ինչ իր տեղն ընկավ։

Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ու այդ հրամանագրով ստեղծել Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն։

Ահա՛ թե որտեղ է թաքնված եղել շան գլուխը։ Մարզերում մինչև հիմա վիճակը վատ էր, որովհետև մենք ունեինք միայն Տարածքային կառավարման նախարարություն։ Այսինքն՝ մարզերն անխնա կառավարվում էին, բայց զարգացում չկար։ Իսկ այժմ ոչ միայն կկառավարվեն, այլ նաև կզարգացվեն։ Քանզի նորաստեղծ նախարարության անունը հնի կրկնությունը չէ։ Ավելացել է «զարգացում» մոգական բառը։

Իսկ մենք էլ սխալմամբ կարծում էինք, թե ՏԿԱԻՆ–ը կիսում են, որպեսզի ՀՅԴ–ին փայ տան։ Դու մի ասա՝ այդպես չէ. ազգի ու մարզերի մասին են մտածում։ Նախարարությունը կիսվել է, որպեսզի երկու մասերից մեկի անվան մեջ ավելացվի «զարգացում» բառը, բոլոր խնդիրները լուծվեն, և բացվեն դրախտի դռները։

Ինքներդ էլ հասկանում եք, որ այդ բառի ավելացումից հետո մարզերն այլ տարբերակ չեն ունենա, քան զարգանալը։ Այ որ մյուս անգամ էլ նոր նախարարություն ստեղծեն ու անունը դնեն «Տարածքային կառավարման, զարգացման ու ծլարձակման», շատ ավելի լավ կլինի մարզերի վիճակը (սա էլ երևի քաղաքական համագործակցության մյուս դեպքի համար է պահվել)։

Իմաստուն, շա՜տ իմաստուն որոշումներ են կայացվում Հայաստանում, բայց թարսի պես գնահատող չկա։

Հլա մի հատ բարձրաձայն ասեք կառավարման և զարգացման, ու կտեսնեք, որ տարածքներում դրախտային կյանք է սկսվել, և ապահով Հայաստանն արդեն կառուցվել է։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը