Մեկնաբանություն

20.02.2016 10:30


Քաղհալածյալի լուսապսակը և հաճախորդի խարանը

Քաղհալածյալի լուսապսակը և հաճախորդի խարանը

Հետո էլ զարմանում եք, թե ինչու է Հայաստանը փոքրանում։

Եթե երկու մասնավոր անձ, որոնցից մեկը տնօրինում է իշխանական լծակները, իրենց մասնավոր առևտրային հարաբերությունները քննարկելուց հետո նախարարություն են կիսում և այդ գործին մասնակից են դարձնում մի ամբողջ խորհրդարանի, ապա Հայաստանն իրոք փոքրանում է և վերածվում «աուլի»։

Միայն կորած «աուլում» կարող են ռուբիկ–կուբիկի պես քանդել ու հավաքել նախարարությունը՝ «վասն ազգային առաջընթացի»։

Ինչպես հայտնի է, ՀՀ ԱԺ–ն 71 կողմ ձայնով որոշեց երկու մասի բաժանել վերջերս միավորված Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ու ոչ մի բառ այն մասին, թե ինչ օգուտ է լինելու պետությանն ու քաղաքացուն։ Միայն ասվեց, որ քաղաքական իրավիճակի փոփոխության արդյունքում է նպատակահարմար գտնվել կիսել նախարարությունը և դրա մի մասը տալ Լոքյան Դավիթին, որն ավելի շատ իշխանության «մարդն» է, քան դաշնակցական։

Ընդհանրապես, ՀՅԴ–ի համար քաղաքական իրավիճակի փոփոխությունները հնարավորություն են տալիս պաշտոնի տիրանալ։ Առաջին անգամ դա 1998–ին էր, երբ քաղաքական իրավիճակի փոփոխությունից հետո դաշնակցականներին հա՛մ բերդից հանեցին, հա՛մ պաշտոն տվեցին։

Հիմա Դաշնակցությանը բերդից չեն հանում, բայց պաշտոն տալիս են, ինչը կարող է բերդով ավարտվել (թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ)։

Առաջին անգամ ՀՅԴ–ն իշխանության մեջ մտավ քաղհալածյալի լուսապսակով, պատվով և գլուխը բարձր։ Այս անգամ ճիշտ հակառակ պատկերն է. «հին ընկերներին» Կառավարություն են մտցնում հաճախորդի խարանը ճակատներին, կզած տարբերակով և հայ–թուրքական արձանագրություններն էլ ձեռքների մեջ դրած։

Վերադառնալով ՏԿԱԻՆ–ի պատմությանը՝ նկատենք, որ ԱԺ–ում քննարկումները հիշեցնում էին արևելյան բազառ։ Ասում էին՝ քանի որ ՀՅԴ–ին պաշտոն ենք տալիս, դրա համար որոշել ենք նոր նախարարություն բացել։ Ու անգամ փորձ էլ չարվեց հիմնավորել, որ նախարարության կիսումն այսքանով կկրճատի բյուջեի ծախսերը, այսքանով կավելացնի բյուջեի մուտքերը, այսինքն՝ կնպաստի պետական սուղ միջոցների օգտագործման արդյունավետության բարձրացմանը։

Բաց տեքստով ասվեց, որ քաղաքականապես է նպատակահարմար գտնվել։ Ասել է թե՝ երկու մասնավոր անձ պայմանավորվել են պետության հաշվին կարգավորել իրենց առևտրային հարաբերություններն ու պատվիրատու–հաճախորդ փոխշահավետ հարցերը։

Սերժ Սարգսյանը միշտ էլ պետության հաշվին է ապահովում իր պայմանավորվածությունները։ Մեկին դեսպան են նշանակում, որ գնա պետության հաշվին բուժվելու, մյուսին նախարար են նշանակում, որպեսզի պետության հաշվին լավություն արած լինեն, իսկ երրորդին «հաղթեցնում» են դիզելային վառելիքի տենդերը։ Ստացվում է, որ ՀՀ քաղաքացին հարկ է տալիս, որպեսզի այդ հարկերի միջոցով նախարարություններ պահեն ու բյուջեի հաշվին կարգավորեն ներիշխանական առևտրային հարաբերությունները (այդ դեպքում ինչո՞ւ պետք է վճարել հարկերը. սա փիլիսոփայական հարցադրում է)։

Փաստորեն, ժողովրդի մատից փուշ հանելու սրտաճմլիկ ձևակերպումների ներքո աթոռ փախցնող ՀՅԴ–ն ավելորդ ուտող բերան է դառնում։ Հիմա բյուջեից պետք է լրացուցիչ գումար հատկացվի, որպեսզի նոր նախարարությունը պահվի։ Այսինքն՝ փող հատկացվի նախարարի աշխատավարձի, նրա աշխատակազմի պահպանման, պադավատի, քարտուղարուհու կամ քարտուղարուհիների, վարորդի և մյուս «թաշախուստի» վրա։

Ըստ այդմ՝ հարկատուներիս վրա ծանրությունն ավելանում է։ Բյուջեն լրացուցիչ ուտող է ունենում։ Ի դեպ, այն բյուջեն, որին դաշնակցականները կողմ չեն քվեարկել։ Հիմա գալու են նույն այդ բյուջեից սնվեն։

Տարբեր տեսակետներ են հնչում, թե լավ, ի վերջո, ինչու միացրեցին Արտակարգ իրավիճակների և Տարածքային կառավարման նախարարությունները, ու ինչու են հիմա դրանք տարանջատում։ Երեկու դեպքում էլ նպատակը նույնն է եղել՝ ընտրաձայների ապահովումը։

Մի դեպքում երկու նախարարությունները միացրեցին, որպեսզի կարողանան կենտրոնացված ձևով «խփել» հանրաքվեի տոկոսը։ Իսկ հիմա այլ իրավիճակ է։ Տարածքային կառավարման նախարարությունը տալիս են ՀՅԴ–ին, որ այս կառույցն առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր փայ տոկոսը «խփելու» հնարավորություն ստանա։ Բայց դե, խիարը թարս բուսնելու հատկություն ունի։

Իշխանությունն այնպիսի բան է, որ մեկ տեսար՝ ձեռքդ է, մեկ էլ տեսար ...

Պարզապես պետությունն է ափսոս։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը