Քաղաքական

19.02.2016 16:24


Ստ. Մարգարյան. «Ոչ ոք պարտավոր չէ երկու քաղաքական ուժերի համաձայնությանը կողմ քվեարկել» (տեսանյութ)

Ստ. Մարգարյան. «Ոչ ոք պարտավոր չէ երկու քաղաքական ուժերի համաձայնությանը կողմ քվեարկել» (տեսանյութ)
ԱԺ-ում Կառավարության կողմից ներկայացված ՀՀ կառավարության կառուցվածքի մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծն առաջին ընթեցմամբ ընդունելու հարցի քննարկումների ժամանակ ելույթով հանդես եկավ ԱԺ պատգամավոր Ստեփան Մարգարյանը, ով ասաց, որ հարգում է քաղաքական ուժերի միջև համաձայնագրի ստորագրումը, ինչ-որ հարցերի շուրջ միավորվելը կամ միասնական դիրքորոշմամբ հանդես գալը, սակայն անհասկանալի է, թե ինչու դա պետք է անել կառավարման փոփոխության հաշվին:

–Եթե քաղաքական համաձայնության արդյունքում կառավարման ձևն է փոխվում, որը պետք է հաստատի խորհրդարանը, ճիշտ կլիներ՝ գոնե նշվեր, թե ինչ է դրվում հիմքում. ի՞նչն է փոխվում, ո՞րն է դրա փիլիսոփայությունը,-ասաց նա:

Անդրադառնալով 2014 թվականի նոյեմբերին Տարածքային կառավարման նախարարության և Արտակարգ իրավիճակների նախարարության միավորմանը՝ Ստեփան Մարգարյանն ասաց, որ այդ ժամանակ ինքը կողմ չի եղել նախարարությունների միավորմանը՝ համոզված լինելով, որ տարածքային կառավարումը կտուժի, սակայն պայմանավորված մեկ գործոնով, որ այդ միավորումը նպատակ ունի ձևավորել ներքին գործերի նախարարություն, Մարգարյանը կողմ է եղել նախագծին:

–Այս մոտեցումն ընդունելի էր այն ժամանակ, բայց հիմա չգիտեմ՝ ինչն է դրվում հիմքում: Հարց է առաջանում՝ ո՞րն է այստեղ պետության և ՀՀ քաղաքացու շահը, եթե սա չենք անում, ընդհանրապես պարզ չէ՝ ինչու ենք անում: Ինչո՞ւ պետք է կողմ քվեարկենք երկու քաղաքական ուժերի քաղաքական համաձայնությանը, որը կապ չունի պետության կառավարման հետ: Մենք պատճառահետևանքային կապ ենք խախտում, ինչ-որ մի բան անում ենք, հետո բացատրում: Ես և այստեղ նստածներից ոչ ոք պարտավոր չէ երկու քաղաքական ուժերի քաղաքական համաձայնությանը կողմ քվեարկել՝ փոխելով կառավարման համակարգը, որքան էլ հարգենք այդ քաղաքական ուժերին,-ասաց նա:
Պատգամավորին հետաքրքրում էր, թե ստեղծվելիք երկու նախարարության գործառույթները որոնք են.

–Ենթադրվում է, որ, հավանաբար, նախկին ֆունկցիաներն են անում, կամ ավելանում է, կամ էլ փոխվել է,-ասաց նա:
Աղբյուրը՝ «zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը