Քաղաքական

18.02.2016 16:40


Ա. Ռուստամյան. «ՏԿԱԻՆ–ի կիսումը ՀՅԴ–ՀՀԿ համագործակցության առաջին արտահայտությունն է»

Ա. Ռուստամյան. «ՏԿԱԻՆ–ի կիսումը ՀՅԴ–ՀՀԿ համագործակցության առաջին արտահայտությունն է»

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տարանջատումը Դաշնակացության և Հանրապետականի համագործակցության առաջին արտահայտությունն է: Այս մասին «Ազատության» հետ զրույցում նշեց Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ այդ ոլորտների տարանջատումից հետո տարածքային կառավարման նախարարի պաշտոնում կնշանակվի դաշնակցական Դավիթ Լոքյանը:

«Այդ հարցերը նույնպես քննարկվել են այս ընթացքում, սա նույնպես եղել է մեր բանակցությունների թեման: Այնպես որ, սա արդեն առաջին, էսպես ասած, մեր համագործակցության արտահայտություններն են, և էդ խնդիրները նախապես քննարկվել են»,- ասաց Արմեն Ռուսամյանը:

Հարցին՝ նշված ոլորտների տարանջատումը հենց ՀՅԴ-ի՞ առաջարկն է եղել, Ռուսատամյանը պատասխանեց.

«Համատեղ, կարելի է ասել: Մենք հիմա էստեղ չենք ուզում առանձնացնել հատկապես մեր մոտեցումները: Մենք դա արել ենք համախոհաբար, և սա առաջին, էսպես ասած, դեռևս չստորագրված համաձայնագրի դրսևորումն է»:

Արմեն Ռուստամյանի փոխանցմամբ՝ Հանրապետականի հետ համագործակցության շրջանակներում, Տարածքային կառավարման նախարարությունից բացի՝ ևս 2 ոլորտ կտրվի Դաշնակցությանը. խոսքը Կրթության և գիտության ու Էկոնոմիկայի նախարարությունների մասին է: Դաշնակցական պատգամավորը հաստատեց՝ կրթության և գիտության նախարար կնշանակվի Լևոն Մկրտչյանը, էկոնոմիկայի նախարար՝ Արծվիկ Մինասյանը: ՀՅԴ-ին կտրվեն նաև Արագածոտնի և Շիրակի մարզպետների պաշտոնները:

Ռուստամյանը «Ազատության» հետ զրույցում այլ փակագծեր էլ բացեց՝ մասնավորապես, տեղեկացնելով, որ առաջիկայում Հանրապետականի և Դաշնակցության միջև ստորագրվելիք փաստաթուղթը կկոչվի «Քաղաքական համագործակացության մասին համաձայնագիր»:

«Սկզբունքային համաձայնությունները ձեռք են բերվել, հիմա իսկապես աշխատանք է տարվում քաղաքական համագործակցության համաձայնագրի տեքստի վրա: Դա լինելու է «Քաղաքական համագործակցության համաձայնագիր»: Այդ համաձայնագիրը չի ունենալու ժամկետ, որովհետև մենք արդեն հայտարարել ենք, որ սա սովորական, էսպես կոալիցիոն ինչ-որ դաշինքի մասին չէ խոսքը, այլ երկարատև հեռանկարային համագործակցության:

Գլխավոր հարցն, իհարկե, Սահմանադրությունը կյանքի կոչելն է: Եվ այն քաղաքական օրակարգերը, որ մինչև հիմա հռչակվել են մեր կողմից՝ Դաշնակցության, Հանրապետականի․․․և վերջին հայեցակարգային ելույթը, որ ունեցավ նախագահը, դրանում, ըստ էության, արտացոլված էին նաև մեր կարևորած հիմնական խնդիրները»,- մանրամասնեց Արմեն Ռուստամյանը:

Մանրամասները` «Ազատություն»-ում:

Այս խորագրի վերջին նյութերը