Կարծիք

18.02.2016 13:25


Հայկական տուրիզմի մասին

Հայկական տուրիզմի մասին

Հայկական տուրիզմի մասին կամ իմ տուրիստական կյանքը հիմա ու մի քանի ամսից։

Մինչ մերոնք խթանում են բաց երկնքի քաղաքականությունը, վրացիները ընդլայնում են իրենց լոուքոսթերային ուղղությունների ցանցը։ Ո՞վքեր են օգտվում։ Բոլորը։ Տուրիզմը դեպի Վրաստան ու համապատասխան բոլոր ոլորտները։ Վրացիները փող են աշխատում ու էժան գներով էլ ճանապարհորդում Եվրոպա տեղ, ու էլ չասեմ, որ ոչ միայն Եվրոպա։
Համապատասխանաբար, բոլոր վերոգրյալ խմբերը տուժում են Հայաստանում՝ բացառությամբ ավտոբուսային ընկերությունների, ովքեր գոնե Երևան-Թբիլիսի ու Երևան-Քութայիսիի վրա փող են աշխատում քիչմ։
Հիմա կոնկրետ օրինակ։ Շատերը ինձ հարցնում են, թե էդ ոնց եմ շատ անսպասելի մի երկու օրով հայտնվում Եվրոպա աշխարհամասի տարբեր հատվածներում։ Բացի անվճար հնարավորություններից՝ մեծ դեր ունեն էս գործում ԳԺԱԿԱՆ ԷԺԱՆ առաջարկները։ Օրինակ՝ օդանավի տոմս 5 ԵՎՐՈՅՈՎ կամ ավտոբուսի տոմս 1 ԵՎՐՈՅՈՎ։ Եթե հաշվի առնենք COUCHSURFING կամ AIRBNB հնարավորությունները, ուրեմն մոտ տաս եվրոյով կարելի է հանգիստ մի քաղաք տեսնել մի օրում։ Գումարի մեծ մասն էլ ծախսել գարեջրի ու սննդի վրա։
Ավելին այդ նույն ԳԺԱԿԱՆ գները վերաբերում են երբեմն ամբողջական տուրերի։ Սակայն այս տուրերի գրավչությունը միանգամից կկորի հայ մարդու համար, որովհետև ստիպված պետք է մի 300 ԵՎՐՈ տոմսի համար հաշվի, էլ չասեմ՝ զույգերի համար ինչ ծանր է։
Մյուս հետաքրքիր կողմն այն է, որ, օրինակ, Ֆրանկֆուրտից կամ Բեռլինից պարբերաբար հնարավոր է թռնել ԱՄՆ 300 Եվրոյով (երկու ուղղությամբ)։ Լոուքոսթերով Եվրոպա հասնելու դեպքում կդառնա 325 Եվրո։ Էն դեպքում, որ Հ-ից ԱՄՆ հասնելը մեկ անձի համար մոտ 1000 ԴՈԼԱՐԻ է հասնում։ Եվ դա միայն տոմսը։
Արդյունքում՝ մարդիկ չեն կարողանում ճանապարհորդել, որովհետև թանկ է, կամ գնում են Վրաստանով ու լինում է կիսաթանկ։
ԱՎԵԼԻՆ՝ միջին եվրոպացի երիտասարդի համար Հայաստան գալն էլ շատ թանկ է։ Որքան էլ հնագույն ենք և այլն, որքան էլ իրենց համար մեր երկրի գները էժան են, ամեն ինչ փոխվում է, երբ ասում ես՝ ինչ արժի ավիատոմսը։ Համեմատության համար նշեմ, որ նույն գնով ինչ Երևան- Դյուսսելդորֆ-Երևանն է, կարելի թռնել Դյուսսելդորֆ-Պեկին-Դյուսսելդորֆ ուղղությամբ։ Եզրակացությունը թողնում եմ ձեզ։
Իսկ այդ ընթացքում համապատասխան մարմիններն ասում են (տարիներով), որ Գյումրիում են երկու լոուքոսթեր լինելու, Իրան-Հայաստան երկաթուղին են չինացիները կառուցելու, մետրոյի կայարաններն են ընդլայնվելու... Եվ այլն:

Գոռ Նազարյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը