Մեկնաբանություն

18.02.2016 13:20


«Առաջադեմ կադր» մրցանակի դափնեկիրները

«Առաջադեմ կադր» մրցանակի դափնեկիրները

«Անկախ» ԶԼՄ–ներով ու դրանց ջրերն ընկած ազնիվ քյարփինջների միջոցով մի միտք է դրվել շրջանառության մեջ, թե, իբր, արևմտյան կրթություն ստացած կադրը, ով նաև տարիքով երիտասարդ է, լավն է ու առաջադեմ։

Սա իրականում էժանագին ձևակերպում է և տեղավորվում է «արևմտամետության» կոդի մեջ։

Դրանով ուզում են ասել, թե ՀՀԿ ղեկավարը բարեփոխումների է գնում, բայց չէ՞ որ դա այդպես չէ։

Նախ՝ անհասկանալի է, թե ինչ է նշանակում «արևմտյան կրթություն»։ Հայաստանում էլ, Ռուսաստանում էլ, Գերմանիայում էլ կրթության արևմտյան չափանիշներն են ներդրված։ Եվ հետևաբար, ի՞նչ նկատի ունեն «առաջադեմ կադրը արևմտյան կրթություն ստացած կադրն է» կեղծ թեզի քարոզիչները։

Արևմտյան կրթություն ստանալու չափման միավորը ո՞րն է։ Դրսերում սեմինարի մասնակցե՞լը, թե՞ ընդմիջման փոխարեն «լանչ» անելը։ Դպրոցական տարիքում բակում չխաղալն ու բակի տղաների հետ կռիվ չանե՞լը, թե՞ «ինժիներ բալա» լինելը։

Բացի այդ՝ արևմտյան երկրներում կրթություն ստանալը դեռ երաշխիք չէ, որ տվյալ մարդը արևմտյան մենեջմենթ կկիրառի և համամարդկային արժեքների կրողը կլինի։

Հրե՛ն, մի շարք բռնապետներ արևմտյան կրթություն են ստացել։ Մեջն ի՞նչ։ Թուրքմենբաշին էլ էր արևմտյան կրթություն ստացել, հետո ի՞նչ։

Փորձը ցույց է տալիս, որ հայաստանյան ամենաքյարթու դեմքն ավելի հայաստանակենտրոն է ու նվազ վնասակար, քան այն մարդիկ, ում վրա դրված էր «առաջադեմ կադր» որակի նշանը։

«Առաջադեմ կադրի» և «արևմտյան կրթություն ստացած լավ պաշտոնյայի» քայլող մարմնավորումները տխրահռչակ Տիգրան Սարգսյանն ու էկոնոմիկայի «վաղամեռիկ» նախարար Ներսես Երիցյանն են։ Երկուսին էլ պաշտոնի նշանակելիս հայտարարեցին, թե բա՝ ճիշտ է, Սերժը լեգիտիմության խնդիրներ ունի, բայց տեսեք, թե ինչ առաջադեմ կադրեր է բերում։ Շատ չանցած՝ պարզ դարձավ, որ այդ «առաջադեմ կադրերի» գործունեության արդյունքում Հայաստանի տնտեսության հերն անիծվել է, թալանը հասել է անասելի չափերի, կովերի պտուկները դարձել են փող լվանալու միջոցներ, պետությունը մտել է պարտքի տակ, բյուջեն «ատկատային» մեխանիզմներով սրբվում է, հեքիաթասացությունը դարձել է պետական քաղաքականություն։ Դե, իսկ օֆշորային սկանդալը դարձավ «առաջադեմ կադրերի» գործունեության գլուխգործոցը։ Ավելի ցինիկ, ավելի թալանչի, ավելի անգրագետ և ավելի հակահայկական պաշտոնյաներ նորանկախ Հայաստանում չէին եղել (չհաշված, իհարկե, մի երկու հոգու)։

Հիմա նոր «առաջադեմ ու արևմտյան կրթություն ստացած» կադրերի «ռասկրուտկա» է գնում։ Տեսնենք, թե ինչ կստացվի։

Չենք ուզում նախապես գնահատական տալ նորերին, բայց չենք կարող չասել, որ նրանց մեկնարկային պայմանները վատն են, քանզի նրանք ծառայել ու ծառայում են մեկ մարդու, և մինչև իրենց նշանակվելը ծպտուն անգամ չեն հանել իրենց վստահվելիք ոլորտների մասին։ Իսկ դա խոր հակասության մեջ է արևմտյան չափանիշների հետ։ Հետևաբար, առնվազն անմեղսունակություն է տարիքի ու կրթության համար պաշտոնյային առաջադեմ համարելը։ Կյանքը ցույց կտա, թե ով ով է։

Սամվել Խաչագողյան

Հ.Գ.։ Տարիքով համեմատաբար երիտասարդ ու արևմուտքներում «լանչ» արած Գևորգ Կոստանյանին դրեցին գլխավոր դատախազ։ Թե ինչ տեսակի կադր է նա, ամբողջ հանրության համար պարզ դարձավ Գյումրիում՝ հայտնի ողբերգական դեպքի ժամանակ։ Նրա համեմատ՝ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն առաջադիմության և արևմտյան արժեքների մեծն ջատագովի կերպար է։

Հարցն այն չէ, որ Հովսեփյանն է լավը կամ վատը։ Հարցն այն է, որ հանրությանը դեմ տրվող «առաջադեմ կադրերն» են անհաջող։ Գոնե մինչև հիմա այդպես է եղել։

Վերցնենք Հրայր Թովմասյանին կամ Վարդան Պողոսյանին։ Մինչև պաշտոնյա դառնալը երկուսն էլ լավ համբավ ունեցող իրավաբան էին։ Հետո երկուսն էլ դարձան կամակատարներ՝ արժանանալով «չաթլախ» որակավորմանը (հանուն արդարության՝ պետք է նշել, որ «չաթլախի» հեղինակը հիմա Թովմասյանի հետ ուս ուսի տված՝ գնում է դեպի «ապահով Հայաստան»)։ Բայց պատճառն, ի դեպ, այդ կադրերը չեն։ Համակարգն ու համակարգի գլխին կանգնածն է փչացնում ամենքին ու ամեն ինչ։ Բայց դե, փչացնողն էլ մեղավոր չէ այդ մասով։ Թող չփչանան. ո՞վ է ձեռքներից բռնել։

Այս խորագրի վերջին նյութերը