Աշխարհ

18.02.2016 11:30


ԱՄՆ նախագահի թեկնածու. «Եթե մենք տապալենք Ասադի իշխանությունը, ԻՊ-ն կգրավի Սիրիան»

ԱՄՆ նախագահի թեկնածու. «Եթե մենք տապալենք Ասադի իշխանությունը, ԻՊ-ն կգրավի Սիրիան»

ԱՄՆ-ը պետք է կենտրոնանա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոչնչացման վրա, այլ ոչ թե պայքարի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի իշխանության տապալման համար: «Вести.ru»-ի փոխանցմամբ` նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահի թեկնածու Թեդ Քրուզը:

Ըստ նրա` նման «աղետալի սխալ» է արվել Բարաք Օբամայի և Հիլարի Քլինթոնի կողմից դեռ 2011թ.՝ Լիբիայի ղեկավար Մուամմար Քադդաֆիի իշխանության տապալման ժամանակ:

«Տապալելով Լիբիայի իշխանությունները՝ մենք այդ երկիրը փոխանցել ենք ծայրահեղական իսլամական ահաբեկիչներին: Այժմ այն քաոտիկ ռազմական գոտի է, որտեղ գտնվում են ԻՊ-ն և մեր երկրի համար սպառնալիք ներկայացնող մյուս ահաբեկչական խմբավորումները: Մերձավոր Արևելքում իշխանությունների տապալման փոխարեն, իմ կարծիքով, զինծառայողները պետք է կենտրոնանան ազգային անվտանգության ոլորտում մեր շահերի պաշտպանության վրա», - հայտարարել է Քրուզը` հավելելով, որ այժմ Օբաման ու Քլինթոնը պնդում են, որ պետք է տապալել նաև Ասադի իշխանությունը:

«Ասադը վատ մարդ է: Սակայն եթե մենք տապալենք Ասադի իշխանությունը, ԻՊ-ն կգրավի Սիրիան: Եվ դա ավելի վատ է ԱՄՆ-ի համար: Այնպես որ, քաղաքացիական պատերազմին խառնվելու փոխարեն մենք պետք է կենտրոնանանք ԻՊ-ն ոչնչացնելու վրա», - շեշտել է Քրուզը:

Նշվում է, որ նրա դիրքորոշումը մասնակիորեն կիսում են նաև նախագահի թեկնածուներ Բերնի Սանդերսը և միլիարդատեր Դոնալդ Թրամփը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը