Աշխարհ

17.02.2016 15:05


Պեսկովը մեկնաբանել է Օբամայի այն հայտարարությունը, թե ՌԴ–ն «կխրվի կմնա Սիրիայում»

Պեսկովը մեկնաբանել է Օբամայի այն հայտարարությունը, թե ՌԴ–ն «կխրվի կմնա Սիրիայում»

Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնող Ռուսաստանը պաշտպանում է իր անվտանգությունը. «Իսլամական պետության» շարքերում նաև ռուսաստանցներ կան, որոնք կարող են վերադառնալ։ Այս մասին, РИА «Новости»–ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Նախագահ Պուտինը բավական հստակ է ձևակերպել ՌԴ հետապնդած նպատակը։ Դա բխում է Ռուսաստանի սեփական շահերից։ ԻԼԻՊ–ի շարքերում նաև ռուսաստանցիներ կան, ՌԴ մահմեդական քաղաքացիներ, որոնց ուղեղները լվացել են ահաբեկիչները, և որոնք ցանկացած պահի կարող են հայտնվել մեր մահմեդական շրջաններում ու ահաբեկչություն իրականացնել»,–ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այն հայտարարությունը, թե Ռուսաստանը կարող է «խրվել մնալ Սիրիայում»։

Բացի այդ, Պեսկովը նաև ընդգծել է՝ ՌԴ–ն օգնում է Սիրիայի ԶՈւ–ին այդ երկրի օրինական իշխանությունների խնդրանքով։

«Կա հստակ նպատակ, տարվում է կոնկրետ աշխատանք, և կան արդեն կոնկրետ արդյունքներ»,–շեշտել է Պեսկովը՝ հավելելով, որ ՌԴ այդ գիծը տրամաբանական է ու թափանցիկ։

Ավելի վաղ Օբաման հայտարարել էր, որ չի մրցում Պուտինի հետ Սիրիայի հարցով։ Սակայն ԱՄՆ առաջնորդը նկատել էր, որ Ռուսաստանի համար շահավետ չէ Սիրիայում երկար մնալը, քանի որ դա շատ թանկ կարժենա, իսկ հաշվի առնելով ՌԴ տնտեսության վիճակը՝ Սիրիայում մնալն այնքան էլ լավ գաղափար չէ Ռուսաստանի համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը