Լրահոս

08.10.2010 11:24


ԵԽԽՎ-ում Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները հանդիպել են երկրորդ անգամ

Հինգշաբթի օրը Ստրասբուրգում ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել ԵԽԽՎ-ում Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների երկրորդ հանդիպումը, որի ժամանակ շարունակել է քննարկվել ԼՂՀ հարցով հանձնաժողովի աշխատանքների վերականգնման հարցը։ Հիշեցնենք, որ հանդիպման նախաձեռնողը ԵԽԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուն էր։

-Կարծում եմ՝ այս բանակցությունների ժամանակ մենք կարողացանք հասնել մեր կողմից դրված հարցի կառուցողական քննարկմանը, որովհետև մեր հիմնական նպատակն է քննարկել խնդիրը այն պայմանով, որ ԼՂ հարցը չի հանվի օրակարգից, մշտապես կմնա ԵԽ օրակարգում, և չեն մոռացվի նաև ԼՂ հակամարտության հումանիտար խնդիրները,-հանդիպումից հետո ասել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը։

Առաջին անգամ պատվիրակությունները հանդիպել էին երեքշաբթի։ Հայաստանի կողմից հանդիպմանը մասնակցում էին պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը և անդամ Արմեն Ռուստամյանը, իսկ Ադրբեջանի կողմից՝ պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը և անդամ Սաբիր Հաջիևը։

Սեիդովի խոսքերով՝ երկու օր ընթացող բանակցությունները ցույց են տվել, որ 2005թ. ընդունված ԵԽԽՎ բանաձևի կետերը պետք է կատարվեն, և կատարման ճանապարհներն էլ չպետք է հանվեն ԵԽ օրակարգից։

-Մենք հանգել ենք որոշման, որ նման հանդիպումները շարունակվելու են, և շատ հավանական է, որ մենք ևս մեկ անգամ այս հարցը կներառենք օրակարգում՝ կա՛մ Անթալիայում ԵԽԽՎ Բյուրոյի հերթական նստաշրջանում, կա՛մ Փարիզում, և այդպիով կհասնենք այդ հարցի քննարկմանը։ Որքան էլ որ փորձեն այդ հարցը օրակարգից հանել, դա անհնար է,-ասել է նա։

Անդրադառնալով բանակցություններում ԵԽԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուի դերին՝ Սամեդ Սեիդովը նշել է, որ չնայած իր ազգությանը և կարծիքներին, Չավուշօղլուն արտահայտում է ԵԽ անդամ բոլոր երկրների կարծիքը։

Ինչ վերաբերում է ենթահանձնաժողովի աշխատանքների վերականգնման հարցին, նա նշել է, որ ենթահանձնաժողովը փաստացի գործում է։

-Այս հանդիպումները տեղի են ունենում յուրաքանչյուր նստաշրջանում։ Ինչ վերաբերում է ձևական տեսանկյունից այս հարցի ընդլայնմանը, եկեք իրադարձություններից առաջ չընկնենք։ Դրանք այնքան էլ հեշտ հարցեր չեն։ Հիմա բանակցություններ են ընթանում, իսկ վերջում մենք կզբաղվենք հստակ հարցերը կյանքի կոչելով, որոնք պարունակվում են 2005թ. ընդունված բանաձևում,-ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը