Խմբագրական

13.02.2016 12:45


ՀՀԿ ղեկավարի նոր հայտը

ՀՀԿ ղեկավարի նոր հայտը

ՀՀԿ ղեկավարի համար կարևորը ձևն է։ Ձևական առումով նա հիմա ուզում է նմանվել իր իսկ քարոզչամեքենայի կողմից կատաղի քննադատության թիրախ դարձած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ասել է թե՝ «արևմտամետ» Սերժ Սարգսյանի համար ՌԴ նախագահն է ընդօրինակման օբյեկտ դարձել, բայց, ինչպես միշտ է լինում նման դեպքերում, «Ֆալշը զռռում է» և ոչ մի էֆեկտ չի ապահովում։

«Միզանսցենը», ելույթի հեռուստատեսային մատուցման ոճը և հավաքվածների կազմը փորձել էին նմանեցնել Պուտինի՝ ՌԴ Դաշնային խորհրդին դիմելու «կառծինկային»։ Ասել է թե՝ տեղի էր ունեցել կապկում։

«Անկախ» մամուլի կողմից հոգու խորքում արևմտամետ հռչակված Սարգսյանը ձգտում է կրկնօրինակել Պուտինին ու հայաստանյան Պուտին դառնալու հայտ է ներկայացնում, սակայն դա անհնար է մի շարք առարկայական պատճառներով (մի կողմ թողնենք այն հարցը, թե արդյոք լա՞վն է, թե՞ վատը Պուտինը. տվյալ դեպքում հարցն այն է, որ Սարգսյանն ուզում է նրան նմանվել ոչ միայն «ալյասկա» բաճկոն հագնելով)։

«Ամեն սև բան Օթելլո չէ»

1.Պուտինը ՌԴ–ում ունի բարձր հանրային իրական վարկանիշ (ավելի քան 80%) և բացարձակ լեգիտիմություն պետական ապարատում։ Նա այդ ամենին հասել է կոնկրետ արդյունքներով՝ չեչենական պատերազմի ավարտ, Բորիս Ելցինից որպես ծանր ժառանգություն մնացած պետական կառավարման համակարգի վերականգնում, սոցիալ–տնտեսական ցուցանիշների էական բարելավում (մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ դա նաև նավթի բարձր գներով էր պայմանավորված. շարքային քաղաքացուն դա քիչ է հետաքրքրում), ՌԴ ազգային–պետական շահերի հետապնդում և այլն։

Ի դեպ, ՌԴ լայն հասարակայնության կողմից երբևէ կասկածի տակ չի դրվել Պուտինի ընտրության լեգիտիմությունը։

Ճիշտ հակառակ պատկերն է Սերժ Սարգսյանի մոտ։ Իր իսկ խոստովանությամբ՝ նա շատ լավ ժառանգություն էր ստացել Ռոբերտ Քոչարյանից, սակայն Հայաստանում 2008–ից հետո հետընթաց է գրանցվել բոլոր ոլորտներում։

Տնտեսական անկման ցուցանիշներով 2009–ին ՀՀ–ն համաշխարհային հակառեկորդ սահմանեց դոլարային հաշվարկով տնտեսական անկման ցուցանիշներով, աղքատությունն էականորեն աճեց, և այսօր պաշտոնապես աղքատ է մոտ մեկ միլիոն մարդ, ներդրումները կտրուկ կրճատվեցին, կապիտալը պարզապես փախավ մեր երկրից, կոռուպցիան ու թալանն աննախադեպ մասշտաբների հասան, բիզնես միջավայրը խայտառակ վիճակում հայտնվեց և այլն։

Երեկ նախագահականում հավաքվածների ճնշող մեծամասնության համար Սարգսյանն անընդունելի ղեկավար է։ Նրանք այդ մասին բարձրաձայն չեն հայտարարում, բայց նույնիսկ Սարգսյանին է դա հայտնի։ Պատահական չէ, որ նա իր խոսքում դժգոհում էր «վերևներին» հայհոյող «ներքևիններից»։ Պուտինի պարագայում նման բան չկա։ Պատճառներն օբյեկտիվ են։

Պուտինին պաշտպանողները դա անում են բաց տեքստով, իսկ ահա Սերժ Սարգսյանին պաշտպանողները (խոսքս հաստիքային պաշտպանողների ու ՀՀԿ–ական կատարածուների մասին չէ) չեն կարողանում բաց տեքստով պաշտպանել ՀՀԿ ղեկավարին, քանզի անմիջապես «կփչանան», ինչպես որ Սարգսյանի թիմակից դարձած Արտաշես Գեղամյանն էր ժամանակին դիագնոզել։

Դրա համար էլ ստեղծվել են «անկախ» մամուլը և հաճախորդաց բանակը, որպեսզի սրանք պայքարեն Սարգսյանի ընդդիմախոսների դեմ՝ «Սերժը վատն է, բայց մյուսներն էլ են վատը» տարբերակով։ Այսինքն՝ Սարգսյանի քարոզիչները ոչ թե նրա ապահոված դրական արդյունքներն ու նրա ունեցած դրական քաղաքական հատկանիշներն են ներկայացնում հանրությանը (այդպիսիք պարզապես չկան), այլ փորձում են բոլորին «սևացնել», որպեսզի Սարգսյանի «սևությունը» չերևա։

Հիմա Սարգսյանն ուզում է այդ մոդելը փոխել և ներկայանալ դրական իմիջով, բայց որևէ հնարավորություն չունի անգամ մեռած և «ֆոտոսեսիայի» ենթարկված քաղաքական դաշտի պայմաններում, քանզի նրա գլխավոր հակառակորդը ՀՀ հասարակությունն է, որը չի ընդունել, չի ընդունում և չի ընդունելու Սերժ Սարգսյանին։ Մի մասն արտագաղթում է, մյուս մասը՝ մնում ու համակերպվում, որի արդյունքում Սարգսյանը մնում է աթոռին, բայց, միևնույն է, նրա լեգիտիմության խնդիրը մնում է, քանզի մնում են մեր երկրում առկա խնդիրներն ու ավելի խորանում։

Ինչ վերաբերում է Սարգսյանի ընտրության լեգիտիմությանը, ապա նա առաջին անգամ նախագահական նստավայրում հայտնվեց «Մարտի 1»–ի գնով, իսկ հետագայում պահեց իր աթոռը տոկոս «խփելու» միջոցով՝ դե ֆակտո պարտվելով անգամ «էպոսագետին», էլ չասած Րաֆֆի Հովհաննիսյանի մասին։ Պուտինի մոտ նման բան չկա։

2.Միջազգային ասպարեզում Պուտինի հետ հաշվի են նստում։ Մի մասը նրան ընդունում է, մյուս մասը՝ կատաղի քննադատում, բայց բոլորը հաշվի են նստում նրա հետ։

Ասել, որ միջազգային ասպարեզում Պուտինը սխալներ չի գործել, ճիշտ չի լինի։ Մեկ բան, սակայն, աներկբա է՝ նա ռուսական շահերն է առաջ տանում՝ դրանք համադրելով իր անձնական շահի հետ։

Պուտինի ազդեցությունն ու հեղինակությունն այնքան բարձր են, որ ԱՄՆ նախագահի թեկնածու և մրցապայքարի առաջատար համարվող Դոնալդ Թրամփն ամեն կերպ ցույց է տալիս, թե ինչպիսի դրական վերաբերմունք ունի ինքը Պուտինի հանդեպ, որպեսզի կարողանա ընտրազանգված շահել։ Դա, ի դեպ, աննախադեպ է ԱՄՆ նախագահական ընտրությունների պատմության մեջ, երբ ՌԴ նախագահի անունն այդքան շատ է հոլովվում քարոզարշավի ժամանակ։

Դեմոկրատները հակառուսականություն են քարոզում ու Պուտինի դեմ աշխատում, իսկ հանրապետական Թրամփը հակառակն է անում, և արդյունքում՝ երկու կողմն էլ Պուտինին են անուղղակիորեն մասնակից դարձնում Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին։

Այս առումով էլ Սերժ Սարգսյանի մոտ հակառակ պատկերն է։ Հասկանալի է, որ Հայաստանը մասշտաբներով փոքր է և չի կարող ՌԴ կամ ԱՄՆ ղեկավարների պես միջազգային ազդեցություն ունենալ, բայց խոսքը տվյալ դեպքում արդյունքների մասին է։ Իսկ արդյունքները ՀՀԿ ղեկավարի մոտ, մեղմ ասած, վատն են, քանզի նրա անձնական շահը խոր հակասության մեջ է Հայաստանի շահերի հետ։

Տխրահռչակ «Ֆուտբոլային» դիվանագիտությունը, Ղարաբաղի հարցում բանակցային դիրքի վատացումը և, որպես հետևանք, Ադրբեջանի լկտիացումն ու մեր զինվորների զոհերի թվի ավելացումը, «արևմտամետությունն» ու խայտառակ ռուսահպատակությունը Սարգսյանին զրկել են արտաքին լեգիտիմությունից։

ԵՄ–ի հետ տարիներով ասոցացման շուրջ բանակցելուց ու մեկ գիշերում Մաքսային միություն մտնելուց հետո Հայաստանին չեն վստահում Արևմուտքում և չեն հարգում Ռուսաստանում։

Հայ–թուրքական հակապետական գործընթացից մենք միայն Թուրքիայի ու Ադրբեջանի քաղաքական իշխանության հիմարության և ագահության շնորհիվ կարողացանք ողջ դուրս գալ։

Այժմ մեր շուրջ դրամատիկ իրադարձություններ են տեղի ունենում, բայց Սարգսյանն ու իրեն կցվածները զբաղված են պաշտոնների առևտրով։ Ուրիշ ոչինչ այս մարդուն չի հետաքրքրում՝ չհաշված, իհարկե, փողը։

3.Վլադիմիր Պուտինն իր քայլերով, արձանագրած արդյունքներով, սպորտային ու առողջ ապրելակերպով, քաղաքական կառավարման ոճով և անկեղծությամբ կարողացել է գորշ կերպարից դառնալ խարիզմատիկ։ Նա կարողացել է միջազգային ասպարեզում նկատվող «փամփլիկ» առաջնորդների համապատկերին մտնել «մաչոյի» կերպարի մեջ, ինչը ահագին մարդու դուր է գալիս, ընդ որում՝ նաև ՌԴ–ից դուրս։

Այս առումով էլ Սերժ Սարգսյանի մոտ 180 աստիճանով տարբերվող պատկեր է։ Զրոյական խարիզմա, որը պայմանավորված է ինչպես երկրում առկա վիճակով, այնպես էլ նրա անհատական որակներով։ Սարգսյանի ապրելակերպի պարտադիր ատրիբուտներից են ուտուշ–խմուշները, որոնք Հայաստանում առկա աղքատության համապատկերին ժանտախտի պահին տեղի ունեցող խրախճանք են հիշեցնում և նողկանք առաջացնում հանրության ճնշող մեծամասնության մոտ։

Նրա շուրջ օդում կախված լուրեր են պտտվում, որոնք առողջ ապրելակերպի հետ որևէ կապ չունեն։

Մարդիկ նկատել են, որ Սարգսյանը չի ժպտում, մշտապես խոժոռ դեմքով է և աչքի չի ընկնում խոսքի վարպետությամբ։ Եթե Սարգսյանը ժպտում էլ է, ապա կեղծ ժպիտով ու միայն օտարերկրյա չինովնիկների հետ հանդիպելիս կամ մեր ֆուտբոլիստների գոլ «ուտելու» ժամանակ։

Սարգսյանը Հայաստանի պետական կառավարման համակարգում առկա բոլոր բացասական երևույթների խտացված մարմնավորումն է. սա է հանրային ընկալումը։ Պետության թուլացման ֆոնին նրա նեղ շրջապատի հարստացումը չի կարող ատելություն չառաջացնել հանրության լայն շրջանակների մոտ։ Եվ ուրեմն, զրո խարիզմա։

4.Պուտինին հաջողվել է ՌԴ–ում ավտորիտար համակարգ ստեղծել և իր ձեռքում կենտրոնացնել իշխանությունը (սա, բնականաբար, դրական իմաստով չենք ներկայացնում. ընդամենը փաստն ենք արձանագրում)։ Արդյունքում՝ այնտեղ ընդդիմադիր ուժեր խորհրդարանում չկան։ Կա «Եդինայա Ռոսսիան»։ Մյուսները հաճախորդներ են՝ սկսած ծաղրածու Ժիրինովսկու կուսակցությունից մինչև հնամաշ Զյուգանովի կոմունիստները։

Պուտինի մոտ ստացվել է այդպիսի համակարգ ստեղծել ոչ միայն ուժային մեթոդներով, այլ նաև վերևում նշված արդյունքների շնորհիվ։ Ասել է թե՝ Պուտինի ավտորիտարիզմը ՌԴ քաղաքացիների մեծամասնության համար լեգիտիմ է։ Այլ հարց է, որ դա միջնաժամկետում ու երկարաժամկետում խնդիրներ է առաջացնելու ՌԴ–ի համար, բայց դա թող ռուսներին մտահոգի։

Ինչ վերաբերում է Սարգսյանին, ապա նրան այս հարցում հաջողվել է որոշակի չափով նմանվել Պուտինին, բայց ոչ թե բովանդակության, այլ ձևի առումով։

Այո՛, Սարգսյանին հաջողվել է «ֆոտոսեսիայի» ենթարկել գրեթե ողջ քաղաքական դաշտն ու համարյա ամբողջական ավտորիտար իշխանության տեր դառնալ, սակայն դա նա արել է ոչ թե ՀՀ–ում արդյունքներ ապահովելու, արտաքին ոլորտում մեր պետության համար դիվիդենտներ ապահովելու և իր անձնական խարիզմայի շնորհիվ, այլ ճիշտ հակառակը։ Սարգսյանին հաջողվեց իշխանությունը վերցնել ու այն պահել Հայաստանի ու ՀՀ քաղաքացիների շահերի հաշվին։

«Սահմանադրական» հեղաշրջում իրականացնելով՝ նա փորձում է ապագա խորհրդարանն ամբողջությամբ վերահսկելի դարձնել ու դառնալ, այսպես ասած, իր երազած տղան։

Նկատենք, սակայն, որ եթե անգամ Սարգսյանին հաջողվի ապագայում ունենալ անասնաֆերմայական խորհրդարան, ապա նա շատ կարճ ժամանակով կդառնա ոչ թե հայկական Պուտին, այլ հայկական Թուրքմենբաշի՝ առանց նավթի ու գազի և գրեթե զրոյական հանրային լեգիտիմությամբ։

Ամբողջ խնդիրն այն է, որ Սարգսյանը հայկական Պուտին կամ հայկական Թուրքմենբաշի չի կարող դառնալ, քանզի Հայաստանն այդպիսի ռեսուրս չունի։ Համ էլ՝ մենք մահմեդական չենք, որ արևելյան տիպի բռնապետ պահենք։

Սարգսյանը պատմական պատահականություն է, ով հայտնվել է իշխանության ղեկին ու «քշում է» պետական մեքնենան այն տաքսիստի հոգեբանությամբ, թե ինչքան շատ քշեմ, այնքան շատ փող կառնեմ, ու հերն էլ անիծած, թե մեքենան սարքին չէ, և կարող է շարքից դուրս գալ, եթե վերանորոգման վրա գումար չծախսվի։

ՀՀԿ ղեկավարին պետական մեքենայի սարքին լինելը չի հետաքրքրում, քանզի նա մտածում է ոչ սեփականատեր տաքսիստի պես՝ «Ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ» տարբերակով։ Սարգսյանը մտածում է «մեքենայի» ողջ հասույթը գրպանը դնելու, այլ ոչ թե այդ «մեքենան» սարքին պահելու և «ուղևորներին» անվտանգ տեղ հասցնելու մասին։

Բոլորն էլ գիտեն, որ փող փախցնող տաքսիստը վտանգավոր է նաև ինքն իր համար, բայց դե, դա արդեն երկրորդական խնդիր է։ Կարևորն ուղևորների անվտանգությունն է և մեքենայի անխափան աշխատանքը երկար ժամանակով։ Նույնը կարելի է ասել պետական կառավարման մասով։

Իր նախագահության ութ տարիների ընթացքում Սարգսյանը ՀՀ պարտքն ավելացրել է ավելի քան չորս անգամ (Պուտինն իր նախագահության ընթացքում զրոյացրել է ՌԴ արտաքին պարտքը)՝ հասցնելով 5 միլիարդ դոլարի։ Եվ այդ պայմաններում ՀՀ ՀՆԱ–ն շարունակում է ավելի քիչ լինել, քան նա ընդունել է 2008–ին։ Սա, իրոք, փող փախցնող տաքսիստի հոգեբանության դրսևորում է։

Այնպես որ, մեզ ոչ թե տեղական նշանակության սուլթան է պետք, այլ նոր քաղաքական վերնախավ՝ նոր ծրագրերով ու նոր մոտեցումներով, որպեսզի Հայաստանում ամենաբարձր վարկանիշ ունեցողը ոչ թե ՌԴ նախագահ Պուտինը լինի, այլ հայկական անուն ազգանունով, հանրային լեգիտիմություն ունեցող մեկը, ինչպես նաև՝ թիմը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը