Հարցազրույց

11.02.2016 10:50


Արա Աբրահամյան. «Մեր մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին որակապես նոր իրավիճակ կստեղծի»

Արա Աբրահամյան. «Մեր մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին որակապես նոր իրավիճակ կստեղծի»

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը բացառիկ հարցազրույց է տվել նորաբաց «Vesti.am» կայքին։

Ստորև ներկայացնում ենք մի հատված հարցազրույցից։

...

-Վերջին ամիսներին Հայաստանի ներքաղաքական կյանքը նոր հուն է ստացել՝ հաշվի առնելով Ձեր հայտարարությունները առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցանկության մասին: Որքանո՞վ է այդ ցանկությունը Ձեզ համար դարձել վերջնական որոշում: Եվ այդ դեպքում ի՞նչ քաղաքական ուժերի և կուսակցությունների հետ եք Դուք պատրաստ համագործակցել:

-Իսկապես, 2015թ. աշնանը ես ցանկություն հայտնեցի մասնակցել Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ հաշվի առնելով իմ ունեցած՝ Հայաստանի քաղաքացիությունը, և գլխավորը՝ մտահոգությունը իմ Հայրենիքի ճակատագրով: Դժվար է ինձ համար հեռու մնալ Հայաստանի ճչացող խնդիրներից:

Խոշոր բիզնեսում և հասարակական-քաղաքական գործունեության մեջ հասնելով որոշակի արդյունքների, ձեռք բերելով համապատասխան փորձ՝ ձեռնարկատիրական և միջազգային պրակտիկայում, ազդեցիկ կապեր և հնարավորություններ՝ ես համոզված եմ, որ կարող եմ օգտակար լինել իմ Հայրենիքին նաև որպես քաղաքական գործիչ: Սակայն, մինչև վերջնական որոշում ընդունելը, ես ուշադրությամբ ուսումնասիրում եմ Հայաստանի ներկա իրավիճակը, հասարակությունում քաղաքական ուժերի բաշխվածությունը և իմ պոտենցիալ հնարավորությունները, վերջին շրջանում իմ կողմից ձեռնարկված մի շարք նախաձեռնությունների արդյունավետությունը՝ կապված «Ազգային միասնություն» հասարակական շարժման կազմկոմիտեի ստեղծման, Հայաստանի առանձին շրջաններում դրա տարածքային գրասենյակների բացման, ինչպես նաև տնտեսական և տեղեկատվական բնույթի եվրասիական նախագծերի, Ռուսաստանի Դաշնության և ԵՏՄ այլ երկրների հետ արտաքին տնտեսական համագործակցության ծավալների հստակեցման և ուղղությունների հետ: Տվյալ աշխատանքի արդյունքներով էլ մենք վերջնական որոշում կկայացնենք:

Ի՞նչ քաղաքական ուժի հետ եմ ես հույսեր կապում: Ինձ համար գլխավոր քաղաքական ուժը հայ ժողովուրդն է, Հայաստանի քաղաքացիները: Եթե իմ նախընտրական ծրագիրը հոգեհարազատ և ընդունելի կլինին նրանց համար, ապա ես համոզված եմ մեր հաջողության հարցում:

2015թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեից հետո սահմանադրական փոփոխությունները կհանգեցնեն նրան, որ Ընտրական նոր օրենսգիրքը կբացառի մեծամասնական համակարգով առաջադրումն ու ընտրությունները: Մնում է միայն կուսակցական ցուցակը: Ինչ վերաբերում է կուսակցաշինությանը և (կամ) համագործակցությանը, դեռևս որևէ հստակ բան ասելը համարում եմ վաղաժամ: Ներկա պայմաններում նոր քաղաքական կուսակցության ստեղծումը կլիներ շատ ավելի ռացիոնալ որոշում, բայց, թե ինչպես կլինի, ՀՀ արդարադատության նախարարությունն այս նախաձեռնությանը օբյեկտիվ վերաբերմունք կցուցաբերի՞, թե՝ ոչ, դժվար է ասելը:

Նաև քաղաքական համագործակցության հնարավորություն կա գործող որոշ կուսակցությունների հետ, որոնց մոտեցումները համահունչ կլինեն մեր գաղափարներին: Բայց, թե ովքե՞ր են նրանք և ո՞ւմ հետ մենք կարող ենք համագործակցել, ցույց կտա մոտ ապագան: Իմ կողմից ես պատրաստ եմ համագործակցել հայ հասարակության բոլոր առողջ ուժերի, Հայաստանում և Սփյուռքում շահագրգիռ բոլոր շրջանակների հետ, որոնք մտահոգված են Հայրենիքում առկա իրավիճակով և մտադիր են իրենց ավանդը ներդնել այն բարեկեցիկ դարձնելու համար:

Պետք է ընդգծեմ, որ մեր մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին որակապես նոր իրավիճակ կստեղծի նաև Հայաստան-Սփյուռք փոխարաբերություններում: Մենք հաճախ երկար խոսում ենք տնտեսության ոլորտում նման հարաբերությունների արդիականացման մասին, բայց առանց քաղաքական մասի համագործակցության՝ տնտեսությունում և այլ ոլորտներում դժվար է հաջողության հասնելը: Իմ արտասահմանյան այցերը, Ամերիկայում, Եվրոպայում ու Մերձավոր Արևելքի երկրներում մեր սփյուռքի ազդեցիկ ներկայացուցիչների հետ հանդիպումները թույլ են տալիս խոսել տվյալ նախաձեռնության վերաբերյալ նրանց մեծ հետաքրքրության մասին:

-Հայաստանյան մի շարք ԶԼՄ-ում (կայքեր, թերթեր) Դուք ենթարկվում եք այսպես ասած «քննադատության», ընդ որում՝ քննադատությունը վերաբերում է ինչպես Ձեր հասարակական գործունեությանը՝ ՌՀԱ-ի գլխավորությամբ, այնպես էլ՝ ընտանիքին: Ձեր կարծիքով, ինչի՞ հետ է դա կապված և ինչպե՞ս եք դրան վերաբերվում:

Քննադատությունը, եթե այն իր մեջ ճշմարտության նշույլ է պարունակում, միշտ էլ օգտակար է անհատի, հասարակության և պետության համար: Բայց եթե քննադատությունը քաղաքական կեղտոտ տեխնոլոգիաների, հավասար մրցակցության նկատմամբ պաթոլոգիկ ատելության հետևանք է և լրագրողական հանրության ծախվածության դրսևորում, ապա այդ երևույթը ոչ մի ընդհանուր բան չունի քաղաքական քննադատության հետ, և հավասար է ապօրինի մեթոդներին ու արտացոլում է քաղաքական փարիսեցիությունն ու փոքրոգությունը:

Ինչ վերաբերում է ՌՀՄ-ին, պետք է հստակ հասկանալ, որ այն ռուսաստանցի հայերի համայնքային հասարակական կազմակերպություն է, որը որևէ կերպ չի մասնակցում Հայաստանում քաղաքական գործընթացներին: Մեր գործունեության 15 տարիներին հասել ենք տպավորիչ արդյունքների և հաջողության. Ռուսաստանի մեր համայնքում այլ նախադեպեր չեն եղել: Անվիճելի է՝ մենք դեռ շատ բան ունենք անելու, և ես նրանցից մեկն եմ, ով բացարձակ չի ցանկանում կանգ առնել այս ձեռքբերումների վրա: Բայց, որպեսզի առաջ գնանք, մեզ պետք է ամրապնդել ռուսաստանցի հայերի ինքնակազմակերպումը, միավորել նրանց պոտենցիալը, այլ ոչ թե՝ բաժանել լավագույնների և վատագույնների: Այս բոլոր տարիների ընթացքում ես հաճախ եմ հանդիպել քննադատների, բայց նրանց թվում չի եղել մեկը, ով պատրաստակամություն կցուցաբերեր ոչ թե խոսքերով, այլ իրական գործերով և արդյունքներով իր ավանդը ներդնել ՌՀՄ-ի զարգացման գործում:

Ինչ վերաբերում է իմ ընտանիքին: Էթիկայից դուրս եմ համարում քաղաքական քննարկումների համատեքստում ընտանիքի և անձնական հարցերի արծարծումը: Ես մեր գերդաստանի բարի ավանդույթների շարունակող եմ և դրանք փոխանցում եմ իմ երեխաներին: Այն, ինչին հասել ենք ես և իմ ընտանիքը, կմաղթեի յուրաքանչյուրին: Կարող եմ ասել, որ հայաստանյան քաղաքականության մեջ մասնակցություն ունենալու իմ որոշումից ամենաշատը դժգոհ են իմ ընտանիքի անդամները: Վստահեցնում եմ ձեզ, անձամբ եսընտրությունների միջոցով իմ բարեկեցությունը հաստատելու կարիք բացարձակապես չունեմ: Այն, ինչ իրենց թույլ են տալիս որոշ անպատկառ լրագրողներ՝ և անցնելով թույլատրելիի սահմանները, իմ կարծիքով, հասարակությունում անառողջ մթնոլորտի և «խալիֆների» պատվերը կատարելու պաթոլոգիկ ցանկության հետևանք է: Ես մարդկայնորեն խղճում եմ նրանց: Ինչ են անելու նրանք վաղը, երբ վերանա նմանօրինակ «պատվերով համերգների» անհրաժեշտությունը: Ես ցավում եմ հայ ընթերցողների համար, որոնց տեղեկատվական օրակարգը մասամբ ձևավորում են նման վայ-լրագրողները:

Ցավոք, նմանօրինակ քննադատության «սիմֆոնիան» պայմանավորված է իշխանության համար քաղաքական պայքարի կեղտոտ տեխնոլոգիաներով, ինչը վերջին տասնամյակում լայնորեն տարածված է հետսովետական շատ երկրներում և, մասնավորապես, Հայաստանում:

Այնպես որ, ինչ-որ մեկին շատ է մտահոգում իմ թեկնածությունը, ով կապված չէ տեղական կլանների հետ և չի հետևում ծառայամտության ավանդույթներին:

Իմ վերաբերմունքը նման մեթոդներին քաղաքականապես զուսպ է: Չեմ բացառում, որ ապագայում, մեր նախընտրական ակտիվությանը զուգահեռ, այդպիսի քննադատությունն առավել կսաստկանա: Բայց ինչ արած՝ երբ քարավանը գնում է, ինչ-որ մեկը հաչում է:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք ընթերցել այստեղ։

Այս խորագրի վերջին նյութերը