Լրահոս

09.02.2016 15:55


Եվրախորհրդարանի անդամն անդրադարձել է ԼՂ հակամարտությանը

Եվրախորհրդարանի անդամն անդրադարձել է ԼՂ հակամարտությանը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 9-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի Եվրոպական խորհրդարանի Եվրոպական պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբի նախագահ Յան Զահրադիլին:

Գալուստ Սահակյանը շեշտել է, որ Եվրոպական միությունը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի կարեւոր գործընկերներից։

Կարեւորելով խորհրդարանների դերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում՝ Սահակյանը նշել է, որ խորհրդարանական ձեւաչափն այն հարթակն է, որը հնարավորություն է տալիս ազատ ու անկաշկանդ քննարկումներ ծավալելու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի։

Անդրադառնալով Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին՝ Ազգային ժողովի նախագահը կարեւորել է բազմակողմ համագործակցության ձեւաչափը, որը հնարավորություն է ընձեռում քննարկել տարածաշրջանին վերաբերող հարցեր: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարն ասել է, որ Հայաստանը պետք է օգտագործի այս համագործակցության հնարավորությունը, այլ ոչ թե խուսափի դրանից, ինչն անում է Ադրբեջանի պատվիրակությունը:

«Զարմանալի չէ նաեւ Ադրբեջանի կողմից կայացրած որոշումը` Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում անդամակցության դադարեցման վերաբերյալ»,- ասել է Գալուստ Սահակյանը:

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարեւորագույն առաջնահերթություններից մեկն է: Նա եւս մեկ անգամ փաստել է, որ հակամարտության լուծումը Հայաստանը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, ինչը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ձեւաչափն է:

Եվրոպական խորհրդարանի անդամ Յան Զահրադիլը նշել է, որ Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքն իր գործունեությամբ կնպաստի Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ակտիվացմանն ու ամրապնդմանը:

Յան Զահրադիլը, անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, նշել է, որ կողմ է հարցի երկխոսության ճանապարհով խաղաղ կարգավորմանը՝ իրավասու կառույցների լիազորությունների շրջանակում:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը