Աշխարհ

07.02.2016 11:35


Միջազգային հանրությունը դատապարտել է ԿԺԴՀ–ին հրթիռի արձակման համար

Միջազգային հանրությունը դատապարտել է ԿԺԴՀ–ին հրթիռի արձակման համար

Ավստրալիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, ԱՄՆ–ը, ՌԴ–ն և Չինաստանը դատապարտել են Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումը։

«Sky News»–ի փոխանցմամբ՝ Ավստրալիայի ԱԳՆ ղեկավար Ջուլի Բիշոփը շեշտել է, որ իր երկրի կառավարությունը միանում է Փհենյանի «պրովոկացիոն, վտանգավոր ու ապակայունացնող» կեցվածքը դատապարտող միջազգային հանրությանը։

«Հյուսիսային Կորեան շարունակում է սպառնալիք մնալ տարածաշրջանի և Երկիր մոլորակի համար»,–ասել է նախարարը։

«Միանգամայն անընդունելի» է համարել հրթիռի արձակումը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն։

CNN–ի տեղեկացմամբ՝ Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյինն էլ հայտարարել է, որ Պեկինը ցավում է Փհենյանի՝ միջազգային հանրությանը հակառակ որոշման համար։ Հրթիռի արձակումը «վշտացնող» փաստ է համարել ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը։

«Ռենհապն» էլ գրում է, որ Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Խեն կոչ է արել ՄԱԿ ԱԽ–ին խիստ պատժամիջոցներ սահմանել ԿԺԴՀ–ի դեմ։

Հրթիռի արձակումը դատապարտել են նաև ՌԴ–ն ու ԱՄՆ–ը։

«Հրթիռն արձակելով՝ ԿԺԴՀ–ն հերթական անգամ ցույց տվեց միջազգային իրավունքի նորմերի հանդեպ իր արհամարհանքը»,–հայտարարել են ՌԴ ԱԳՆ–ց։

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին այն տարածաշրջանին և ԱՄՆ–ին ուղղված սպառնալիք է համարել, նաև՝ ՄԱԿ ԱԽ հռչակագրի լրջագույն խախտում։

Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի պետական կենտրոնական հեռագրային գործակալությունը հայտարարել էր, որ հրթիռային կրիչով արբանյակի արձակումը բարեհաջող է անցել։ Չնայած ԿԺԴՀ–ի հավաստիացումներին, որ մտադիր էր հրթիռի օգնությամբ արբանյակ ուղարկել տիեզերք՝ շատերը ենթադրում են, որ Փհենյանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել։

Հյուսիսային Կորեայի հարցով ՄԱԿ ԱԽ արտակարգ նիստը նշանակված է այսօր՝ մոսկովյան ժամանակով 19.00–ին։

«Ռենհապի» փոխանցմամբ՝ Հարավային Կորեան ու ԱՄՆ–ը որոշել են պաշտոնական բանակցություններ սկսել կորեական թերակղզում ամերիկյան THAAD տեսակի ՀՕՊ համակարգեր տեղակայելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը