Քաղաքական

04.02.2016 17:55


Ստ.Մարգարյան. «Վարկ վերցնել, բայց իրականացնել ռազավարական ծրագիր»

Ստ.Մարգարյան. «Վարկ վերցնել, բայց իրականացնել ռազավարական ծրագիր»
Խորհրդարանում քննարկվում է 40 մլն դոլարի վարկային համաձայնագիրը, որի վերաբերյալ ելույթով հանդես են գալիս պատգամավորները:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը իր ելույթում անդրադարձավ վարկային ծրագրին և երկրում վարկային ծրագրերով ռազմավարական խնդիրներ չլուծելուն:

Ստեփան Մարգարյանն ասաց, որ Ազգային ժողովն ունի իր գործիքները ցանկացած ծրագրի արդյունավետությունը ստուգելու համար, դա կարող է իրականացնել Վերահսկիչ պալատը, և ասել, վարկային ծրագիրը, ծախսն արդյունավետ է, թե ոչ:

«Որևէ մեկը չի ասում, որ այս կամ այն մարզում ճանապարհ կառուցելը վատ բան է: Մենք ունենք ճանապարհներ, որոնք մեծ մասամբ ողբալի վիճակում են, բայց քանի որ երկիրն այնպիսի վիճակում է, բնականաբար, ստիպված ենք հաշվել ցանկացած դրամ, այս պարագայում նպատակահարմարը ոչ թե մարզում ճանապարհ ունենալ-չունենալն է դառնում, այլ մեր չունեցած գումարը որտեղ ծախսելը: Հայաստանն այնպիսի վիճակում է, որ գումարները կարող է ծախսել միայն ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհների վրա», - ասաց Ստեփան Մարգարյանը:
Պատգամավորի խոսքով` պարզ չէ, թե վարկային ծրագրերում ռազմավարությունն ինչին է ուղղված: Նա ասաց, որ չի հավատում այն մտքին, թե մարզային ճանապարհների կառուցումը աշխուժացնում է տնտեսությունը, այդտեղ ռազմավարական ծրագրի կարիք կա:

Պատգամավորի կարծիքով` երկրի համար լուրջ խնդիր է կայուն, ապահով և համեմատաբար էժան հաղորդակցության ուղիների բացակայությունն արտաքին աշխարհի հետ.«Այս խնդիրը մեր վրա կախված է դամոկլյան սրի նման:

«Վերջերս Չինաստանից առաջին պայմանական գնացքն եկավ Վրաստան, և մինչև տարեվերջ հաջորդ գնացքը կգնա դեպի Թուրքիա, որովհետև կառուցվում է Ղարս-Ախալքալաք երկաթուղին, մի փոքր հատվածն է մնացել շինարարության»,-ասաց նա:

Պատգամավորն ասաց, որ տարածաշրջանում արևելքից արևմուտք գնացքներ են գնում, ի վերջո, այս տարածաշրջանում Վրաստանն ու Ադրբեջանը դեպի հյուսիս ևս ճանապարհ ունեն, իսկ Հայաստանը չունի և մնում է առանց դրանցից օգտվելու, ինչը վտանգավոր է.
«Այսօր, քանի դեռ դա չկա, նրանց առավելությունը քիչ է, երբ այն սկսեց աշխատել, իսկ Հայաստանին թույլ չեն տալու օգտվելու, ապա այդ դեպքում ՀՀ-ն հայտվում է վտանգավոր իրավիճակում: Ես գտնում եմ, որ մարզային ճանապարհները պիտի կառուցվեն, բայց երբ ունես չնչին գումար և ստիպված պարտք ես վերցնում, և պարզ չէ, թե սա ռազմավարական ծրագիր է, թե ոչ, ապա ինչու չնչին գումարն այդտեղ ներդնել: Ես գտնում էի, որ Հյուսիս-Հարավ մայրուղին Մեղրիից պետք էր սկսել, այսօր մինչև Աշտարակ գնալը Հյուսիս-Հարավ չէ: Վարկ վերցնել, բայց իրականացնել ռազավարական ծրագիր»,-եզրափակեց պատգամավորը:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը