Կարծիք

04.02.2016 13:44


Դադարել ողբալ

Դադարել ողբալ
Քաղաքական և հասարակական մտքի խիստ անապատացման պայմաններում մեր երկրում ամենասիրված զբաղմունքը դարձել է ողբալը. Հայաստանը կործանվելու է, երկիրը փլվելու է, մարդ չի մնալու, տնտեսությունը մեռնելու է, բանկերը պայթելու են և այլն: Ողբալը տրենդի մեջ է: Ողբում են թե՛ հարուստները, թե՛ աղքատները, թե՛ արտագաղթողները, թե՛ մնացողները, թե՛ հավատացյալները, թե՛ աթեիստները, ու նաև ընդդիմադիրներն ու իշխանավորների մեծ մասը: Վերջիններս, իհարկե, միայն սրճարաններում` մասնավոր զրույցների ժամանակ, մյուսները` ամենուր և մեծ սիրով:

Նույնիսկ իրական պատերազմի և օրվա ռեժիմով արյունալի ողբերգությունների մեջ ապրող Սիրիայում, Իրաքում, Լիբիայում ողբն ավելի քիչ է, քան մեզ մոտ: Դեֆոլտի մեջ հայտնված, բազմամիլիարդանոց պարտքերի մեջ հայտնված, ծանրագույն հակաճգնաժամային պարտադրված ծրագրեր իրականացնող Հունաստանում չեն ողբում, Ուկրաինայում, որին, ամեն ինչից զատ, կարծես թե, նույն տնտեսական ճակատագիրն է սպասում, չեն ողբում: Փոխարենը` աշխատում են, պայքարում են, վիճում են, փնտրում են լուծումներ:

Հայաստանում կան լրջագույն խնդիրներ` տնտեսական, քաղաքական, սոցիալական, արդարության, արտագաղթի և այլն: Բայց ոչ թե ողբալ է պետք, այլ` աշխատել: Հայաստանում կա պատերազմի վտանգ, բայց ոչ թե ողբալ է պետք, այլ` զգաստանալ, հասկանալ` ինչ է պետք է անել, և անել ամեն ինչ` դրանից խուսափելու համար:

Ոչ իշխանական ուժերի աշխատանքն այլ բովանդակություն է ենթադրում և այլ հռետորաբանություն, իշխանությանը` այլ: Դրանք մեծ մասամբ իրար հակասող են: Բայց եթե այդ աշխատանքը կատարվում է, ապա այդ երկուսն իրենց ողջ անտագոնիզմով հանդերձ, նպաստում են նույն նպատակին` պետության զարգացմանը և խնդիրները լուծելուն: Ոչ իշխանական ուժերը բոլոր կարևոր հարցերի շուրջ պետք է ունենան հստակ տեսակետ, բոլոր ոլորտների համար՝ ծրագրեր, առաջարկությունների փաթեթ, լուծման տեսլականներ: Նրանք պետք է կարողանան դառնալ լսելի և համոզիչ հասարակության համար ու նաև` արտաքին աշխարհի: Պետք է կարողանան ձեռք բերել սոցիալական բազա: Սա է թիվ մեկ խնդիրը: Այդ դեքպում հաջողությունը երաշխավորված է` ցանկացած ընտրական օրենսգրքով:

Իշխանությունն այս պայմաններում ձգտելու է աշխատել լավ և փորձելու է գոնե կես քայլ առաջ լինել ոչ իշխանական ուժերի մտավոր, ծրագրային պոտենցիալից:
Իշխանությունն ունի լծակներ և կարող է կյանքի կոչել լավ գաղափարները ու լինել շահեկան վիճակում: Երկու ուժերը կգործեն իսկապես տարբեր դաշտերում, և նրանց տարբերությունը և բանավեճը կլինի քաղաքական հարթությունում: Սրանից պետությունը և հասարակությունը միայն կշահեն: Այստեղ չի լինի մորթելու, դավաճան հայտարարելու, ավազակ կամ ծախու ձևակերպելու, թշնամանքով և արյան ծարավով հարաբերվելու խաղի կանոնը: Այս պայմաններում իսկապես կձևավորվի համակեցության նոր բանաձև: Բայց սա պահանջելու է մարդկային ինտելեկտուալ ռեսուրս երկու կողմերում էլ:

Այսօրվա պարզունակ հարաբերությունները հանգում են սեզոնը մեկ հեղափոխության օր նշանակելուն, կոալիցիոն պորտֆելի աղերսին, էժան բանսարկություններին մի կողմից և “մեր դեմ խաղ չկա” ամենավտանգավոր գաղափարին` մյուս կողմից: Այ սա արդեն փակուղի է, սա արդեն իսկապես վտանգավոր է պետության համար, և այստեղ մտահոգվելու լուրջ առիթ կա:

Այս պայմաններում մտածող, առողջ գաղափարների ունակ զանգվածը մեկուսանում է` կամ ներքին էմիգրացիայի, կամ արտագաղթի ճանապարհով: Որովհետև ներկա խաղի կանոնները նրան խորթ են; Այսօր ՀայաստանումԳրին քարտի դիմող անձանց թիվն ավելի մեծ է, քան` ինքնուրույն միտք և սկզբունքային տեսակետ ունեցողներինը: Կախված այն բանից, թե դեպի որ կողմը կխախտվի այս բալանսը, կախված կլինի պետության հետագա ընթացքը:

Լուրջ մարդիկ, մտածող և պրոֆեսիոնալ մարդիկ կան բոլոր հիմնական քաղաքական ուժերում:Ինչու այս մարդկանց առկայությունը չի ապահովում լուրջ համակարգերի ձևավորում. Այ, սա պետք է փորձել հասկանալ:

Ձևափոխելով ռուսաստանցի հայտնի հրապարակախոսի միտքը` կարելի է ասել, որ այսօր Հայաստանում հասարակությունը չի շերտավորվում հարուստների և աղքատների, լիբերալների և պահպանողականների, իշխանության և ընդդիմության, այլ, ավելի պարզ`արտագաղթողների և մնացողների: Արդյոք մենք սա ենք ուզում:

Մենք առայժմ ունենք բավարար ռեսուրսներ` փոխելու այս միտումը: Հայաստանը չի կործանվելու, Հայաստանը չի մեռնելու, տնտեսությունը չի զրոյանալու, պետությունը չի դատարկվելու: Բայց դրա համար պետք է աշխատել: Իսկ սա արդեն դժվար է: Ողբալը ավելի հեշտ է: Իշխանությունը չզգաց լուրջ հակակշիռ` կաշխատի այնպես, ինչպես այսօր` ինչ կուզի կանի: Իշխանությունները ոչ մի կարևոր հարցի շուրջ իրենց նեղություն չեն տալիս հասարակությանը բացատրություններ տալ: Նույնիսկ հաջողված նախագծերի և քայլերի մասին են արդեն “ալարում” հասարակությանը հաշվետու լինել: Էլ չենք խոսում` մարտահրավերների, խնդիրների, ձախողված խոստումների մասով: Իսկ ինչու պետք է դա անեն: Ով է իրենցից դա պահանջում: Ստվերային գործարքներով ինքը կարող է բոլորին “համախոհ” սարքել: Բայց սա համակեցություն չէ` ի շահ պետության: Սա առևտուր է` ի վնաս պետության:

Ինչպես գտնել համակեցության ճիշտ բանաձևը: Իսկապես բոլոր հիմնական քաղաքական ուժերում կան լուրջ և պրոֆեսիոնալ մարդիկ: Եվ եթե խնդիր դրվի բովանդակային ռեֆորմացիայի, դրա համար կա և ռեսուրս և ժամանակ: Եվ ով ավելի գրագետ գործեց` կունենա հաջողություն: Նույնը վերաբերում է հնարավոր նոր ստեղծվելիք ուժերին: Եթե գիտակցեն ճիշտ աշխատելու նախապայմանը և հրաժարվեն նախկին` երկու տասնյակից ավել տարիների սխալներից , ապա միանշանակ հաջողություն կունենան: Հակառակ դեպքում կլինեն նույն սխալները: Մեր երկրում զարմանալիորեն այնպիսի բաներ են կրկնվում, որոնք վաղուց արդեն պետք է գիտակցված լինեին և երբեք չկրկնվեին: Սկսած իշխող ուժից մինչև գործող մյուս ուժերը, նոր ստեղծված և ստեղծվելիք ուժերի, ռեֆորմացիայի արդյունքում արձանագրված հաջողություն ոչ միայն կուսակցական, այլ պետության հաջողությունն է լինելու:

Հասարակության բոլոր խավերում առկա բացասական սպասումները այսօր կարող են զրոյացնել ցանկացած զարգացում: Հասարակության մեջ առկա տոտալ բացասական սպասումները կարգելակեն ցանկացած բարեփոխում, դրական միտում: Հնարավոր չի լինի որևէ իրական տնտեսական հաջողություն: Եթե այդ սպասումները չվերացվեն, չկոտրվեն, չհաղթահարվեն` շատ դժվար է լինելու որևէ էական հաջողություն ունենալ: Իսկ ինչպես հաղթահարել այդ արգելքը, ինչպես մեղմել բացասական սպասումների և հուսալքության տրամադրությունները: Սա ցանկություններով կամ հրամանագրերով չի լինում: Սա կոնկրետ ու նպատակադրված աշխատանք է: Սա կոնկրետ քայլերի հերթականություն է ենթադրում: Որտեղ իրենց հսկայական անելիքն ունեն թե իշխանությունները, թե իշխանությունից դուրս գտնվող շրջանակները: Ով կամ ովքեր կսկսեն այս ամենը նախաձեռնել, ով կամ ովքեր կդնեն սկիզբը` նրանք էլ կդառնան բնական ճանապարհով ձևավորված պատմական դեմքերը:

Վահե Հովհաննիսյան
ՀՀ ԱԺ պատգամավոր

Այս խորագրի վերջին նյութերը