Քաղաքական

02.02.2016 16:53


Վ. Բաղդասարյան. «ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիան կբարձրացնի դաշնակների հեղինակությունը»

Վ. Բաղդասարյան. «ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիան կբարձրացնի դաշնակների հեղինակությունը»

«tert.am»ի փոխանցմամբ՝ ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում պնդել է՝ ՀՀԿ-ն հայաստանյան քաղաքական դաշտի ամենահեղինակավոր կուսակցությունն է, և ընդհակառակը՝ ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիան կբարձրացնի դաշնակների հեղինակությունը:

Իսկ թե ինչպես են պատրաստվում ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմել այն դեպքում, երբ դաշնակցական Արմեն Ռուստամյանը հայտարարել էր, թե ՀՀԿ-ն այսօր հեղինակազրկված է, ու իրենք համագործակցում են հեղինակազրկված իշխանությունների հետ, որպեսզի փոխեն մթնոլորտը, ինչպես փոխեցին Սահմանադրությունը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանել է.

«Դա կարելի է մեկնաբանել տարբեր կերպ, և մենք խնդրեցինք, որ մեկ անգամ ևս պարզաբանի Ռուստամյանը: Ես չեմ կարծում, որ հեղինակազրկված իշխանության հետ ցանկություն կունենա գործընկերություն անել մեր գործընկերը: Քանի որ բարձր եմ գնահատում Ռուստամյանին, չեմ կարծում, որ այդ իմաստով է ասել, քանի որ կային «եթե»-ներ»։

ՀՀԿ խմբակցության ղեկավարը համաձայնել է՝ այո, այսօր կան խնդիրներ:

«Սակայն, միևնույն է, ՀՀԿ-ն մնում է մեր քաղաքական դաշտի ամենահեղինակավոր կուսակցությունը, և մենք կարիք չունենք, որ մեզ միանան քաղաքական ուժեր մեր հեղինակությունը բարձրացնելու համար: Մենք ունենք համագործակցության կարիք՝ երկրի զարգացման քաղաքական գիծն ավելի ճիշտ տանելու համար: Խորհուրդ կտամ մեր դաշնակցական գործընկերներին՝ մի փոքր զսպեն էմոցիաները, և մենք ավելի լուրջ բանակցությունների մեջ ենք և լուրջ խնդիր ենք ցանկանում կարգավորել, ոչ թե նժարի վրա ենք դնում, թե ում հեղինակությունն է բարձր»,- ասել է նա:

Դիտարկմանը, որ, ըստ ՀՅԴ-ի, իրենց աջակցությամբ են անցել Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնված սահմանադրական փոփոխությունները, Վահրամ Բաղդասարյանն արձագանքել է.

«Մեզ աջակցել է ոչ միայն ՀՅԴ-ն, այլև այլ քաղաքական ուժեր: Կարելի է հետ գնալ նախորդ ընտրություններ և հասկանալ, թե ով ինչքան ձայն է հավաքել և չեմ կարծում, որ հանրաքվեն 100 տոկոս շեղում տար, մենք մեր ձայները պահպանել ենք: Նրանք մեզ աջակցել են, և դա իրենց սուրբ պարտք է եղել, քանի որ տարիներ շարունակ խոսել են պառլամենտական համակարգի մասին»:

Մանրամասները՝ «tert.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը