Մեկնաբանություն

02.02.2016 14:55


ՀՅԴ–ն՝ կոալիցիայի ու համագործակցության արանքում

ՀՅԴ–ն՝ կոալիցիայի ու համագործակցության արանքում

ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն հեռակա լեզվակռվի մեջ են մտել։

Ուշագրավն այն է, որ առավել ագրեսիվ է իրեն պահում ՀՅԴ–ն (ՀՅԴ–ական պատգամավոր Արմեն Ռուստամյանը ՀՀԿ–ին համարում է հեղինակազրկված, ՀՀԿ մամլո խոսնակ Շարմազանովը խորհուրդ է տալիս նրան զգացմունքային գնահատականներ չտալ, իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավարը սպառնում է, որ եթե Ռուստամյանը մեկ անգամ էլ պնդի, որ իշխանությունը հեղինակազրկված է, ապա իրենք հետևություն կանեն), մինչդեռ հակառակը պետք է լիներ, քանզի ՀՅԴ–ին չեղած տեղը պաշտոն է առաջարկվում, ինչը հնարավորություն կտա այդ կուսակցությանն ապագա խորհրդարանական ընտրությունների ժամանակ հինգ տոկոսը հաղթահարելու հույս ունենալ՝ վարչական լծակների ու պաշտոններից ստացվող ստվերային եկամուտների միջոցով։

ՀՅԴ–ի ու ՀՀԿ–ի ներկայիս լեզվակռիվը հիշեցնում է այն դեպքը, երբ տղայի կողմը գնում է աղջիկ ուզելու, վերջինիս տնեցիները սկսում են գոռգոռալ, թե բա՝ ձեր տղան լավը չէ. նրա շրջապատում միայն փողոցային խուժաններ են, ու նա արժանի չէ մեր գյոզալական աղջկան (ում իրական արժանիքը, հայտնի պատճառներով, «տանը մնացած» լինելն է), բայց քանի որ արդեն մեր աղջիկը ձեր տղայի հետ ման է եկել, ուստի, նամուսի ու պատվի խաթեր, տալիս ենք։

Ասել է թե՝ կողմերն իրար հետ ուզում են «ամուսնանալ», բայց դա անում են շուխուրով ու փորձում «հարսանիքի» ծախսի համամասնության չափը որոշել. «տղայի» կողմը գժվում է, թե ինչու պետք է «հարսի» տնեցիները ոչ մի ծախս չանեն, բայց «հարսանիքին» հավասար քանակով մարդ հրավիրեն և ուրիշի հաշվին սեփական բարեկամներին ուտուշ–խմուշի մասնակից դարձնեն։ Մի խոսքով, տեղի է ունենում «քյարթու բազառ»։

Սա՝ «ֆոլկլորի» մասով։

Ինչ վերաբերում է ամուսնության «քաղաքական» կողմին, ապա պետք է նկատել, որ ՀՅԴ–ականները սկսել են խոսել համագործակցությունից։ Այնինչ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հստակ հայտարարել էր, որ եղել է կոալիցիա կազմելու առաջարկ, և իրենք տվել են սկզբունքային համաձայնություն։

Մարգարյանի այդ հայտարարությունից հետո ՀՀԿ–ից տարատեսակ արձագանքներ եղան, ինչից երևաց, որ ՀՀԿ–ում այնքան էլ ոգևորված չեն որևէ արժեք չներկայացնող ՀՅԴ–ի հետ կոալիցիա կազմելու գաղափարից, այն էլ՝ ընտրությունների նախաշեմին։

Բայց խնդիրն այն է, որ ՀՅԴ–ին կոալիցիա է առաջարկում ոչ թե ՀՀԿ–ն՝ որպես իշխող ուժ (այն վաղուց այդպիսին չէ), այլ Սերժ Սարգսյանը, ով իր ձեռքում է կենտրոնացրել իշխանական ռեսուրսները և ցանկանում է մի կողմից ՀՅԴ–ով «փչացնել» ՀՀԿ–ին, իսկ մյուս կողմից էլ՝ ՀՅԴ–ի միջոցով հետագայում որոշակի չափով պաշտպանվել նույն ՀՀԿ–ից։

Բանն այն է, որ Սերժ Սարգսյանն ամեն գնով անցկացրեց նոր Սահմանադրությունը, բայց, միևնույն ժամանակ, իրեն հարմարավետ չի զգում, քանզի շատ լավ հասկանում է, որ նոր խաղի կանոնների շրջանակներում ժամանակի ընթացքում մեծանալու է իր կախվածությունը ՀՀԿ–ից, և, միևնույն ժամանակ, փոքրանալու է ՀՀԿ–ի կախվածությունը Սերժ Սարգսյանից։ Դա է պատճառը, որ նա զգացել է ՀՅԴ–ի կարիքը։ ՀՅԴ–ն էլ իր հերթին արձանագրելով Սերժ Սարգսյանի վախերը՝ փոխել է հռետորաբանությունը և փորձում է հա՛մ հաճույք ստանալ, հա՛մ կույս մնալ, այն է՝ հա՛մ պաշտոն ստանալ, հա՛մ իշխող ուժին քննադատել (ուշադրությո՛ւն դարձրեք. ՀՅԴ–ն հեղինակազրկված է համարում ՀՀԿ–ին, այլ ոչ թե Սերժ Սարգսյանին. վերջինիս անունը ՀՅԴ–ականները չեն տալիս և, ըստ էության, տարանջատում են Սարգսյանին ՀՀԿ–ից), համ էլ այդ ամենի անունը դնել ոչ թե կոալիցիա, այլ համագործակցություն։ Այսինքն՝ ՀՅԴ–ն ուզում է իշխանության մեջ Սարգսյանի հաշվին փայ ստանալ ու որևէ պատասխանատվություն չկրել, իսկ այդպես, բնականաբար, չի լինում։

ՀՀԿ–ականներին հենց այդ հանգամանքն է նյարդայնացրել, ու նրանք ներքին բունտ են անում Սերժ Սարգսյանի դեմ։ Բունտն այդ դեռևս դրսևորվում է «եզովպոսյան» լեզվով, բայց ժամանակի ընթացքում այն ավելի բացահայտ է դառնալու։ Քանզի ՀՀԿ–ում էլ են շատ լավ հասկանում, որ Սերժ Սարգսյանը փորձում է «Ազատվե՛նք ՀՀԿ–ական օդիոզ դեմքերից» դեմագոգիկ լոզունգի ներքո «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցել ու առաջիկայում ձևավորվելիք խորհրդարանը վերածել «խունվեյբիններով» ու ՀՅԴ–ատիպ հաճախորդներով լցված «անասնաֆերմայի», որի պայմաններում նեոբոլշևիզմ կտիրի, և հիմնական զոհը կլինեն հենց իրենք։ Դե, իսկ հանրությունն արդեն վաղուց զոհի կարգավիճակում է հայտնվել։

ՀՀԿ–ում հիմնականում դեմ են կոալիցիայի գաղափարին, սակայն, ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյան–ՀՅԴ գործարքը ՀՀԿ–ի հաշվին կկայանա, որովհետև գործարքի կողմերն իրար կարիքն ունեն։ Հարցն այն է, թե ինչ գնով կկայանա գործարքը (Սարգսյանն, իր ոճին հավատարիմ, գին է գցում ու փորձում էժանացված տարբերակով ՀՅԴ–ին «երկխոսացնել». նա դրա փորձն ունի), և ինչ հետևանքների այն կբերի ներիշխանական համակարգում։

Ինչ մնում է հանրությանը, ապա այն, հասկանալի պատճառներով, թքած ունի այս ամենի վրա։ Հանրությունը լուռ հետևում է և սպասում, որպեսզի վերջում տեսնի, թե ինչ որոշում է կայացնելու։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը