Մեկնաբանություն

01.02.2016 11:41


Անորոշություն և անկայունություն

Անորոշություն և անկայունություն

Եթե բնութագրելու լինենք Սերժ Սարգսյանի նախագահության ութ տարիները, ապա ավելի հարմար բառեր, քան անորոշությունն ու անկայունությունն է, դժվար է գտնել։

Անորոշություն և անկայունություն է եղել հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում։ Ընդ որում՝ այդ վիճակում են գտնվել նաև իշխանական համակարգի ներսում։

Անորոշության և անկայունության զգացողությունը երբեք չի լքել անձամբ Սերժ Սարգսյանին, ով չի վստահում իր «թիմակից» կոչվածներին, հաճախորդներին, «քաղաքացիականներին», քծնող մտավորականներին, «շե՛ֆ ջան, ոնց ասես» ասողներին, իր նեղ շրջապատին, իրեն աջակցող ծախու մամուլին, դրսի ուժերին։ Մի խոսքով, բոլորին։ Սարգսյանը չի վստահում, քանի որ գիտի, որ իրեն էլ չեն վստահում, և ունեն չվստահելու լուրջ հիմքեր։

Այլոց չվստահելն ու կասկածամտությունն է պատճառը, որ ՀՀԿ ղեկավարին ստիպում են ցմահ իշխանության մեջ մնալու ծրագրեր մտածել, այլ ոչ թե քաղաքական ժառանգորդ պատրաստել։

«Սահմանադրական» հեղաշրջումը, սակայն, Սարգսյանի համար չի լուծում անորոշության ու անկայունության հետ կապված հարցերը։ Նոր Սահմանադրությունն անորոշության ու անկայունության գեներացիա ապահովող փաստաթուղթ է։

Անորոշությունն ու անկայունությունը խորհրդարանական կառավարման համակարգին ներհատուկ երևույթներ են, առավել ևս, եթե գործ ունենք չկայացած կուսակցական համակարգի հետ, որի պայմաններում ցանկացած պահի կարող է քաղաքական «ռասկլադ» փոխվել, ու «պատմական» խիարը թարս բուսնել։

Որքան էլ Սարգսյանին հաջողվի տոկոս «խփել» առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ, միևնույն է, ամեն վայրկյան կա ամեն ինչ կորցնելու տարբերակ։ Հատկապես որ 2017–ից հետո իր դիրքերը թուլանալու են, իսկ 2018–ից հետո ընդհանրապես ամեն ինչ փոխվելու է։ Սկսվելու է կոլեկտիվ անպատասխանատվության և «ոհմակային» ախորժակի բացահայտման փուլը։ ՀՀԿ ղեկավարը հենց սրանից է վախենում։ Վախենում է իր «թիմակիցներից» (դե, իսկ կազմակերպված հանրությունից նա միշտ է վախեցել)։ Դա է պատճառը, որ նա գրեթե զրոյական վարկանիշ ունեցող ՀՅԴ–ին ուզում է իշխանական համակարգի մեջ մտցնել։ Դա արվում է նաև ՀՀԿ–ից ապահովագրվելու համար, բայց, միևնույն է, բան չի փոխվելու, որովհետև մեր երկրում առկա խնդիրները մնում են չլուծված։ Այդ խնդիրները մշտական անկայունության ու անորոշության աղբյուր են։

Անորոշությունն ու անկայունությունը կլինեն Սերժ Սարգսյանի մշտական ուղեկիցները, քանզի «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցումն այլ բան չի ենթադրում։

Հայաստանում, հետևաբար, անորոշությունն ու անկայունությունը կվերանան, և մենք կայուն զարգացման հնարավորություն կստանանք միայն քաղաքական փոփոխությունների դեպքում։ 2017ի ընտրություններն այս առումով շատ կարևոր են։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը