Կարծիք

27.11.2009 09:16


Հայ-թուրքական հարա– բերությունների արհեստական մեկուսացման վտանգները

Հայ-թուրքական հարա– բերությունների արհեստական մեկուսացման վտանգները

Վերջին շրջանում տեղ գտած ներքաղաքական իրադարձությունների, «եղիազարայնթապցիական» դիսկուրսների, հանրապետական կուսակցության հերթական «վամպիրացման», Ալիևի պատերազմի մոտալուտ սկսվելուն ուղղված աննախադեպ կոշտ հայտարարության ու մյունխենյան բանակցությունների ֆոնի վրա մի տեսակ երկրորդ պլան են մղվում հայ-թուրքական բանակցային ու հաշտեցման գործընթացը և կարծես աշխարհն էլ դրան սկսում է վերաբերել որպես արդեն կայացած մի իրողության՝ առանց խորանալու հարցերի բարդ ոլորանների մեջ: Համաշխարհային շատ ակտորների անտարբերություները մեր խնդիրների նկատմամբ առաջին հերթին գալիս է հենց մեր իսկ անտարբերությունից, համակողմանի վերլուծությունների առատության բացակայությունից և որ շատ կարևոր է ներքաղաքական ու նաև հայ-թուրքական հարաբերությունների ողջ դինամիկան համաշխարհային թատերաբեմում գոյություն ունեցող գործոնների հետ պայմանավորելուց:

Ասվածի թեկուզև ամենավառ վկայությունը հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական վերջին շրջանի «մերձեցումների» ֆոնին Իրանի կողմից պահպանվող հարաբերական անդորրն է: Միգուցե այս անդորրը բնական թվար, եթե չլիներ Իրան-Հայաստան հարաբերությունների նախկին փորձը, երբ Հայաստանի կողմից որևէ «նատոյական» կամ «արևմտյան խաղ» ուղեկցվում էր Իրանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց այցերով կամ էլ եթե հիշենք Իրանի խաղացած հսկայական միջնորդ առաքելությունը հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հաղթահարման ժամանակ: Մյուս կողմից հաշվի առնելով Իրանի անթաքույց աշխարհաքաղաքական ծրագրերը, միջուկային էներգիա ստանալու նրա անզիջում ջանքերը, իսլամական աշխարհում ունեցած դերն ու Թուրքիայի հետ այդ հողի վրա մշտապես ուղեկցված առաջնահերթության պայքարը, ապա պետք է ասենք որ միամտություն կլիներ կարծել, թե Իրանը անտարբեր է տարածաշրջանային խնդիրների նկատմամբ ու նրան ամենևին էլ չեն մտահոգում հայ-թուրքական գործընթացները: Սակայն ինչո՞վ է պայմանավորված Իրանի համենայն դեպս արտաքուստ թվացող հանդարտությունը: Արդյոք նրանով, որ կա բավականին անխախտ ներքին համաձայնություն Իրանի հետ կամ Իրանին ձեռնտու է իրերի նման զարգացումը և կամ էլ Իրանը զբաղված է իր համար ներկա փուլում առավել կարևորություն ունեցող խնդիրներով և որոշակի փուլում, այնուամենայնիվ, իր վճռորոշ խոսքը կասի:

Միևնույն ժամանակ պետք է չէ անտեսել թուրք-իրանական վերջին շրջանի բավականին ջերմ բանակցությունները, որոնց հնարավոր նպատակների շարքում պետք չէ բացառել իսլամական աշխարհում նոր տանդեմի ի հայտ գալու փաստը' ուղղված աշխարհաքաղաքական խաղացողների կամայականությունների ու ճնշումների դեմ: Այս տեսանկյունից բավականին օրինաչափ է թվում ԱՄՆ-Թուրքիա և Իրան-Ռուսաստան հարաբերություններում նկատվող որոշ սրացումները: Մասնավորապես Իրանը արդեն հայտարարում է Ռուսաստանին դատի տալու հնարավորությունների մասին, եթե վերջինս չկատարի զենիթային հրթիռները Իրանին չմատակարարելու պայմանագրային պարտավորությունները, ինչն ուղղակիորեն կարող է կապված լինել միայն ԱՄՆ-ի հետ ունեցած որոշակի պայմանավորվածություններով ու փոխզիջումներով:

Որքան էլ զարմանալի չհնչի Ռուսաստանին ու ԱՄՆ-ին անհանգստացնում է իսլամական աշխարհի երկրների ինքնուրույնության էլեմենտների ի հայտ գալը և, չնայած ունեցած հսկայական հակասություններին, գերտերությունները պատրաստակամություն են դրսևորում փոխադարձ օգնություն ու համագործացկություն ցուցաբերել Աֆղանստանի, Իրանի ու մի շարք այլ երկրների պարագայում: Այս ամենի համատեքստում է տեղավորվում նաև Ռուսաստանի կողմից «ջերմության նվազեցումը» Հյուսիսային Կորեայի նկատմամբ, որի անկանխատեսելիությունը չի կարող լուրջ անհանգստություն չպատճառել աշխարհաքաղաքական ակտորներին: Այս տեսանկյունից պետք է նշել, որ չնայած հանթինգտոնյան տեսության բազմիցս քննադատված լինելու հանգամանքին, այնուհանդերձ, այսօր ականատեսն ենք Թուրքիայի կողմի այդ տեսությունը պրակտիկ քաղաքականության վերածելու փորձերի: Չնայած արմատական տեղաշարժեր աշխարհաքաղաքական վեկտորների փոփոխության առումով դեռևս հստակորեն չեն նկատվում, այնուահանդերձ որոշ հեռանկարներ ուրվագծվում են ու դրանում մեծ դեր խաղաց Եվրոպական միության կողմից Թուրքիայի անդամակցությունը շարունակաբար մերժելու գործընթացը: Թուրքիայի ներկայիս իշխանությունը, ունենալով հստակ գաղափարական հենք ու իսլամիստական արժեքների քարոզչությունն ուժեղացնելով, հստակորեն ցույց է տալիս Եվրոպային ու որոշ իմաստով նաև ԱՄՆ-ին, որ մերժման կամ շարունակական ճնշումների արդյունքում Թուրքիան կարող է երես դարձնել Եվրոպայից ու նրա արժեբանական համակարգից ու ինտեգրվել իրեն ավելի հոգեհարազատ իսլամական աշխարհին: Թուրքական բանակն էլ կարծես, իբրև Աթաթուրքի կողմից հռչակված աշխարհիկ սկբունքների հիմնական պաշտպան, կորցրել է իր երբեմնի դերն ու ակնհայտորեն չի միջամտում Էրդողանի ու Գյուլի կողմից վարվող այս արտաքին քաղաքականությանը: Այս տեսանկյունից կարելի է միամտություն համարել ԱՄՆ-ի ու Եվրոպայի կողմից Թուրքիայի նկատմամբ ճնշումների գործադրման մասին խոսակցությունները Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ու սահմանը բացելու վերաբերյալ, ինչը միանգամայն հիմնավորված կարելի է համարել Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի հարցում կատարած հայտարարությունները ու այդ հայտարարությունների նկատմամբ ԱՄՆ, եվրոպացի ու նաև ռուս պաշտոնյաների, եթե չասենք, անտարբերությունը, ապա անորոշ լռությունը:

Իսկ որն է այս ամենի մեջ Եվրոպայի դերը: Եվ այնուամենայնիվ արդյոք Եվրոպային հաջողվելու է ի հայտ բերել միասնական դիրքորոշում ու տարաբնույթ հարցերի նկատմամբ դրսևորել միասնական քաղաքական մոտեցում: Այն որ Եվրոպական միության երկրների դերը առանձին-առանձին բավականին թուլացել էր ու Եվրոպային էր վերապահվել զուտ «արժեքային» գործոնի պահպանման դերը, դա բավականին լավ ընկալում են նաև իրենք' եվրոպացիները, որի լուծմանն էլ ուղղվեց վերջին շրջանում Եվրոպական միության միասնական ճակատով հանդես գալու ջանքերը ու այդ նպատակով ընտրվեցին պաշտոնատար անձինք' գլխավորությամբ Բելգիայի վարչապետի: Որոշ փորձագետների կարծիքով միասնականացման այդ ջանքերն ուղղված էին ԱՄՆ-ի դեմ, սակայն պետք է նշել, որ հատկապես Հարավային Կովկասի հետ կապված խնդիրների լուծման ժամանակ եվրոպացիները հանդես են գալիս մեկ ընդհանուր «արևմտյան» արժեբանական մոտեցումների դիրքերից ու շատ հաճած եվրոպացիների դիսկուրսում նկատելի է այն հանգամանքը, որ նրանք առավել մեծ ուշադրություն են դարձնում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ու պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարություններին ու այցերին, քան ասենք Ֆրանսիայի նախագահի ու Գերմանիայի կանցլերի դիրքորոշումներին: Եվ սա պատահական չէ հատկապես աֆղանական ու իրաքյան պատերազմներից հետո, երբ, որոշ բացառությամբ, Եվրոպան սատարեց ԱՄՆ քաղաքականությունը, այդ ժամանակից հետո էլ եվրոպական դիրքորոշումը բավականին թուլացավ կամ էլ նույնացվեց ԱՄՆ դիրքորոշման հետ: Այս առումով պետք է նշել, որ եվրոպական հանրային գիտակցության ու դիսկուրսի մեջ էլ բավականին արմատավորվել է վերոնշյալ մոտեցումը ու հաճախակիացել ԱՄն պետական պաշտոնյաների խոսքերի մեջբերումներն այս կամ այն հարցի կապակցությամբ:

Աշխարհաքաղաքական գործոնների շարքում այլ է Չինաստանի ունեցած մոտեցումը: Չինական գլոբալիզացիան արդեն բավականին երկար ժամանակ է սկսել է անհանգստացնել թե ռուսներին, թե ամերիկացիներին և թե եվրոպացիներին, սակայն գործնական ու արդյունավետ քայլեր օրեցօր հզորացող այդ երկրի դեմ կարծես թե այլևս հնարավոր էլ չէ իրականացնել: Հավատարիմ մնալով կոնֆուցիա-սոցիալիստական սկզբունքներին' Չինաստանը տնտեսական ու ժողովրդագրական գլոբալիզացիային զուգահեռ սկսել է իրականացնել մշակութային արժեքների տարածում' ի դեմս ամբողջ աշխարհով պետական ֆինանսավորմամբ գործող կոնֆուցիական քոլեջների: Առերևույթ, սակայն, Չինաստանը չի խառնվում «իրեն չվերաբերվող» պրոբլեմների մեջ ու զբաղված է մաքուր լիբերալիստական մոտեցմանը հարիր արտքաին տնտեսական քաղաքականություն վարելով, այսինքն' առաջնային համարելով տնտեսական խնդիրները դրանք ստորադասելով քաղաքականից: Սակայն դա միայն արտաքին ու ոչ խորքային վերլուծական մոտեցում կարող է լինել, քանի որ Չինաստանի նմանատիպ մոտեցումների տակ թաքնված են բավականին հստակ, գերտերությանը բնորոշ քաղաքական նպատակներ: Այդ մասին հաճախ չի բարձրաձայնվում, քանի որ Չինաստանին երբևէ բնորոշ չի եղել ագրեսիվ արտաքին քաղաքականությունը, ինչպես ասենք ԱՄՆ-ի ու Ռուսաստանի պարագայում:

Վերը նշվածի ֆոնին էլ այսօր տեղի են ունենում աննախադեպ զարգացումներ Հարավային Կովկասում ի դեմս հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերությունների: Հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների, սահմանի բացման հարցերում գոյություն ունի ԱՄՆ-եվրոպական միասնական դիրքորոշում, իսկ Ռուսաստանն էլ աջակցում է այդ հարաբերությունների բարելավմանը' ունենալով իր հստակ աշխարհաքաղաքական օրակարգը: Ասել, թե Ռուսաստանի շահը միայն Վրաստանի մեկուսացմանը հասնելն է, նշանակում է ոչինչ չասել հայ-թուրքական հարաբերություններում Ռուսաստանի ունեցած դերի մասին, որն, ինքնին, հասկանալի է, առանց վերջինիս թույլտվության ու մասնակցության հնարավոր չէր լինի պատկերացնել:

Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի անվտանգության ու ապագայի համար առավել կարևոր են վերջին շրջանում տեղ գտած Ադրբեջան-Ռուսաստան աննախադեպ բարեկամացումը ու Ադրբեջանի կոշտ հայտարարությունները Եվրոպայի ու, հատկապես, ԱՄՆ-ի նկատմամբ: Եթե դրան գումարելու լինենք նաև Նաբուկոյի մշուշոտ հեռանկարը, Ռուսաստանին ադրբեջանական նավթի նկատմամբ իրավունքներ շնորհելն ու թուրքմենական գազը դեպի Չինաստան ուղղորդելու ռուսական նախաձեռնությունները, ապա պարզ կդառնա, որ Ռուսաստանը հայ-ադրբեջանական խնդիրների լուծման գործում որդեգրելու է ընդգծված ադրբեջանամետ դիրքորոշում: Մինչմյունխենյան հանդիպումը Ալիևի արած հայտարարությունը, հանդիպումից հետո հայր Ալիևի արձանի բացման արարողության մասնակցությունը Ուլյանովսկ քաղաքում, Դ. Մեդվեդևի կողմից օդնավակայանում Ալիևին անձամբ դիմավորելու փաստը և երկարատև քննարկումները ղարաբաղյան հարցի շուրջ վկայում են միայն մեկ բանի մասին: Ադրբեջանը որոշել է Լեռնային Ղարաբաղի հարցը լուծել հիմնականում Ռուսաստանի աջակցությամբ' դրա փոխարեն հատուցելով ադրբեջանական նավթով: Եվ կարծես թե Ռուսաստանը հերթական անգամ պատրաստվում է զոհասեղանին դնել իր «ռազմավարական դաշնակցին», քանի որ ադրբեջանական նավթի նկատմամբ իրավունքների ձեռքբերումը ու Միջին Ասիայի երկրների ու նրանց ռեսուրսների նկատմամբ ԱՄՆ ունեցած նկրտումների ի չիք դարձնելը, Չինաստանին իր վերահսկողության տակ գտնվող ենթակառուցվածքներով իրենից կախվածության մեջ պահելը առավել կարևոր ու աշխարհաքաղաքական խոշոր առաջնահերթություն է, քան Լաչինն ու Քելբաջարը:

Այս համատեքստում ավելի ահասարսուռ են հնչում Էրդողանի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի կարգավորման հետ կապված, քանի որ դրանք ոչ միայն զուտ հայտարարություններ են  դառնում, այլ ռուսական շահի վեկտորում կատարվելիք ապագա գործողություննեերի մասին հավաստիացում' հաշվի առնելով նաև Պուտին-Էրդողան բանակցությունները ու դրանցից հետո արված հայտարարությունների բովանդակությունը:

Ինչ վերաբերվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում միջնորդի դեր ստանձնած ԱՄՆ-ի հնարավոր ճնշումներին Թուրքիայի նկատմամբ, ապա կարծում եմ, որ դրանք իրականում հայտարարություններից այն կողմ չեն անցնելու ու Հայաստանին բարոյական աջակցություն ցույց տալու համար ԱՄՆ-ը երբեք չի հրաժարվի տարածաշրջանում իր ռազմավարական գործընկերոջից ու միլիարդավոր ներդրումներից:

Այս ամենը հաշվի առնելով ու վերլուծելով աշխարհաքաղաքական վերջին զարգացումները' տեսնում ենք, որ Հայաստանը հերթական անգամ հայտնվել է բավականին բարդ, եթե չասենք փակուղային իրավիճակում ու այս իրադրությունից դուրս գալու ռեալ երկու եղանակ կա. ա/ գնալ իրական զիջումների ու բավարարել թե աշխարհաքաղաքական խաղացողների ու ադրբեջանաթուրքական տանդեմի պահանջները կամ բ/ հրաժարվել գոյություն ունեցող իշխանությունից ու ժողովրդի կողմից ընտրված ու նրա աջակցությունը վայելող նոր իշխանությունների միջոցով ընդդիմանալ բոլոր տեսակի հակազգային ճնշումներին ու կառուցել որակապես նոր երկիր ազգային-ժողովրդավարության սկզբունքով:

Հովհաննես Հովհաննիսյան

Այս խորագրի վերջին նյութերը