Կարծիք

14.01.2011 16:29


Առանց արտաքին քաղաքականության

Առանց արտաքին քաղաքականության

Դեռևս հունվարի կեսերն են, բայց Հայաստանում հաստատված վարչախմբի արտաքին քաղաքականությունը հասցրել է նոր տապալումներ արձանագրել: Իսկ եթե ավելի պարզ արտահայտվենք, ապա պետք է ասենք, որ մեկ անգամ ևս հասկացանք՝ Հայաստանում չկա մեկը, որը զբաղվի արտաքին քաղաքականությամբ: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ո՛չ նախագահականում, ո՛չ էլ արտգործնախարարությունում արտաքին քաղաքականությամբ զբաղվող որևէ մեկը չկա: Ավելին՝ թվում է, թե այնտեղ չեն էլ հետևում լուրերի հոսքին:

Ամբողջ աշխարհի աչքի առաջ Սուդանի հարավում տեղի է ունենում անկախության հանրաքվե: Արդեն իսկ պարզ է, որ աշխարհի քարտեզին կհայտնվի ևս մեկ անկախ պետություն: Մոտ քսանամյա քաղաքացիական պատերազմից և երկու միլիոն զոհերից հետո խնդիրը խաղաղ լուծում ստացավ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արդեն հասցրել է ողջունել սուդանցիներին՝ հանրաքվեն համարելով քայլ դեպի առաջընթաց:

 Թվում էր, թե հանրաքվեին առաջիններից մեկը պետք է արձագանքեր Հայաստանը' շնորհավորելով հարավային սուդանցիներին և Սուդանի իշխանություններին, որոնք քաղաքական կամք դրսևորեցին և համաձայնություն տվեցին անկախության հանրաքվեի անցկացմանը, բայց Հայաստանի արտգործնախարարությունը, Հայաստանի նախագահը լռում են: Հավանաբար նրանք դեռ ամանորյա տրամադրությունների մեջ են և չեն էլ հետևում աշխարհի անցուդարձին: Իսկ նման հրաշալի առիթ՝ մեկ անգամ ևս ապացուցելու, որ Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծվի ազգերի ինքնորոշման սկզբունքով, չի կարող լինել: Ավելին, կարելի էր շատ նրբանկատորեն աշխարհին հասկացնել, որ Ադրբեջանի իշխանություններն ավելի հետադիմական են, քան Սուդանինը: Իսկ Սուդանը ամերիկացիների սև ցուցակում է: Այսպիսով, վարչախումբն ապացուցեց, որ իրենք արտաքին քաղաքականությամբ կա՛մ չեն զբաղվում, կա՛մ չեն կարողանում զբաղվել: Հնարավոր է նաև, որ համապատասխան հրահանգ այս հարցով դեռ չեն ստացել:

Տարվա սկզբին Լեհաստանի իշխանությունները հատուկ որոշում կայացրին և իրենց երկրի քաղաքացիներին արգելեցին առանց թույլտվության այցելել Լեռնային Ղարաբաղ: Լեհաստանը ԵՄ անդամ է և աշխարհի վերջին երկիրը չէ: Լեհերի որոշմանն արձագանքել են տարբեր կազմակերպություններ, բայց ո՛չ ՀՀ արտգործնախարարությունը: Հետաքրքիր է, թե ինչո՞վ են զբաղվում մեր արտգործնախարարությունում: Հետաքրքիր է, թե ի՞նչ նպատակ էին հետապնդում Լեհաստանի նախագահների այցելությունները Հայաստան, եթե նման հակահայ որոշում է կայացվում:

Ցնցող է նաև այն տեղեկությունը, ըստ որի Վրաստանի իշխանությունները որոշել են պարզեցնել իրենց երկրի քաղաքացիություն տրամադրելու գործընթացը: Այսպիսով, հայաստանցիները հաշված րոպեների ընթացքում կարող են ձեռք բերել Վրաստանի քաղաքացիություն: Սա արվում է առաջին հերթին տնտեսական դրդապատճառներով' ընդդեմ Հայաստանի մաքսային օրենսգրքում վերջերս կատարված փոփոխության: Վարչախումբը հասցրել է նրան, որ ՀՀ քաղաքացիներին ձեռնտու է ավտոմեքենաները գրանցել հարևան երկրում: Հիմա փորձում են վերջ տալ այս պրակտիկային, բայց վրացական իշխանությունները կրկին ձեռք են մեկնում Հայաստանի քաղաքացիներին, իհարկե, առաջնորդվելով իրենց իսկ շահերով:

Եթե այսպես շարունակվի, ապա Վրաստանի քաղաքացիություն ստանալու ցանկություն կհայտնեն նաև ոչ միայն ավտոսիրողները, այլև գործարարները, որոնք գործի բերումով հաճախ են մեկնում Իրան: Բանն այն է, որ Իրանի և Վրաստանի միջև այցագրային կարգը կվերացվի 2011թ. հունվարի 26-ից: Իրանի և Վրաստանի քաղաքացիները կարող են այս երկրներ այցելել առանց այցագիր ստանալու և այնտեղ մնալ մինչև 45 օր: Հետաքրքիր է, թե ինչո՞ւ մեր արտգործնախարարությունը չհասավ նրան, որ նմանատիպ պայմանագիր կնքվի Հայաստանի և Իրանի միջև: Ստացվում է, որ վրացիներն առանց այցագրի կարող են մեկնել և՛ Թուրքիա, և՛ Իրան, իսկ մենք՝ միայն այցագրով, որի համար բավական մեծ գումար ենք վճարում:

Վերջում էլ անդրադառնանք ՄԱԿ-ում Ադրբեջանի ծավալած հակահայկական գործողություններին, ինչին ՀՀ արտգործնախարարությունն այդպես էլ արժանի հակահարված չի տալիս: Իսկ մի փոքր մասնագիտական մոտեցման դեպքում ադրբեջանցիներին տեղը դնելը դժվար չէր լինի:

Այսպիսով, ընդամենը կես ամսվա ընթացքում արտաքին ճակատում մի քանի անհաջողություն արձանագրեցինք, որը, մեղմ ասած, բոլորովին էլ լավ ցուցանիշ չէ: Իսկ թե ինչ էր անում Նալբանդյանը Հարավային Ամերիկայում, և ինչ շահեր ունի այնտեղ Հայաստանը, դժվար է ասել:

Վարդան Մխիթարյան 

Այս խորագրի վերջին նյութերը