Լրահոս

26.09.2012 09:45


Գուրգեն Մարգարյանն այսօր կդառնար 34 տարեկան

Գուրգեն Մարգարյանն այսօր կդառնար 34 տարեկան

Այսօր լրանում է հայ սպա Գուրգեն Մարգարյանի ծննդյան 34-րդ տարեդարձը։ Գուրգեն Մարգարյանը ծնվել է 1978թ. սեպտեմբերի 26-ին Երևանում: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում բակալավրի աստիճան ստանալուց հետո զորակոչվում է Հայաստանի Հանրապետության Զինված ուժեր։

Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո մնում է Զինված ուժերում և դառնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սպա։

2004 թվականի փետրվարին Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում էր գտնվում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրի շրջանակներում։ Փետրվարին վաղ առավոտյան ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել է Մարգարյանին՝  դեմքին հասցնելով կացնի 16 հարված։

2006թ. ապրիլին Սաֆարովը հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման, իսկ այս տարվա օգոստոսի 31-ին արտահանձնվել Բաքվին, որտեղ արժանացել էր նախագահ Իլհամ Ալիևի ներմանը: Սաֆարովին շնորհվել էր մայորի կոչում, տրվել 8 տարվա կուտակված աշխատավարձը և բնակարան:

Նշենք, որ Գուրգեն Մարգարյանի ծննդյան  առիթով Երևանի պետական համալսարանի «Երիտասարդ համալսարանականների միավորում» հասարակական կազմակերպությունը երթ է կազմակերպելու դեպի Եռաբլուր: Երթը մեկնարկելու է Եռաբլուրի ներքևի հատվածից, և մասնակիցները շարժվելու են դեպի Եռաբլուրի եկեղեցի, որտեղից էլ այցելելու են Գուրգեն Մարգարյանի շիրիմին:

Այս խորագրի վերջին նյութերը