Տնտեսական

08.08.2012 10:57


Վիճակագրություն. հուլիս ամսին 1,5% գնանկում է արձանագրվել

Վիճակագրություն. հուլիս ամսին 1,5% գնանկում է արձանագրվել

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2012թ. հուլիսին հունիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում 1,5% գնանկում է արձանագրվել: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 2,8%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գրանցվել է գների և սակագների` համապատասխանաբար 0,4% և 0,1% հավելաճ:

 2012թ. հուլիսին 2011թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 98,1%, այդ թվում` պարենային ապրանքներինը (ներառյալ` ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 95,2%, ոչ պարենային ապրանքներինը՝ 102,2%, ծառայությունների սակագներինը՝ 101,5%: 2012թ. հունվար-հուլիսին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0,3% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0,1% հավելաճ):

 2012թ. հուլիսին 2011թ. հուլիսի համեմատ` սպառողական գների ինդեքսը կազմել է 102,3%, այդ թվում` պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)`101,8%, ոչ պարենային ապրանքներինը`104,4%, ծառայությունների սակագներինը`102,3%, իսկ հունվար-հուլիսին 2011թ. հունվար-հուլիսի համեմատ` համապատասխանաբար 102,2%, 101,8, 104,0 և 102,0%: 2012թ. հուլիսին 2010թ. համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 107,0%, այդ թվում` պարենային ապրանքներինը (ներառյալ` ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 107,4%, ոչ պարենային ապրանքներինը՝ 107,5%, ծառայությունների սակագներինը՝ 106,0%:

 Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում, 2012թ. հուլիսին, հունիսի համեմատ, արձանագրվել է սպառողական գների 2,3-1,0% նվազում, ընդ որում` գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Թալինում: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 1,5%-ով:

 2012թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 3,2% գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի, մրգի, ձվի գների 24,4-3,5%-ով նվազումը: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 9-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 24,4-0,2% գնանկում, իսկ 4-ում` 0,7-2,6% գնաճ:

Այս խորագրի վերջին նյութերը