Լրահոս

12.06.2012 12:33


19 տարի առաջ այս օրը թշնամու գնդակից զոհվեց Մոնթե Մելքոնյանը

19 տարի առաջ այս օրը թշնամու գնդակից զոհվեց Մոնթե Մելքոնյանը

1993թ. հունիսի 12-ին թշնամական գնդակից զոհվեց հայազգի ամենանշանավոր հերոսներից մեկը՝ Մոնթե Մելքոնյանը։ Նա եղել է Ղարաբաղյան պատերազմի հերոս, ՀՀ ազգային հերոս, Հայ Դատի և արցախյան ազատամարտի նվիրյալ:

Ծնվել է 1957թ. նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում, եղեռնի ճիրաններից փրկված և Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում: Իր ողջ գիտակից կյանքում նա պայքարել է հայերի իրավունքների, հայոց ցեղասպանության ճանաչման և մեր հայրենիքի վերատիրման համար: Հնագիտության պրոֆեսոր էր, ուրարտագետ և տիրապետւմ էր 8 լեզուների:

1980թ. անդամագրվելով Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակին (ԱՍԱԼԱ)՝ կարճ ժամանակում դարձել է նրա ղեկավարներից մեկը: 1981թ. նրա մասնակցությամբ կազմակերպվել է հայտնի «Վան» գործողությունը, որը ՀԱՀԳԲ-ին հասցրեց իր պատմության գագաթնակետին:

1981թ. նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի Օրլի օդանավակայանում Մոնթեն ձերբակալվել է կեղծ անձնագիր և ատրճանակ կրելու մեղադրանքով: Նա սկզբում դատապարտվել է 4 ամսվա ազատազրկման, իսկ ավելի ուշ դատարանը որոշել է նրան վտարել Ֆրանսիայից: Դատարանում Մոնթեն հայտարարել է. «Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան։ Դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ հայկական չեն...»: 1985թ. նորից է կեղծ անձնագրով  Ֆրանսիա մուտք գործել և մի քանի ամիս անց նորից ձերբակալվել «ահաբեկչություն» կազմակերպելու մեղադրանքով: Մոնթեն բանտից դուրս է եկել 1989թ. հունվարի 16-ին և մի քանի տարի տարբեր երկրներում դեգերելուց հետո ժամանել Հայաստան, որտեղ արդեն սկսվել էր Արցախի ազատագրական պայքարը: Այստեղ նա ընդունել է Ավո կեղծանունը և 1991թ. սեպտեմբերին մեկնել Արցախ: 1992թ. Վազգեն Սարգսյանի առաջարկով ստանձնել է Մարտունու շրջանի շտաբի պետի պարտականությունը: Այստեղ կարճ ժամանակում նա իր անկեղծությամբ ու մաքրությամբ շահել է բնակչության սերն ու հարգանքը: Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձել է ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը: 1993թ. մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվել է նաև Քարվաճառը:

1993թ. հունիսի 12-ին Մոնթեն և իր ընկերները Մարզիլի գյուղի մոտ հանդիպում են զրահամեքենայի: Կարծելով, թե հայեր են՝ մոտենում են, պարզվում է՝ ադրբեջանցիներ են: Սկսվում է փոխհրաձգություն, որից սպանվում են Մոնթեն և ընկերը՝ Սարիբեկը: Մենթե Մելքոնյանը հետմահու  արժանացել է «ՀՀ ազգային հերոս» կոչման:

Այս խորագրի վերջին նյութերը