Հարցազրույց

27.03.2012 17:51


Նվարդ Մանասյան

Նվարդ Մանասյան

Հարցազրույց 2012թ. խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակի 22–րդ հորիզոնականը զբաղեցնող, ԵՊԼՀ որակի ապահովման կենտրոնի ղեկավար Նվարդ Մանասյանի հետ

–ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ կուսակցությունների ներկայացրած ցուցակները հիասթափեցնող են։ ՀՅԴ համամասնական ցուցակն ինչո՞վ է առանձնանում։

Ես կարող եմ ՀՅԴ ցուցակի մասին խոսել. այն ունի ժառանգականություն, փորձառություն ու անցած 20 տարիների պայքարի, հաջողությունների ու ձախողումների կուտակած մեծ գիտելիքն ու նոր ընթացքին պատրաստ, իրենց ոլորտներում բարձրորակ ու պատասխանատու աշխատանքով առանձնացած մարդկանց անուններ, ովքեր գալիս են մասնակցելու քաղաքացիական ազատ, արդար ու մեկը մյուսի հետ կառուցողական գործառնության մեջ գործընկերային հարաբերություններին պատրաստ Հայաստան ստեղծելու մտադրությամբ, որտեղ փողի քսակով առևանգված իշխանությունը տեղի կտա ծառայելու կամք ու կարգապահություն ունեցող մարդկանց:

–Իսկ մյուս կուսակցությունների համամասնական ցուցակնե՞րն ինչով են հիասթափեցնող։

Ինձ հիասթափեցրին ՀՀԿ–ի, ԲՀԿ–ի ուռճացրած ցանկերը. դրանք ախտորոշիչ բնույթ ունեցան ինձ համար: Ժողովրդին հաշվետու իշխանությունը ստիպված չէր լինի ժամանակին շահեր սպասարկած ու հաճախ քաղաքացիներիս համար այս տարիների խորհրդարանական աշխատանքում համր գործելաոճ որդեգրած մարդկանց նորից առնել սեփական հովանու ներքո: Այս 20 տարիների ընթացքում ստեղծված իրավական ու սոցիալ-տնտեսական անբարենպաստ, առանձին խմբերին մասնակի փոխշահավետ պաշտպանություն առաջարկող իշխանական համակարգը պատվարող ուժերի ցանկերում նման բան տեսնելը բավական օրինաչափ է, քանի որ այս տրամաբանության մեջ ինքնիշխանը երկրի քաղաքացին չէր, այլ այն օտարած, որոշակի շահույթ հետապնդող ու նեղ շահեր ունեցող մարդկանց խմբերը:

–Շատ է խոսվում տարբեր պայմանավորվածությունների մասին։ Ձեզ համար որևէ պայմանավորվածություն տեսանելի՞ է։

Տարիներ շարունակ գործադրված մեքենան ու դրանք գործադրողները, այո՛, միևնույն տրամաբանության մեջ պիտի գործեն: Պետք է հաշվի առնել, որ մրցունակության ինդեքսով միջազգային կառույցների գնահատմամբ՝ Հայաստանն ամենաանմրցունակ երկրների շարքում է: Սա իր հերթին մատնանշում է, որ արտադրության ու ֆինանսական միջոցների գերկենտրոնացում կա, որն այլընտրանքային ռեսուրսի բացակայության պայմաններում փոխաբերական իմաստով տեղերի պայքարը մեծ մասամբ հին տրամաբանության մեջ հանգեցնելու է ժամանակին հուշագիրը ստորագրած 3 ուժերից երկուսի միջև պայքարին: Դրան զուգահեռ ոչ առևտրային դաշտում, այսինքն՝ ընտրություններն ազատ շուկայի տրամաբանությանը չենթարկած քաղաքական ուժերի միջև, հուսամ, կընթանա որակապես այլ՝ քաղաքացիական պայքար:

–ՀՅԴ–ն հայտարարում է, որ ցանկանում է ձայների մեծամասնությունը ստանալ, որպեսզի կոալիցիա չկազմի։ Փաստորեն, չե՞ք բացառում, որ կարող է՝ կրկին կոալիցիայի գնաք։

ՀՅԴ-ն միշտ պայքարի մեջ է մտել քաղաքակիրթ պայմաններում ժողովրդի քվեի միջոցով ամբողջական հաղթանակի նպատակադրությամբ, քանի որ, որպես կուսակցություն, ունի թե՛ ծրագիր, թե՛ հստակ նպատակ, թե՛ այդ նպատակին հասնելու համար իր ծրագրին հոգեհարազատ մեթոդներով տվյալ հանգրվանին հարմար ամբողջական լուծումների փաթեթ: ՀՅԴ-ն ամբողջական իշխանության բացակայության պայմաններում իր ծրագրային դրույթների իրագործման համար գործակցել է օրվա մեծամասնության հետ, երբեմն հաջողել է, երբեմն էլ՝ ոչ: Հիմա էլ ՀՀ քաղաքացուն ուղղված ընտրապայքարում ՀՅԴ-ն վճռական է, սակայն որպես քաղաքական գործընթացի փորձառություն ունեցող և ոչ անհատապաշտ կառույց՝ մեծամասնություն չունենալու դեպքում իր ծրագրային դրույթների գործադրման համար տրամաբանորեն պետք է գործակցի այլ քաղաքական ուժերի հետ:

–Ասում են, որ ամեն գումարման խորհրդարան որակական իմաստով նախորդից վատն էր։ Հնարավոր է՝ Դուք ինքներդ էլ, փաստորեն, առաջին անգամ պատգամավոր դառնաք։ Երբ նայում եք կուսակցությունների ցուցակների անցողիկ տեղերին, ինչպիսի՞ն եք տեսնում այս խորհրդարանը։

ՀՅԴ-ն չունի անցողիկ տեղեր, ուստի և ես՝ որպես դաշնակցական, նման մտորումներ չունեմ. ես իմ փորձառու ընկերների շարքում և իրենց հետ միասին գնում եմ ամբողջական համակարգային իշխանափոխության, որովհետև հավատալու ցանկություն չունեմ, իսկ մնացածը թողնում եմ ՀՀ քաղաքացու դատին: Մեր երկիրը քաղաքացիններինն է ու պիտի պետության մակարդակում վերադարձվի իրական տիրոջը:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը