Կարծիք

15.03.2012 10:38


«Միասին սարեր ենք շարժելու»

«Միասին սարեր ենք շարժելու»
«Ժառանգություն» կուսակցության VII համագումարում Րաֆֆի Հովհաննիսյանի արտասանած ելույթից

«Արդյոք գալո՞ւ է մի օր, ժամանակ,

Տեսնել Մասիսի գլխին մի դրոշակ,

Եվ ամեն կողմից պանդուխտ հայազգիք

Դիմել դեպ իրենց սիրուն հայրենիք»:

 Սա մեր ազգային-ազատագրական պայքարի երախտավոր Րաֆֆին է գրում «Ձայն տուր, ով ծովակ»-ում:

Այո, գալու է այդ օրը, բայց ամենից առաջ մենք պիտի սկսենք մեզանից, որովհետեւ ազգային անկախությունը ամենից առաջ եւ ամեն ինչից վեր պատասխանատվություն է: Պատասխանատվություն` սեփական իրավունքների, ճակատագրի եւ շահերի համար: Այս 20 տարիների ընթացքում մեր վաստակի, մեր նվաճումների կողքին մենք նաեւ պիտի տերը դառնանք մեր սխալների, մեր մեղքերի ու բացթողումների:

Նախագահական հաշվետվություն որպես, թե շարքային մեկնության խնդիր` արտագաղթը, անարդարությունները, սեփականազրկումները, գողացված ձայներն ու ազատությունները, խեղված ճակատագրերը, սպանված զինվորները, անգործությունը եւ ճակատագրապաշտությունը միայն մի մասն են այն երկար շարանի, որի մեղավորը, պատասխանատուն մենք ենք միասին, ուրիշը չէ:

 

«Եթե լավ քննենք մեր պատմությունը, մեր տխուր անցյալը` կտեսնենք,

որ մեր բոլոր թշվառությանց պատճառն եղել ենք մենք` ինքներս»:

(Րաֆֆի, «Ճանապարհորդություն Պարսկաստանում», 1876)

Հիրավի, մեր օրակարգում հիմա դրված է պետական-ազգային, քաղաքացիական, ժողովրդավարական ապագան, եւ բոլորս գիտակցում ենք` սա նոր, յուրատիպ միտք չէ, որ պատկանում է այս կամ այն կուսակցությանը կամ ինձ: Սա Հայաստանի քաղաքացու ազատությունը, մեր պետական ինքնիշխանությունը եւ ազգային մեր շահը համակցող միասնական շղթա է, որի աղբյուրը շարքային հայաստանցին է, իրագործողն ու միջնորդը` քաղաքական կուսակցությունները: Այս արժեքների` իրավունքի իշխանության, մարդու գերապատվության, ազգային իրական անվտանգության եւ Հայաստանի Հանրապետության տարածաշրջանային առաջնորդության ակունքը քաղաքացիական հասարակությունն է, որն արդեն փորձում է գտնել իր տեղն ու դերը:

Հպարտության աղբյուր հանդիսացող նոր սերնդի քաղաքացիական վերազարթոնքը պետք է գրանցել եւ գնահատել արժանվույնս: Թեղուտի շարժում, Թռչկանի եւ Արգիճիի փրկություն, Մաշտոցի պուրակ, մեր ողբերգությունից ծնված որդեկորույս մայրերի ամենօրյա ցավ ու պայքար հանուն արդարության, հայոց լեզվի անաղարտության համար քաղաքացիական ձեռնարկ ու պահանջատիրություն, սեփականազրկվածների իրավունքների պաշտպանում, փոքր եւ միջին բիզնեսի մաքառում ընդդեմ մենաշնորհների եւ դրանց իշխանական հովանավորչության, բանակի առողջացում. այս եւ մնացած այլ ուղղություններն անհրաժեշտ է զարգացնել, ոչ երբեք` կուսակցականացնել, բայցեւ միաժամանակ լծվել քաղաքական-կուսակցական աշխատանքին զուգահեռ դրանց լուծմանը` համակարգված ու միահամուռ, հասարակական բռունցք դարձած, որն, ի վերջո, կբերի Հայաստանի ժողովրդավարական, ազգային վերափոխմանը, որին 20 տարի սպասում ենք միասին:

Իշխանությունը ժողովրդին ծառայելու համար է

Առկա կուսակցապետությունը պետք է վերափոխվի սահմանադրական պահանջ հանդիսացող Հայաստանի Հանրապետության, որի կառավարիչները հաշվետու են քաղաքացիների եւ հասարակության առջեւ: Որտեղ կա համեմատաբար փոքր, ճկուն գործող կառավարություն, եւ որտեղ իրենց տեղերում են ղեկավարն ու հանրային ծառայողը, նախագահն ու ընդդիմադիրը: Եվ հարկ չէր լինի հացադուլ անել կամ ըմբոստանալ, եթե պետական պաշտոնյան համեստ ու զուսպ լիներ մի փոքր, իսկ ժողովրդի մի մեծ զանգված չտառապեր աղքատության ճիրաններում: Հինգ տարի անխտիր` նախագահից մինչեւ պատգամավոր, դատավոր-դատախազից մինչեւ գործադիր ու օրենսդիր, պետք է հավատարմորեն ծառայեն ժողովրդին: Փույթ չէ, թող հետո բիզնեսմեն դառնան, թող հարստանան` մենք ուրախ կլինենք, թող բուհի ռեկտոր դառնան, ինչպես ուզում են` թող ազատ կիրառություն տան իրենց գիտելիքներին ու շնորհքներին, բայց ոչ երբեք չարաշահեն վստահված դիրքը, ոչ երբեք հետապնդեն նեղ անձնական, կուսակցական, ընտանեկան շահախնդրություններ:

Հայաստանի վաղվա իշխանությունը, որը գալու է եւ, հուսով եմ, գալու է նորովի, հաստատակամ, ուժեղ եւ ամբողջական, չի պատկանելու սոսկ մի կուսակցության, որն իրեն շփոթում է Պետական օրհներգի ու պետական սեփականության հետ: Այդ հինգ տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը, իշխանությունը, ժողովրդի քվեով վստահված անձինք պետք է նախեւառաջ ինքնազսպվածություն դրսեւորեն: Պարտադիր չէ յոթ աստղանի հյուրանոցներում իջեւանել, պարտադիր չէ այլազան շռայլություններ թույլ տալ, քանի դեռ ժողովուրդն այս վիճակում է:

Ինչ ասել կուզի մեր հարկային բեռան, ավելի շուտ` մեր «ճիտին պարտքի» մասին, որը շուտով կհատի 4 միլիարդ դոլարի սահմանագիծը եւ ընդհուպ կմոտենա համախառն ներքին արդյունքի 50%-ին: Ո՞վ է վճարելու այդ փողերը 5, 10 կամ 20 տարուց հետո, երբ Հայաստանը, Աստված մի արասցե, առաջացած մեծ պարտքի պատճառով հայտնվի դեֆոլտի շեմին: Մեր սերունդնե՞րը… բայց ինչո՞ւ ենք այդպիսի բեռ դնում նրանց ուսերին, մեղավոր դարձնում, նախապաշարում՝ փող վերցնելով եւ այդ փողը ոչ նպատակասլաց օգտագործելով, եթե չասենք` մսխելով: Ե՞րբ ենք, վերջապես, սովորելու տարանջատել մասնավոր շահը, գործարարությունը, կուսակցական պատկանելիությունը հանրային ծառայությունից:

Ես բարի կամքի 15 կետանոց նամակ ուղարկեցի պարոն Նախագահին, եւ բոլորս գիտենք, թե ինչ պատասխանի արժանացան այդ առաջարկները, որոնցով պարզապես ուզում էի հարթել խոսքի ու գործի խզվածքը, իմ համեստ ավանդն ունենալ ազատ, արդար ընտրությունների անցկացման գործում: Ամեն դեպքում ես լիահույս եմ, որ հաջորդ իշխանության օրոք կուսակցական զինանշանները, ցուցանակները վայր են բերվելու պետական, հանրային բոլոր շենքերի ճակատներից: Եվ դա վերաբերում է բոլորին` «Ժառանգությունից» մինչեւ Հանրապետական: Ի՞նչ գործ ունի կուսակցության անվանումը դպրոցի, հիվանդանոցի, համալսարանի, մշակութային օջախի վրա. չէ՞ որ այդ շենքերը ժողովրդին ու պետությանն են պատկանում:

Քաղաքական կոռուպցիան` հակոտնյա իր դրսեւորումներով, պետք է մեկընդմիշտ բացառվի ընտրական ու խորհրդարանական գործընթացներից, դատական ու գործադիր իշխանության համակարգերից: Նույնը վերաբերում է կոռուպցիային ընդհանրապես, որն ախտահարել է մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտները` դառնալով հանրային, քաղաքական եւ քաղաքացիական առաջընթացի գլխավոր խոչընդոտներից մեկը:

Ստեղծված իրավիճակը հրամայական է դարձնում որակական իշխանափոխության կարեւորությունը` անհրաժեշտաբար պահանջելով քաղաքական ուժերի ու քաղաքացիական հասարակության համախմբման միջոցով ոչ միայն հաստատել իրական համակարգափոխությանը միտված միջավայր, այլեւ արմատապես փոխել աշխատանքի որակը պետության բոլոր ասպարեզներում:

Կրթություն, քաղծառայություն, բանակ, առողջապահություն. իրական բարեփոխումների հրամայականը

Ակնկալիք ունեմ նաեւ, որ նոր իշխանության օրոք պետական բարձրաստիճան պաշտոնյաները (ովքեր էլ որ լինեն) չեն գայթակղվի լինել բուհերի եւ այլ կառույցների հոգաբարձուների, տարբեր կարգի խորհուրդների, միավորումների նախագահներ, որպեսզի սեփական անձով չկուսակցականացնեն այդ բուհերը, այդ տաճարները, որտեղ կրթվում են Հայաստանի Հանրապետության երիտասարդ քաղաքացիները: Ուսխորհուրդները եւս ոչ մի դեպքում չի կարելի կուսակցականացնել: Պետական բյուջեն չի ֆինանսավորելու, չի հովանավորելու այն հիմնադրամներին, որոնք գեղեցիկ անուններ են կրում, բայց, ըստ էության, սպասարկում են հատվածական շահեր:

Քաղաքացիական ծառայությունը պետք է փոխակերպվի հասարակության մեջ անձին ըստ գիտելիքների եւ կարողությունների բարձրացնող աստիճանականության` բացառելով հիմնազուրկ վայրիվերումները:

Գաղափարական եւ հանրակարգային բարեփոխումների մշակումը թույլ կտա Հայաստանի Հանրապետության զինված ուժերում հաղթահարել ցարական եւ խորհրդային բանակի բացասական ժառանգությունը: Մեր երիտասարդ քաղաքացի զինվորներին պետք է հեռու պահենք նրանց պարտադրվող խարդախություններից, քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու հարկադրանքից, աճող սերնդի հեռանկարը, մաքրությունը աղարտելու, արժանապատվությունը վիրավորելու, պետության հանդեպ սրբազան պարտքի գիտակցումը խաթարելու փորձերից:

Մեզանում ուսումը պետք է վերածվի մարդուն քաղաքակրթելու առաքելության, իսկ հաղորդվող գիտելիքները` ինքնագնահատանքի ու ինքնաիրացման ամուր խարսխի: Կրթությունը հիմնաոլորտ է, որտեղ պետք է հավասար պատեհություններ լինեն բոլորի համար, որտեղ խրախուսվում են հատուկ ծրագրերը, օտար լեզուների, մշակույթների ու քաղաքակրթությունների ուսուցանումը եւ որտեղ մայրենի լեզվի անառարկելի գերակայությունն ու հայերենահիմն պետական դպրոցը այլընտրանք չունեն: Ոլորտի բյուջետային հատկացումներն անբավարար են, պետք է հասցնել առնվազն ՀՆԱ-ի 4%-ին, լուծել գիտամանկավարժական բնույթի բազմաթիվ հասունացած հիմնահարցեր: Հանրակրթական համակարգը մեր երեխաների, մեր թոռների ու նրանցից հետո եկող բոլոր սերունդների համար է, որոնք արժանի են լավ կրթության, պետական եւ քաղաքացիական հոգածության` զերծ կուսակցական այլեւայլ ազդեցություններից:

Կուսակցականացման վտանգն է սպառնում նաեւ առողջապահությանը, որը կոչված է իրացնելու հիվանդին տրված իրավունքները` ապահովելով  բարձր սպասարկում, իսկ բժիշկին ու բուժքրոջը` արժանապատիվ աշխատավարձ, որպեսզի առողջապահական հիմնարկ այցելած քաղաքացին թիկունքում զգա պետական ուշադրության շունչը եւ իր հանդեպ տարրական մարդկային հարգանքի մթնոլորտ: Այս ճանապարհը մենք պարտավոր ենք անցնել առաջիկա մի քանի տարիների ընթացքում:

 

Բյուջետային մուտքերի երաշխիքները

 

Մենաշնորհը խստագույնս մերժելի երեւույթ է, ստվերային տնտեսությունը` նույնպես: Պետական բյուջեի մուտքերը պետք է իրականացվեն օրենքի տառին ու ոգուն հարիր, հավասարության եւ արդարության սկզբունքի անթերի կիրառմամբ` պետական աշխատավարձերի, կենսաթոշակների ու նպաստների բարձրացմամբ, կոռուպցիայի դեմ պայքարի ծավալմամբ: Եվ վերից վար` նախագահից ու նախարարից մինչեւ ընդդիմադիր գործիչ ու շարքային քաղաքացի, պետք է նախասահմանենք մեր պետական բյուջեի գերածախքը կասեցնելու եւ խնայողությունը սոցիալական ծրագրերին ուղղելու հստակ կարգ:

Ազատ մրցակցային պայմանների եւ արդյունավետ արդարադատության ապահովման, ազատ տնտեսական գոտիների ձեւավորման շնորհիվ հնարավոր է տնտեսության մեջ ներգրավել մեծածավալ արտաքին եւ ներքին ներդրումներ, ստեղծել տասնյակ հազարավոր նոր աշխատատեղեր, հաղթահարել աղքատությունն ու կասեցնել ուժգնացող, աղետալի չափերի հասնող արտագաղթը:

Լիարժեք բյուջետային մուտքերի երաշխիքներից մեկը հեռանկարային, գիտելիքահենք արդյունաբերությունն է, որն ունակ է ապահովելու թե մեզանում, թե աշխարհում լայն պահանջարկ վայելող որակյալ արտադրանք, կայուն աշխատատեղեր եւ բարձր աշխատավարձ: Մեր երկրի երբեմնի պարծանքը եւ տնտեսության ինովացիոն քարշակը` գիտնականները, այսօր ամենաանտեսված խավերից են, իսկ գիտությունը գնալով անկում է ապրում: Անհրաժեշտ է գիտության ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ-ի 3%-ին, որի մեծ մասը` պետական միջոցների հաշվին:

Զուգահեռաբար պետք է սատարել փոքր եւ միջին բիզնեսին, օգնել, մրցունակության հնարավորություն տալ` շնորհելով հարկային հավելյալ արտոնություններ:

Մյուս կարեւոր երաշխիքը զարգացման մայրուղի բռնած գյուղատնտեսությունն է: Գյուղացին նույնպես օժանդակության կարիք ունի, բայց` գործնական, առարկայական օգնության, ոչ թե նախընտրական խոստումների կամ օրենսդրական ինչ-ինչ աճպարարությունների: Իհարկե, կարելի է գյուղացուն ներել պարտքը` անկեղծորեն հաշվի առնելով նրա սոցիալ-տնտեսական վիճակը, տարվա բնակլիմայական առանձնահատկությունները եւ էլի ուրիշ հանգամանքներ, բայց անընդունելի է, երբ դա արվում է ելնելով անազնիվ մղումներից, որոնց հիմքում «ես քեզ, դու ինձ» արատավոր սկզբունքն է: Եթե մենք իսկապես մտահոգ ենք գյուղացու վիճակով` իսկ դա իշխանության սրբազան պարտքն է, պետք է նրան պարբերաբար սատար կանգնենք, սուբսիդավորենք, լրավճարներ տանք, հարկային հավելյալ արտոնություններ սահմանենք եւ այլն, որպեսզի ծանր պայմաններում կամ սահմանամերձ գոտում աշխատող հողի մշակը, անասնապահը ոտքի կանգնեն, կարողանան իրացնել իրենց մթերքը, շահավետ դարձնել իրենց ագարակը:

 

Հարկային արտոնությունների ոչ պակաս կարիք ունեն նաեւ գրահրատարակչությունը եւ զանգվածային տեղեկատվության միջոցները: Ավելացված արժեքի հարկը, երբեմն անտրամաբանական մաքսային ռեժիմները սովորողներին եւ, պարզապես, ընթերցասեր հայ մարդուն զրկում են գրքից, գրքի աշխարհից եւ մտահորիզոնն ընդլայնելու հնարավորությունից: Այո, ժամանակակից տեխնոլոգիաների դարաշրջան է՝ ունենք համացանց, հաղորդակցվելու այլ միջոցներ, բայց գիրքը, այն էլ` մայրենին, պետք է ունենա արտոնյալ կարգավիճակ մեր հասարակության եւ պետության գործերում: Այլապես ի՞նչ իմաստ ունի խոսել գիտելիքահենք, ինովացիոն տնտեսությունից:

Հատուկ խմբեր կան, որոնք նույնպես ոչ թե նախընտրական, ոչ թե կուսակցական կամ հատվածական ուշադրության պետք է արժանանան, այլ` ըստ էության, անկախ ընտրությունների արդյունքից:

 

Խոցելի շերտերը` հոգածության առանցք

Ազատամարտիկները մեր հպարտությունն են, նրանց ընտանիքների հոգսը պետք է լինի պետության առաջնային հոգածության առարկան: Հազար փառք զորավարներին, շարքային զինվորներին, ովքեր պահել ու պահում են մեր սահմանները եւ հիշատակության արժանի են անուն առ անուն: Ցավալի է, որ շարքային երկրապահը, երեկվա խիզախ մարտիկը եւ նրա ընտանիքը այսօր անմխիթար վիճակում են ապրում, զուրկ տարրական պայմաններից: Համագումարներով չէ, որ որոշվում են շարքային ազատամարտիկի կենսակերպը, պահանջը, իրեն մարդ զգալու, ռազմի դաշտում թափած արյուն-քրտինքը մի փոքր գնահատված տեսնելու պարզ ցանկությունը: Բայց ավաղ…

Հասարակ ուշադրության պակաս են զգում հաշմանդամները` մեր հասարակության լիարժեք անդամները, որոնց համար պետությունը պարտավոր է համապատասխան հնարավորություններ, հատուկ պայմաններ ստեղծել եւ ապահովել նրանց ընդգրկումը մասնագիտական եւ հասարակական աշխատանքներում` հավասարի իրավունքով:

Իրենց տեղը դժվար են գտնում մտավորականության, մշակութային վերնախավի շատ ներկայացուցիչներ, արվեստների ու արհեստների երբեմնի հմուտ վարպետներ, պարզապես որոշակի քաղաքակրթության կրողներ, ովքեր` չունենալով մշտական աշխատանք եւ զբաղմունք, գոյատեւում են պատահական վաստակներով կամ ստիպված են լինում արտագաղթել:

Մեր երկրում հավասարի իրավունքով ապրող ազգային փոքրամասնությունները, ում նախնիները նույնպես Եղեռն են տեսել օսմանյան Թուրքիայում, արժանի են մեծ հարգանքի: Նրանք անմասն չեն մեր հասարակական, մշակութային եւ քաղաքական կյանքից: Սակայն դա բավարար չէ, Հայաստանը պետական մակարդակով պետք է ներկայացուցչական հնարավորություններ տա ազգային փոքրամասնություններին, այդ թվում` Ազգային ժողովում, հոգա նրանց խնդիրները, ստեղծի լեզվի, մշակույթի, ազգային սովորությունների ու հավատալիքների պահպանման լավ պայմաններ:

Համամասնական-մեծամասնական թնջուկ

Վերջերս շատ է խոսվում քվեարկությունների, ընտրական իրավունքի մասին: Դուք գիտեք, որ «Դաշնակցությունն» ու «Ժառանգությունը» նախաձեռնեցին, իսկ ՀԱԿ-ը, «Ազատ դեմոկրատները», «Բարգավաճ Հայաստանը» եւ այլ կուսակցություններ մեզ սատարեցին` առաջարկելով անցնել բացառապես համամասնական ընտրակարգի, որի շնորհիվ զգալապես կպակասեին ընտրակեղծիքների սողանցքները: Ձեզ հայտնի է նաեւ իշխանության դիրքորոշումը, որը մերժեց ընդդիմության նախաձեռնություն-առաջարկը եւ մեծամասնականը եղածին պես թողեց ուժի մեջ:

Ինքնին մեծամասնական համակարգին մենք դեմ չենք: Իմ կամքից անկախ` Հայոց եղեռնի հետեւանքով, ես ծնվել եմ այն երկրում, որտեղ գործում է մեծամասնական համակարգը: Զարգացած ժողովրդավարություն ունեցող մեծ երկրի համար միգուցեեւ մեծամասնականն արդարացված է, աշխատում է, սակայն Հայաստանում այն, որոշ շրջանակների խոստովանությամբ, յուրատեսակ ծածկագիր է` ճորտատիրական, ավատատիրական կարգեր իրացնելու համար եւ, բացի դրանից, իշխանությանը հնարավորություն է տալիս քվեարկությունների շրջափուլ թեւակոխել 41:0 առավելությամբ: Սա է ամենամեծ դժբախտությունը, որն ի չիք է դարձնում եվրոպական ուղղության, եվրոպական արժեքների մասին մեծադղորդ խոսքերն ու հավաստիացումները: Եվ նման փոփոխությունը լիովին համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը:

Իսկ նա, ով խոսում է սահմանադրականությունից, թող մի պահ մտածի, թե այս իշխանության քաղաքականության արդյունքում քանի հարյուրհազար քաղաքացիներ են զրկված քվեարկելու, ընտրություններին մասնակցելու իրավունքից: Մարդը կամ քաղաքացի է, կամ քաղաքացի չէ: Եվ ինչպիսի´ քամահրանք սեփական Սահմանադրության եւ ինքնիշխանության նկատմամբ, երբ Մոսկվայում, Դուբայում, Փարիզում, Լոս Անջելեսում կամ Պեկինում գտնվող` Հայաստանի քաղաքացին, որ ունի իրավունքներ ու պարտականություններ, չի կարող այցելել Հայաստանի դեսպանություն, որը ՀՀ ինքնիշխան տարածքն է, եւ այնտեղ քվեարկել:

Խոսքս քաղաքական մեծամասնությանն է վերաբերում, ով ամեն անգամ սվիններով է դիմավորում իր հիմքերի անսասանությանը սպառնացող ամեն մի ողջամիտ նախաձեռնություն: Կա՞ մեկը, ում համար պարզ չէ, թե, օրինակ, ուր են գնալու հանրապետությունից բացակայող հարյուր հազարավոր ընտրողների քվեները:

 

Սփյուռքի ներուժը

Սփյուռքի ներուժը պետք է օգտագործել նորարար, ստեղծագործ, ազգավայել եւ պետականահիմն եղանակով, իրավունքների ու պարտականությունների հստակ սահմանմամբ, բայցեւ Սփյուռքի միջոցների ու հնարավորությունների արդյունավետ ներգրավմամբ: Տեղաբնակներից պակաս հայրենասեր չէ թե´ այն հայը, ով` ինչ-որ շրջան ապրելով մայր Հայաստանի սահմաններից դուրս, հայրենադարձվել ու այժմ հպարտությամբ է կրում ՀՀ քաղաքացու անձնագիրը եւ թե´ նա, ով առայժմ չունի դրա հնարավորությունը:

Հայաստանյան իրավասու գերատեսչությունները, պատկան կառույցները, այդ թվում` Առեւտրա-արդյունաբերական պալատը, պետք է նպաստեն Հայրենիք-Սփյուռք փաստացի գործակցության զարգացմանը` վերջ տալով քաղաքական կոռուպցիայի երեւույթներին, սփյուռքահայ ներդրողների եւ գործիչների նենգաշորթմանը: Հին ու նոր բազմաթիվ սփյուռքահայեր պատրաստ են միլիարդավոր դոլարների ներդրումներ անել հայրենիքում` եթե այստեղ պետական մարմիններն ապահովեն օրինականություն եւ անհրաժեշտ բարյացակամ մթնոլորտ:

Պետք չէ ձվի մեջ մազ փնտրել

Լավ օրից չէ, որ «Ժառանգությունը» ստիպված է լինում բարձրաձայնել Հայաստանի խոցերի մասին` երբեմն ձայնը հասանելի դարձնելով նաեւ միջազգային ատյաններին, որոնց առջեւ հանձնառու ենք: Ամենաթարմ օրինակը. այն օրը, երբ «Ժառանգությունն» իր երկու գործընկեր իշխանական կուսակցությունների հետ դիտորդի կարգավիճակով ընդունվեցին Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) անդամ, ճիշտ նույն օրը ԱԺ-ում` ղեկավարության աչքի առջեւ, կրկնվեցին ուրիշի փոխարեն քվեարկելու հայտնի դեպքերը:

Իսկ ձվի մեջ մազ փնտրելու սովորությամբ օժտված որոշ մարդիկ շտապեցին պիտակներ կպցնել` խոսելով օտար ուժերի ազդեցությունների մասին: Հատկապես ջանադիր էր «ծաղրածուագիտության» մեջ բավական հմտացած մի երիտասարդ, ով, ամենայն հավանականությամբ, իր տերերի ուշադրությանն արժանանալու խնդիր ունի: Այսպիսիներից նեղվելու հարկ չկա, նույնիսկ չարժե անուններ հիշատակել, միայն ցավում եմ, որ քաղաքականության կամ լրագրության մեջ առաջին երերուն քայլերն անող մեր երիտասարդ սերնդի որոշ ներկայացուցիչներ` փոխանակ սովորեն, ուրիշներին դասեր տալու, հղփանալու հակումներ են դրսեւորում: Աստված իրենց եւ՝ մե´զ հետ:

Առիթներ էլի են եղել, եւ ես հիշել եմ իմ գերդաստանի մեծերի` հորական եւ մորական պապերիս գողգոթան անցյալ դարի 15-ի հայակործան օրերին: Ե´վ Գասպար Հովհաննիսյանը, ե´ւ Հովակիմ Կոճոլոզյանը` լինելով նույն հայրենիքի զավակները, Արեւմտյան Հայաստանում կորցրել են իրենց գյուղերը, օջախները, ընտանիքները: Մեկը կռվել է Անդրանիկի առաջին գնդում, մյուսը` Քեռու 4-րդ գնդում: Երկուսն էլ կռվում վիրավորվել են, իրենց կամքից անկախ հայտնվել հեռավոր Ֆրեզնոյում: Այսօր հանգչում են Սողոմոն Թեհլերյանի դամբարանի կողքին` հայրենի բնօրրանից հազարավոր մղոններ հեռու: Այսօրինակ ճակատագրի արժանացած հայերին ու նրանց ժառանգներին, որոնց թիվն անհաշիվ է, օտար ազդեցությունների, յուրայինների եւ ոչ յուրայինների տարբերազատումը, մեղմ ասած, գավառամտություն է: Պետք չէ փսփսալ մեր թիկունքում կամ միջանցքներում, տարբեր պիտակներ կպցնել: Մենք ընդամենն ուզում ենք, որ Հայաստանը վերագտնի իր պատկանելիությունը եվրոպական քաղաքակրթությանը:

Դարձյալ լավ օրից չէ, որ մենք ստիպված եղանք պետական պատկան օղակի փոխարեն, որի անմիջական պարտականությունն է, Գերմանիայի Բունդեսթագի Քրիստոնեաժողովրդավարական խմբակցության ղեկավարին եւ եվրոպացի գործընկերներին նամակով հայտնել մեր մտահոգությունը Արցախի հարցով հայտնի աշխատանքային փաստաթղթի բանաձեւի կապակցությամբ: Չպետք է մոռանալ, որ Գերմանիայի դաշնային հանրապետությունը եզակի եվրոպական օրինակ է նախորդ վարչակարգի կողմից կատարված ցեղասպանության հաղթահարման եւ ցեղասպան երկրի խարանն իր ճակատից մաքրելու առումով: Սեփական պատմությանն առերեսվելով եւ մեղքի պատասխանատվությունն ընդունելով` նա արդի պատմության մեջ առաջինն էր, որ ապաշխարեց ուրիշին պատճառած համազգային ցավի համար:

Ուրեմն` այդպիսի կենսագրության տեր ազգը, որ նաեւ քանդեց Բեռլինի պատը, պետք է ոչ միայն հետեղեռնյան շրջանում եվրոպական ուղղություն տա ՆԱՏՕ-ի գործընկեր Թուրքիային, այլեւ սթափվի ու հասկանա, թե ինչ արժեքներ են ազատությունը, ապագաղութացումը, միասնությունը նաեւ այլ ժողովուրդների համար: Շատ կարեւոր է, որ Արցախի եւ ցեղասպանության հարցերում մեր մտահոգությունը հասնի Եվրոպային, իսկ մարդկության դեմ իրագործված ոճիրների մասին ճշմարտությունը, դրանց փոխհատուցման ու կանխարգելման անհրաժեշտությունը դիտարկվեն որպես եվրասերտաճման պարտադիր բաղադրիչ:

Միջազգային. հայ-թուրքական կապեր, Արցախ, Ջավախք

Հայ-թուրքական կնճռի մեջ շատ խորանալու հարկ չկա, բոլորիս համար ամեն ինչ պարզ է` պետք է վերականգնվեն հավասարությունն ու համաչափությունը: Կամ վերադառնում ենք մեկնակետին եւ պնդում առանց նախապայմանների կապերի հաստատում, ինչպես եղել է Հայաստանի պետական քաղաքականությունը, այսինքն` նոտաների փոխանակմամբ դեսպանությունների բացում, երկու պետությունների ու ժողովուրդների միջեւ բաժանարար հարցերի, այդ թվում Ցեղասպանության եւ նրա հետեւանքների քաղաքակիրթ հանգուցալուծում, կամ եթե Թուրքիան, ինչպես 20 տարի շարունակ անում է, դարձյալ նախապայման դնի, ուրեմն մենք եւս` փույթ չէ թե 20 տարի ուշացած, առաջադրենք մեր նախապայմանները: Մենք սա չէինք ուզում, բայց թուրքական համառ ու անզիջում դիրքորոշումը ՀՀ անկախ իշխանությանն այլընտրանք չի թողնում:

Ով-ով` Թուրքիան չպետք է փորձի իրեն միջնորդի դեր վերապահել Լեռնային Ղարաբաղի հարցում, ավելին` խոսել օկուպացիայի, բռնազավթման մասին: Այդ երկիրը շատ ավելի ճիշտ կանի, եթե գոնե մեկ անգամ անաչառ հայացքով խորամուխ լինի սեփական պատմության մեջ, որի բազմաթիվ էջեր ներծծված են ոչ միայն հայերի, այլեւ հույների, եզդիների, ասորիների, մյուս-մյուսների արյան ու տառապանքների վկայություններով: Եթե ժամանակակից Թուրքիան իսկապես ձգտում է եվրոպական ընտանիք մտնել, նախ պետք է ինքնամաքրման ճանապարհ անցնի` թոթափելով անփառունակ անցյալի բեռը, ինչպես դա արեց հետֆաշիստական Գերմանիան:

Վերջերս Ֆրանսիայի սենատը, ինչպես գիտեք, ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ, որը, չնայած այդ երկրի Սահմանադրական խորհուրդը բեկանեց, ամենից առաջ հատկանշական է նրանով, որ Եվրոպայում արդեն միտումներ են նշմարվում արդարացի լուծմամբ փակելու մեր պատմության ամենաողբերգական էջերից մեկը: Սակայն հարգելով հանդերձ Ֆրանսիայի օրենքն ու Ֆրանսիայի ժողովրդի կամքը` հուսանք, որ երկակի չափանիշներով ու որոշակի շահերով պայմանավորված պատեհապաշտությունների ժամանակները վաղ թե ուշ կհաղթահարվեն, եւ միջպետական հարաբերություններում թելադրող կլինեն օրենքն ու անաչառ, անկաշկանդ բանականությունը: Դրա առաջին ծիլերը տեսանելի են:

Անտարակույս, արդարացի լուծումներ կան եւ դրանք պետք է կիրառվեն նաեւ Արցախի խնդրում: Այսօր շատ է խոսվում օրենքի իշխանության մասին, որի կիրառելիությանը համանման իրավիճակներում տարբեր մեկնություններ են տրվում: Կոսովոյի պարագայում վկայաբերվեց միջազգային իրավունքի լատիներեն sui generis-ը, այսինքն` ուրույն հանգամանքի առկայությունը, հետո էլ, Ռուսաստանի պնդմամբ, այն կիրառվեց Աբխազիայի նկատմամբ, իսկ երբ բանը հասավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, օրենքի իշխանության գաղափարը, կարծես թե, դալկացավ եւ անտեսվեց: Մենք ուզում ենք օրենքի իշխանություն նախեւառաջ մեր տանը եւ նույնը ակնկալում թե´ ՀՀ արտաքին քաղաքականության մեջ, թե´ միջազգային հարաբերություններում առհասարակ:

Մադրիդյան սկզբունքները մեզ համար անընդունելի են եւ պետք է փոխվեն: Վաղուց ժամանակն է, որ արցախյան բանակցություններում Հայաստանը հանդես գա որպես ինքնիշխան, անկախ ազգային-պետական կառույց: Այսուհանդերձ` ԼՂՀ-ն ինքը պետք է որոշի, թե ինչ է ուզում: Արցախի ժողովուրդն այն ժամանակ գործող միջազգային բոլոր իրավական ակտերին համապատասխան` հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից եւ խորհրդային Ադրբեջանից: Ավելին` հաղթեց վերջինիս սանձազերծած նախահարձակ պատերազմում եւ նվաճեց սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը: Բայց ինչպե՞ս եւ ինչո՞ւ խլվեց նրանից այդ իրավունքը, ո՞վ արցախյան հարցը դարձրեց յուրօրինակ ցատկահարթակ ստեփանակերտյան տարբեր տրամաչափի ղեկավարների համար, որպեսզի նրանք գան, առոք-փառոք տեղավորվեն Երեւանի տաք ու ապահով գրկում:

Ավելին` ոմանք սկսեցին հանուն անձնական փառքի ոչ միայն չարաշահել Արցախի անունը, այլեւ ինքնագլուխ տնօրինել նրա դիվանագիտական զինանոցը` քայլ առ քայլ մաշեցնելով մարտադաշտում տարած հաղթանակի արդյունքը: Որպես Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի առաջին նախարար (ինչպեսեւ հետագայում նշանակված շատ նախարարներ), միշտ էլ շեշտադրել եմ Արցախի անկախության ճանաչման կարեւորությունը` իր տարածքային ամբողջականությամբ հանդերձ: Բացի դրանից, համարել եւ համարում եմ, որ Արցախը` իբրեւ հակամարտության կողմ, պետք է վերադարձվի բանակցությունների սեղանի շուրջ եւ, առանց միջնորդի, ներկայացնի ԼՂՀ ժողովրդի կամարտահայտությունից բխող մոտեցումը: Գործընթացը, ցավոք, շարունակում է տեղապտույտ տալ:

Սոցիալական, մշակութային եւ քաղաքական բնույթի չլուծված հարցեր ունի նաեւ Ջավախքը, որն այդպես էլ չդարձավ Վրաստանի ու Հայաստանի անվտանգության, առաջընթացի ընդհանուր շահերը կամրջող օղակ: Ջավախահայությունն իր բազում հոգսերով ու մտահոգություններով տակավին չի արժանանում պետական այն ուշադրությանը, որն ակնկալում է: Ցավալի է, որ դրացի երկրում կան քաղաքական հայացքների եւ ազգային գործունեության համար մեղադրված եւ կալանքի տակ պահվող անձինք, ինչպես օրինակ` Վահագն Չախալյանը: Հուսանք, որ էական վերանայում տեղի կունենա այդ կարեւոր ճակատում:

Միասնությամբ` դեպի հաղթանակ

Նոր Հայաստանը, որ պատկանում է բոլորիս, անպայման գալու է: Գալու է Նոր սահմանադրությամբ, Սահմանադիր ժողովով, նոր համակարգով, որովհետեւ գործող համակարգն այլեւս վերից վար արատավորված է եւ ի վիճակի չէ արդի պահանջների ոգով կազմակերպել պետական, քաղաքական, հանրային եւ քաղաքացիական կյանքը: Ժամանակակից որակներով օժտված Հայաստանը պետք է գա անցյալի բոլոր տեսակի ձեւաչափերից դուրս, որովհետեւ մեզանում գերիշխող է երեկվա ու այսօրվա չարաշահումները, սխալները այլեւս չհանդուրժելու գիտակցումը:

Ժամը հնչել է նաեւ նոր հայրենասիրության համար՝ գործնական, եթե հարկ է՝ քննադատական, ավելի լավը դառնալու ծանր, բայց պատվական հայրենասիրության:

Նոր լուծումը լինելու է «Սեպտեմբերի 25»-ից, «Հոկտեմբերի 27»-ից, «Ապրիլի 12»-ից, «Մարտի 1»-ից եւ «Հոկտեմբերի 10»-ից դուրս: Անպայման լինելու է, եւ դա նշանակում է, որ ապրում ենք մեր նորագույն պատմության չափազանց պատասխանատու մի շրջան` որոնումների, մաքառումների եւ հաղթանակների շրջանը:

Մեր պետական զարգացումն այսօր ազատության խորանի վրա է: Ուստի հնարավոր բոլոր եղանակներով՝ ընտրություններից մինչեւ հրապարակներ ու պուրակներ, հատվող տարածքներ ու սահմանամերձ գյուղեր, մինչեւ անօթեւան, կարիքավոր քաղաքացիներ, օտարված մարդիկ Հայաստանում եւ Սփյուռքում, մինչեւ բոլոր այն վայրերը, որտեղ ոտնահարվում է թեկուզ մեկ հայի տարրական իրավունքը, մենք պարտավոր ենք հանուն նորի ու արդիականի տանել մեր ընդհանուր, միահամուռ պայքարը:

Մենք ողջունում ենք մեր արդյունավետ գործակցությունը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ եւ հույս ենք տածում, որ, ինչպես ասաց մեր բարեկամ պարոն Քոքոբելյանը, սա կունենա երկարատեւ, հեռանկարային շարունակություն: Արժանվույնս եւ ըստ էության գնահատում ենք Հայ հեղափոխական դաշնակցության հետ մեր համագործակցությունը խորհրդարանում եւ այդ, թույլ տվեք ասել, անպիտան դարպասներից դուրս: Ողջունում ենք այն ընդհանուր եզրերը, որ կան արտախորհրդարանական ընդդիմության` ՀԱԿ-ի ու մյուսների, ինչպես նաեւ ԱԺ այլ ուժերի հետ: Բայց մեր կուսակցական անվանումներից ավելի վեհ ու վսեմ` դա հայոց պետության հեռանկարն է: Նորից ականջալուր լինենք Րաֆֆու պատգամին.

«Ո՞վ չի ճանաչում իր հայրենիքը` չի կարող ճշմարտապես սիրել նրան»:

Ճանաչենք, սիրենք ու փայփայենք մեր հայրենիքը, ծառայենք ու տիրանանք նրա ազատագրմանը` բոլոր առումներով, եւ գիտակցենք, որ դա սոսկ մի կտոր հայրենի հողի ազատագրում չէ, դա սեփական հողի վրա հայ մարդու, շարքային հայաստանցու ազատագրումն է: Հողը եւ մարդը միասնական արժեք են, միշտ կողք-կողքի: Մերն է հողը, մերն է երկիրը, մերն է մարդը` արարող, պայքարող, հավատավոր հայ մարդը, ում հաղթանակի զանգը ղողանջելու է: Ղողանջելու է, որովհետեւ մենք միասին  սարեր ենք շարժելու, որովհետեւ ՍԱ ՄԵ´Ր ՀԱՅՐԵՆԻՔՆ Է:

Այս խորագրի վերջին նյութերը