Կարծիք

28.02.2012 18:24


Ընտրակեղծարարները սարսափում են համամասնական ընտրակարգից

Ընտրակեղծարարները սարսափում են համամասնական ընտրակարգից

Համամասնական ընտրակարգին անցնել-չանցնելու վերաբերյալ քննարկումները ևս մեկ անգամ ցույց տվեցին՝ որ քաղաքական ուժը, որ քաղաքական կամ հասարակական գործիչն ինչ պատկերացում ունի Հայաստանի և նրա զարգացման մասին: Կարևոր չէ, թե մինչև առաջիկա խորհրդարանական ընտրությունները մենք կանցնե՞նք ամբողջովին համամասնական ընտրակարգի, թե՞ ոչ: Ամենակարևորն այն է, որ մինչև մայիսի 6–ը կայանալիք քվեարկությունը ժողովուրդն ավելի քան պարզ հասկացավ՝ ով ինչ Հայաստան է ցանկանում տեսնել:

Մի կողմ թողնենք այն հարցը, թե համամասնականին անցնելն ինչ կտա Հայաստանին կամ ինչ չի տա, և կանգ առնենք մի կարևորագույն հարցի շուրջ: Քաղաքական ամբողջ դաշտի ներկայացուցիչների ճնշող մեծամասնությունը, անկախ իրենց հայացքներից, առավել քան պարզ հայտարարում է, որ բազմաթիվ պատճառներով համամասնականին անցնելը ճիշտ որոշում է, և այս իրավիճակում Սերժ Սարգսյանի հանրապետականները երկու ոտքը մի կոշիկում դրած հայտարարում են, թե որևէ մեկի կարծիքն իրենց համար նշանակություն չունի: Պարզ է, որ եթե այսպես է համամասնականի հարցում, ապա նույն մոտեցումը լինելու է բոլոր հարցերում: Եթե բոլորը կանգնեն և ասեն, թե հայ-թուրքական արձանագրություններն այդ տեսքով ոչ մի դեպքում չի կարելի ընդունել, ՀՀԿ-ն պետք է իրենը պնդի: Եթե քաղաքական դաշտը կանգնի և ասի, թե չի կարելի նման տնտեսական քաղաքականություն վարել, ապա ՀՀԿ-ականները կրծքով կպաշտպանեն տնտեսությունն ավիրած Տիգրան Սարգսյանին: Կարճ ասած՝ ի դեմս ՀՀԿ–ի գործ ունենք մի քաղաքական ուժի հետ, որը, հանուն կասկածելի նպատակների, պատրաստ է հաշվի չնստել շատերի կարծիքի հետ:

Իհարկե, շատ լավ կլինի, եթե օր առաջ անցում կատարենք համամասնական ընտրակարգին, բայց հիմա ժողովուրդը մի կարևոր նվաճում ունի: Ամենապարզ ձևով ապացուցվեց, թե ով է իրականում իշխող վարչախումբը, և ինչ ծրագրեր ունի առաջիկա ընտրությունների հետ կապված: Ավելի քան պարզ է, որ Սերժ Սարգսյանի թիմը ծրագրում է ոտնատակ անելով ժողովրդի կամքը՝ պահպանել իշխանությունը և շարունակել անել այն, ինչ անում էր վերջին տարիներին: Այլ կերպ ասած՝ եթե իրականություն դառնա ամենաանհավանական տարբերակը, և ՀՀԿ-ն խորհրդարանում մեծամասնություն կազմի և համապատասխան կառավարություն ձևավորի, ապա մի քանի տարի հետո Հայաստանում չի ապրի այնքան մարդ, որ ապահովվի երկրի նորմալ կամ գոնե կիսանորմալ կենսագործունեությունը: Այսօր տասնյակ հազարավոր մարդիկ, որպես վերջին հույս, սպասում են մայիսյան ընտրություններին, և եթե հանկարծ կրկին արկածախնդիրներին և մեր երկրի հակառակորդներին հաջողվի ոչ օրինական խորհրդարան ձևավորել, ապա արտագաղթի տեմպերը կաճեն եռանկյունաչափական պրոգրեսիայով: Իսկ այս իրավիճակում նույնիսկ ավելորդ կլինի խոսել Տիգրան Սարգսյանի վարած տնտեսական քաղաքականության մասին:

Այնպես որ, ամեն ինչ պետք է անել, որ արկածախնդիրները, որոնք շատ դեպքերում չեն էլ գիտակցում, թե իրենց գործողություններով ինչ ծանր հարված են հասցնում Հայաստանին, հասկանան, որ այս անգամ ընտրակեղծիքներով հաղթանակի չեն կարող հասնել: Վերադառնալով համամասնական ընտրակարգին՝ նկատենք, որ մեծամասնականը պահպանելու ջատագով ՀՀԿ-ականներն իրենց դիրքորոշումն արդարացնելիս անկախ իրենցից խոստովանում են, որ մեծամասնականն անհրաժեշտ է ընտրակեղծիքները հաջողությամբ իրականացնելու համար: Բացի այդ, շատ կարճ ժամանակահատվածում ՀՀԿ-ն մեկ անգամ ևս ապացուցեց, որ իր խոսքին չի կարելի վստահել: Ընդամենը շաբաթներ առաջ նրանք պնդում էին, որ իրենց թեկնածուների մեջ գործարարներ չեն լինելու, այլ լինելու են քաղաքական գործիչներ, իսկ հիմա մեկը մյուսի հետևից առաջադրվելու մասին հայտարարում են այն դեմքերը, որոնք ավելի քան հեռու են քաղաքականությունից:

Մնում է հարցնել ՀՀԿ ղեկավարներին, թե այդ ի՞նչ պատահեց, որ նրանք այսքան կտրուկ փոխեցին իրենց դիրքորոշումը: Ի՞նչ տեղի ունեցավ Հակոբ Հակոբյանի հետ, որ նա համակվեց նժդեհյան գաղափարներով, ի՞նչ կատարվեց Ռուբեն Հայրապետյանի հետ, որն ում տեսնում, ասում էր, թե այլևս ԱԺ պատգամավոր չի ուզում դառնալ, բայց օրերս առավել քան հստակ ակնարկեց, որ կրկին առաջադրվելու է: Իսկապես սարսափելի մթնոլորտ է հաստատվել մեր երկրում, և ոմանք ամեն ինչ անում են այն խորացնելու համար:

Ցինիզմը, փաստորեն, դարձել է սովորական երևույթ, ստախոսությունն այլևս խաղի կանոն է: Բայց այսպես երկար չենք ձգի: Ժողովուրդն առանց այն էլ բարոյալքված է, և հսկայական ջանքեր պետք է գործադրել այս իրավիճակից երկիրը դուրս բերելու համար, բայց հայտնվել է մի ուժ, որը համառորեն ցանկանում է խորացնել բարոյալքումը: Բայց նրանց պետք է ասենք, որ ձախողվելու են: Եթե շուտ հասկանան, թե ինչ են անում և կանգ առնեն, ավելի լավ բոլորի և առաջին հերթին իրենց համար, իսկ եթե համառեն և շարունակեն գնալ իրենց ճանապարհով, ապա նրանց ձեռքը բռնող հաստատ կլինի:

ՀՀԿ-ական պատգամավորն ասում է, որ մեծամասնականն անհրաժեշտ է պահպանել՝ ելնելով սոցիալ-տնտեսական խնդիրներից: Սա իսկական անեկդոտ է: ԱԺ պատգամավորը, որն իրեն քաղաքական գործիչ է համարում, հայտարարում է, թե սոցիալ–տնտեսական իրավիճակից ելնելով են որոշում ընտրակարգը: Եթե իրավիճակն այսքան տխուր չլիներ, կարելի էր մի լավ ծիծաղել: Բայց տեսնում եք, թե որքան են անկեղծացել: Բնական է, որ սոցիալ-տնտեսական այս իրավիճակում կարող են գտնվել մարդիկ, որոնք պատրաստ կլինեն իրենց ձայնը ծախել մեծահարուստ թեկնածուին: Ահա սա է ՀՀԿ-ի հույսը: Եթե սա չէ, ապա ինչի՞ց եք վախենում. համաձայնվե՛ք համամասնական ընտրակարգով ընտրությունների անցկացմանը, և եթե արդար ընտրություններում հաղթեք, ապա բոլորը ձեզ կշնորհավորեն: Բայց ՀՀԿ-ն պարզապես սարսափում է համամասնական ընտրակարգից: Ասում են, թե կուսակցությունները կայացած չեն. երբ նման ընտրական համակարգ է լինում, կուսակցությունները կայանալու լուրջ խնդիր կունենան:

Այսպիսով, Հայաստանը կանգնած է ջրբաժանին, և մեզ համար պարզ է՝ դեպի ուր պիտի գնանք, իսկ ովքեր սարսափում են արդար և ազատ ընտրություններից, ժողովրդավարական և առողջ տնտեսություն ունեցող Նոր Հայաստանից, ապա կարող են դիմել Հյուսիսային Կորեայի իշխանություններին և տեղափոխվել այնտեղ. չնայած, իրենց համար այնտեղ էլ դժվար կլինի:

Վարդան Մխիթարյան 

Այս խորագրի վերջին նյութերը