Մեկնաբանություն

19.10.2018 14:32


Քաղաքական ճոճանակ. Կարեն Դեմիրճյան (տեսանյութ)

Քաղաքական ճոճանակ. Կարեն Դեմիրճյան (տեսանյութ)

Քաղաքագիտությունը ճշգրիտ գիտություն չէ, բայց քաղաքական պրակտիկան հնարավորություն է տալիս օրինաչափությունների և կանոնների հիման վրա գրեթե 100-տոկոսանոց ճշգրտությամբ քաղաքագիտական գնահատականներ տալ ու կանխատեսումներ անել այս կամ այն գործընթացների վերաբերյալ:

Քաղաքագիտական կանոններն ու օրինաչափությունները գործում են բոլոր ժամանակներում ու բոլոր ժողովուրդների մոտ: Կարող են լինել ձևական տարբերություններ, բայց բովանդակային առումով ամեն ինչ նույնն է:

Թոյնբիի էֆեկտը

Քաղաքականության մեջ գործող ամենահայտնի օրինաչափություններից է անգլիացի փիլիսոփա Արնոլդ Թոյնբիի անունը կրող էֆեկտը: Դա քաղաքական լիդերի «վերելքի-անկման-նոր վերելքի» պարբերաշրջանն է:

«Հեռացման ու վերադարձի» բանաձևը ունիվերսալ է: Այսինքն՝ արձանագրվում է տարբեր պետություններում ու պատմական տարբեր ժամանակահատվածներում:

Ըստ Թոյնբիի՝ հանրային տրամադրությունները շատ փոփոխական են և նույն քաղաքական սուբյեկտի նկատմամբ կարող են տատանվել ծայրահեղ դրականից մինչև ծայրահեղ բացասականն ու կրկին վերադառնալ ծայրահեղ դրականին: Ճիշտ ընտրված պաուզան և ռազմավարությունը հնարավորություն են տալիս նախկինում «սպիտակ» ընկալում ունեցող գործչին «սևացած» վիճակից կրկին վերադառնալ «սպիտակ» դաշտ, այսինքն՝ հանրային ատելիից կրկին դառնալ հանրային սիրելի:

Քաղաքական ճոճանակը կարող է քաղաքական գործչին թափահարել մի ծայրահեղությունից դեպի հակառակ ծայրահեղություն: Դա տեղի է ունենում հանրային տրամադրությունների թափահարման արդյունքում:

Հատկապես ամբոխը շատ փոփոխական տրամադրությունների կրող է և կարող է ալիքով վեր բարձրացնել իր սիրելիին, սակայն շատ չանցած դաժանորեն առնել նրան իր երախի մեջ, կործանել երբեմնի կուռքին ու նոր կուռքեր փնտրել: Ամբոխի սիրելին լինելն, ըստ այդմ, շատ վտանգավոր է առաջին հերթին սիրելիի համար: Որքան շատ է ամբոխի սերը կուռքի նկատմամբ, այնքան ցավոտ է լինելու կուռքի անկումը. սա ֆիզիկայի օրենք է, որը հստակ գործում է նաև քաղաքագիտության մեջ:

Կարեն Դեմիրճյան. կուռք-հակակուռք-կուռք

Որպեսզի Թոյնբիի էֆեկտը դիտարկենք մեր միջավայրում և ինքներս մեզ համար որոշակի հետևություններ անենք, արժե արագորեն անցնել մեր ոչ վաղ անցյալի պատմության էջերով:

1974-1988 թթ., այսինքն՝ 14 տարի Կարեն Դեմիրճյանը ղեկավարել է սովետական Հայաստանը: Նրան պաշտում էր պրոլետարիատը, սիրում գրեթե ողջ ժողովուրդը և հարգում պետական բյուրոկրատիայի ճնշող մեծամասնությունը:

1988-ին սկիզբ առած Ղարաբաղյան շարժումը և ողջ սովետական տարածքում տեղի ունեցող գործընթացները փոխեցին մեր ժողովրդի տրամադրությունները: «Ղարաբաղը ջեբսա՞, որ հանեմ տամ»-ից հետո Դեմիրճյանը կուռքից վերածվեց հակակուռքի ու սուլոցների տակ հեռացավ ղեկավար պաշտոնից (հարկ է նկատել, որ այդ փուլում դելիգիտիմացվում էին սովետական տարածքի գրեթե բոլոր կոմունիստական ղեկավարները):

1988-ից հետո նա գրեթե 10 տարի դուրս էր քաղաքականությունից ու լուռ:

88-ի շարժման արդյունքում մենք նորանկախ պետություն ստացանք: Անկախության սկզբում բոլորն ունեին պատրանքներ, որ ամեն ինչ հեշտ է լինելու: Ինչպես ասում են՝ կյանքը ուրախ և ապրուստն էլ ձրի՝ «Ջերմուկն» ու մոլիբդենը կծախենք ու լավ կապրենք: Կյանքը, սակայն, ցույց տվեց, որ անկախ պետություն ունենալու համար պետք է պայքարել ու ծանր գին վճարել: Այդ ամենին հայ ժողովրդի մեծ մասը պատրաստ չէր: Օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով առաջացած դժվարությունների արդյունքում հանրության հայացքն ուղղվեց դեպի հետ: Սոցիալական ծանր բեռը քաղաքական նոստալգիայի առաջացմանը հանգեցրեց ու շատերը հիշեցին Կարեն Դեմիրճյանին ու նրա ղեկավարած տարիների սոցիալական համեմատական բարեկեցությունը: Մարդիկ չէին էլ «խորանում», որ Դեմիրճյանը եղել է այլ պետության մեջ ու այլ իրավիճակում և հիմա նրա վերադարձով կախարդական փայտիկ չի հայտնվելու. պետականազրկության երկար պատմություն ունեցող ազգերին հատուկ է պատրանքներին տրվելը:

Դեմիրճյանի վերադարձին սպասում էին արդեն ՀՀ անկախացումից 5 տարի անց՝ 1996-ի նախագահական ընտրությունների ժամանակ, սակայն, ի տարբերություն հետսովետական տարածքի մի քանի պետություններում արձանագրված կոմունիստական լիդերների վերադարձի՝ Դեմիրճյանը չմտավ քաղաքական պայքարի մեջ (իսկ թե ինչու այդպես եղավ, առանձին վերլուծության թեմա է, թեմա, որն առնչվում է մեր ժողովրդի մենթալ, էթիկական, պատմական ու բարոյաքաղաքական կոդերին):

1996-ին Դեմիրճյանը չվերադարձավ, բայց քանի որ նրա հանրային պահանջը կար, ուստի 1998-ին իշխանափոխություն իրականացրած թիմի մի թևը նրան, այդուհանդերձ, համոզեց վերադառնալ քաղաքականություն՝ հետապնդելով տարբեր քաղաքական նպատակներ (այդ նպատակներից մեկն այն ժամանակվա տիտղոսային ընդդիմության լիդերի կարգավիճակ ունեցող Վազգեն Մանուկյանի ճանապարհը փակելն էր. պարզ էր, որ Տեր-Պետրոսյանին չէին հեռացրել, որ հետո իշխանությունը հանձնեին Մանուկյանին):

1988-ից 10 տարի անց՝ 1998-ին քաղաքականություն վերադարձած Կարեն Դեմիրճյանը ուներ կուռքի կարգավիճակ: 10 տարի առաջ Դեմիրճյանին սուլած ժողովուրդը 1998-ին ոչխարներ էր մատաղ անում նրա ոտքերի տակ:

Եվ այսպես, Թոյնբիի էֆեկտը մենք նկատում ենք Դեմիրճյանի մոտ: Մինչև 1988-ը նա կուռք էր, 1988-ին՝ հակակուռք և 10 տարի անց՝ 1998-ին, կրկին կուռք:

Քաղաքական ճոճանակը կամակոր երևույթ է: Այսօր «սպիտակ» ես, վաղը կարող է «սև» դառնաս ու հետո կրկին «սպիտակելու» հնարավորություն ստանաս: Որքան թերհաս է հասարակությունը, այնքան քաղաքական ճոճանակը կտրուկ տատանվելու հատկություն է ունենում:

Հատկապես մեր օրերում այս թեման շատ արդիական է և պետք է բոլորին ստիպի մտածել՝ գլխապտույտ հաջողություն ունենալուց և էյֆորիայի մեջ ընկնելուց հետո:

7or.am

շարունակելի

Այս խորագրի վերջին նյութերը