Կարծիք

06.06.2009 17:33


Մտորումներ` հրադադարի 15-ամյակի առիթով

Մտորումներ` հրադադարի 15-ամյակի առիթով

Աշխարհում ամենաերկար ինքնակառավարվող հրադադարի 15-ամյակը առիթ է գնահատելու անցած մեկ և կես տասնամյակի ընթացքում տեղի ունեցածը և մտածելու գալիքի մասին:
Մտորելու համար երկու հիմնական հարց կա: Առաջինը՝ արդյո՞ք Լեռնային Ղարաբաղի (և Հայաստանի) հայերն ավելի պաշտպանված են այսօր, քան զինադադարից առաջ: Երկրորդ՝ ինչպե՞ս կզարգանա այս՝ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակը:

Կենսական նշանակություն ունեցող անվտանգության խնդրի տեսանկյունից ակնհայտ է, որ հրադադարը զարմանալիորեն հաջողվել է պահպանել, և բացի հատուկենտ ընդհարումներից, խաղաղության խախտման զգալի դեպքեր չեն արձանագրվել: Խաղաղությունը պահպանվել է շփման գծում անկանոն, փոքրածավալ դիտարկման իրականացմամբ և առանց խաղաղապահների մասնակցության: Սա չի կարող բացատրվել բացառապես բարի կամքի առկայությամբ և բանակցային գործընթացի գոյությամբ: Սրանք, իհարկե, հուսադրող բացատրություններ են, բայց այդ ամենը բավարար չէր լինի: Մենք պետք է նաև հաշվի առնենք մի շարք հանգամանքներ, որոնք կարևոր են եղել հրադադարը պահպանելու համար: Արդյունավետ բուֆերային գոտին, հակառակորդ ուժերի ռազմական հավասարակշռությունը, լուրջ հարված հասցնելու՝ Ադրբեջանի բանակի ոչ լիարժեք կարողությունը. այս ամենը կողմերի համար կարևոր խթան են հանդիսացել հրադադարը պահպանելու հարցում: Իհարկե, այն հանգամանքը, որ այս բոլոր գործոնները կարող են, և, ամենայն հավանականությամբ, կփոխվեն, իրավիճակը փխրուն է դարձնում և մշտապես հիշեցնում է, որ հրադադարն իր բնույթով ժամանակավոր երևույթ է:
Սա ինքնաբերաբար հանգեցնում է հաջորդ հարցին՝ ինչպե՞ս կզարգանա այս՝ «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» իրավիճակը: Մի կողմից՝ բանակցությունները, տարբեր ձևերով և ձևաչափերով, շարունակվում են արդեն 15 տարի: Կողմերն առնվազը խոսում են միմյանց հետ: Կողմերի հայտարարություններում էլ փոխզիջման գաղափարը հիշատակվում է այնքան հաճախ, որ բավարար է լավատեսության համար:
Մյուս կողմից՝ այս բանակցությունները շարունակվում են արդեն 15 երկար ու ձիգ տարիներ, որոնց ընթացքում, կարծես, ամեն ինչ փորձվել է. հինգ լուրջ առաջարկություն է ներկայացվել և մերժվել: Այլ խոսքով՝ խնդրի լուծումն առայժմ չի երևում, ու դարձյալ սա հիշեցում է այն մասին, որ ,ոչ պատերազմ, ոչ խաղաղությունե իրավիճակը նույնպես իր բնույթով ժամանակավոր երևույթ է:
Եթե կողմերից մեկը, կամ երկուսը կորցնեն բանակցությունների հետ կապված հույսերը, և միաժամանակ զգալի փոփոխությունների ենթարկվեն շփման գծում մինչ այժմ առկա հավասարակշռությունը պահպանող գործոնները, իրավիճակը բոլորի համար վտանգավոր կդառնա:

Իհարկե, ամենաբարդ հարցն է, թե որն է վերջնախաղը, որն է լուծումը:
Երեք հնարավոր սցենար կա: Մեկը՝ ստատուս-քվոյի շարունակությունն ու պահպանումն է: Երկրորդը՝ պատերազմի վերսկսումը և նոր իրավիճակի ստեղծումը: Երրորդ տարբերակը՝ բանակցված լուծումն է:
Թեև միջազգային հանրությունը, ներառյալ միջնորդներն ու տարբեր դիտորդները, միանգամից կհերքեն առաջին սցենարը, այն համարելով անընդունելի և անկայուն, այդ սցենարը պետք չէ բացառել: Բազմաթիվ պատմական օրինակներ կան, երբ երեկվա անիրատեսական թվացող այլընտրանքն այսօր դարձել է նախընտրելի իրականություն: Մեր դեպքում նույնպես պետք չէ բացառել ստատուս-քվոյի պահպանումը՝ որպես լուծում ընկալվելու հնարավորություն:

Երկրորդ սցենարը՝ պատերազմը, դժվար է պատկերացնել: Ոչ միայն ակնհայտ թվացող հանգամանքների, այլև այն պատճառով, որ եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, սա կլինի Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու և «վերջնական լուծման» հասնելու երրորդ փորձը: Ես հատուկ եմ գործածում «վերջնական լուծում» եզրը, քանի որ միայն այդպիսի լուծման հանգեցնող պատերազմը կարող է հաղթանակ նշանակել Ադրբեջանի համար: Այդ իսկ պատճառով պատերազմը մեծ ռիսկեր է պարունակում Ադրբեջանի համար՝ ավելի մեծ, քան հայկական կողմի համար:

Եվ, վերջապես, կա տեսականորեն և իրականում ամենանախընտրելի սցենարը՝ բանակցված լուծումը: Իրատես լինենք. սա նշանակում է հանգել մի փաստաթղթի ստեղծմանը, որը կողմերը պետք է ստորագրեն: Նման փաստաթուղթը պետք է ներառի փոխզիջումներ:

Հայաստանի դիվանագիտության նպատակը պետք է լինի երրորդ սցենարը: Երկարատև խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ կողմերն ընդունեն միմյանց նվազագույն ակնկալիքները և ոչ նվազագույն պահանջները: Մինչ դա կարող է տեղի ունենալ, կողմերից յուրաքանչյուրը պետք է կարողանա երկրի ներսում հասնել սեփական բանակցային դիրքերի վերաբերյալ բավարար կոնսենսուսի: Սա դեռևս տեղի չի ունեցել: Այն նշաձողը, որ սահմանում է մեր կողմից փոխզիջման ամենամեծ հնարավորությունը, պետք է շատ հստակ լինի և պետք է ապահովի, որ այն պահից, երբ փաստաթուղթը կստորագրվի, մինչև այն պահը, երբ բոլոր դրույթները կսկսեն գործել, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի անվտանգությունն ապահովված ու նույնիսկ երաշխավորված լինի:

Այդուհանդերձ, հետապնդելով բանակցված լուծման հասնելու դիվանագիտական նպատակը, որը, կարծում եմ, նաև Ադրբեջանի դիվանագիտական նպատակն է, երկու կողմերն էլ մտքում պահում են այն հնարավորությունը, ինչը բանակցողներն անվանում են ,լավագույն այլընտրանքը բանակցված համաձայնությանըե: Ադրբեջանի համար նման «այլընտրանք» է պատերազմը: Մեզ համար ,այլընտրանքե կարող է լինել այսօրվա ստատուս-քվոն: Այլ կերպ ասած՝ խուսափելով պատերազմից, մենք պետք է օգտվենք մեզ համար հասանելի բոլոր այլ հնարավորություններից:
Տևական խաղաղության հասնելու բոլոր հնարավորություններին հետամուտ լինելուն զուգահեռ՝ մեր դիվանագիտության նպատակը պետք է լինի նաև այն, որ ցանկացած պահի մեր բանակցային դիրքերն ավելի շահեկան լինեն: Սա մեր լավագույն պաշտպանությունն է անցանկալի ստիպողական լուծման դեմ:
Պատմությունը բազմաթիվ օրինակներ ունի, ներառյալ՝ Կոսովոն և Արևելյան Թիմորը, երբ միջազգային հանրությունն, ի վերջո, պարտադրեց այդ պահին բանակցային գործընթացում գերիշխող մոտեցումների և ընկալումների վրա հիմնված լուծումներ:

Հոդվածի սկզբում նշված երկու հարցերը կարևորագույն տեղ են զբաղեցնելու կարգավորման ողջ ընթացքում: Մեր պատասխանները կախված կլինեն այն բանից, թե որքանով ճիշտ մենք կկարողանանք արձագանքել միջազգային հարաբերությունների արագընթաց զարգացումներին, կտրուկ փոփոխվող համաշխարհային միտումներին, ամենատարբեր ներքին-քաղաքական և տնտեսական իրողություններին:
Պատասխանները նաև կախված կլինեն հակամարտող կողմերի դիվանագիտական մոտեցումներից, համոզմունքներից և կարողություններից:

Վարդան Օսկանյան

ՀՀ նախկին արտգործնախարար

Նյութը տպագրվել է «Անալիտիկոն» վերլուծական ամսագրում

Այս խորագրի վերջին նյութերը