Կարծիք

22.05.2009 19:27


Հայաստանը կայսերականության հորձանուտում

Հայաստանը կայսերականության հորձանուտում

Դարերի խորքից Հայաստանի հարևանները եղել են աշխարհի մեծագույն կայսրությունները, և հայոց պետականությունը իր ինքնահաստատումն ու հզորացումը մշտապես կառուցել է՝ դիմակայելով, երբեմն նույնիսկ նախահարձակ լինելով այդ կայսրություններին: Եվ երբ նախահարձակությունը վերածվել է գոնե ունեցածը պահելու տրամաբանության, Հայաստանը տրոհվել է մասերի, նվաճվել և նսեմացվել:

20-րդ դարավերջին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո կայսերականության տրամաբանությունը ոչ միայն չվերացավ, այլև ավելի կատարելագործվեց: Ներխուժումն ու նվաճումն այսօր ունեն ոչ միայն ռազմական բնույթ, այլև տնտեսական, գաղափարախոսական և այլ երանգներ: Եվ այս ֆոնի վրա կառուցվում են վիրտուալ կայսրություններ, որոնց բաժանարար գծերի համար ընթանում են տարաբնույթ պատերազմներ: Այս զարգացումները Հայաստանին մղել են մի միջավայր, որում նա իր պատմության ընթացքում երևբևէ չի հայտնվել: Այսօր Հայաստանը՝ իր գրեթե միատար ազգային պետությամբ, հայտնվել է ոչ թե մեկ, երկու, նույնիսկ երեք և չորս, այլ 6 կայսրությունների պայքարի թատերաբեմում: Ավանդականորեն, արդեն գրեթե 2 հարյուրամյակ Արևելյան Հայաստանը ռուսական գերիշխանության ներքո է, իսկ Արևմտյան Հայաստանը' վաղուց Թուրքական գերության մեջ: Հայոց հայրենիքի որոշ տարածքներ գտնվում են Իրանի, Վրաստանի և Ադրբեջանի դրոշների ներքո: Ահա այս 5 երկրներից 4-ը դասական բազմազգ կայսրություններ են, որոնցից մեկը' Ռուսակական կայսրությունը, 19-րդ դարի սկզբներից հետո առաջին անգամ է, որ Հայաստանի հետ չունի ընդհանուր սահման: Այս մոդելը իր հաստատումն է գտնում նաև ԱՄՆ-ի և Եվրամիության քաղաքականության մեջ: Շահերի հեռակառավարումը այնքան է զարգացել, որ Հայաստանն իր անկախությունը պետք է պաշտպանի 7 պետությունների նկրտումներից, որոնցից 6-ը կայսրություններ են, 2-ը' բացահայտ թշնամիներ, որոնք օր առաջ կցանկանան վերացնել Հայաստանը, մեկն էլ «բարեկամ» է այնքան ժամանակ, քանի դեռ թույլ է: Հայաստանում ազդեցության համար իրականում պայքարում են Ռուսաստանը, Եվրամիությունը, ԱՄՆ-ն ու Իրանը։ Նրանց միջոցով է, որ Հայաստանը չեզոքացնում է թուրք-ադրբեջանական ինտերվենցիան, որը սրի նման կախված է հայոց գլխին: Եվ Հայաստանի անվտանգության համակարգը կառուցված է հենց այդ կայսրությունների հետ հավասարակշռված և փոխլրացնող քաղաքականության վրա:

 Սակայն ոչ ուշ ապագայում Հայաստանի առջև կարող է կանգնել ընտրության հարց, որից խուսափելու համար կպահանջվի հսկայական ներուժ: Ակնհայտ է, որ դեպի Ռուսաստանի ավանդական ազդեցության գոտիներ Եվրամիության առաջխաղացումը նպատակ ունի  սահմանափակելու ռուսական ծավալապաշտությունն ու ընդլայնելու սեփականը: «Արևելյան գործընկերության» մեջ ներգրավված երկրները, բացի նրանից, որ ստանում են զարգացման նոր հեռանկարներ, որոշակիորեն իրենց վրա չափավորում են նաև ռուսական ազդեցությունը: ԱՊՀ-ԵՄ, ավելի ճիշտ՝ Ռուսաստան-ԵՄ հակամարտությունն ակնհայտորեն կարող է քաղաքակիրթ մրցակցությունից վերաճել նոր հակամարտության: Այսօր միայն տեղային մրցապայքարում ընթացող նոր դիրքավորումները մի օր կարող են չհանդուրժվել: Ռուսաստան-Եվրոպա հակամարտությունն արդեն չափից ավելի ավանդական է ու օրինաչափ, որպեսզի խոսվի դրա էական փոփոխության մասին: Եվ ինչքան այդ հակասությունները սրվեն, այդքանով մոտելնալու է Հայաստանի վերջնական կողմնորոշման օրը: Եվ համաշխարհայն գործընթացների վրա էականորեն ազդելու լծակներ չունենալով՝ Հայաստանին մնում է կանխատեսել և հաշվարկել քայլերը և այս թոհ ու բոհում մտածել սեփական հզորացման մասին:

Մի բան ևս հետաքրքիր է: Առաջիկայում Հայաստանը չի կարողանալու ինքնուրույնաբար, միայն իր ուժերով սանձել թուրք-ադրբեջանական պանթուրքիստական ձգտումները, և դրանով կանխորոշված՝ Հայաստանում պետք է լինեն օտար բանակներ: Այսօր ռուսականն է։ Սակայն պատմությունից պատգամված է, որ ռուս զինվորը հայկական սահմանում քմահաճ է և ամեն օր կարող է լքել այն: Իսկ թուրքական յաթաղանի դեմ մենք կարող ենք հակադրել սեփական ուժը՝ ինչպես 1918թ., նաև պարտվել՝ ինչպես 1920թ.։ Միաժամանակ՝ հանձնվել օտար ողորմածությանը, ինչպես նույն 1920թ.: Այս առումով իրոք պետք է աշխատել 2 ուղղությամբ. նախ՝ հզորացնել սեփական պետությունը, ապա՝ բանակը դարձնել արդիական, տեխնիկապես հագեցած: Ռազմականացումը պետք է լինի մեր թիվ  մեկ խնդիրը, քանզի համաշխարհային կտրուկ վայրիվերումների ժամանակ մենք, հավանաբար,  ինչ-որ պահի ռազմաճակատում մենակ ենք կռվելու: Իսկ այդպիսի վայրիվերումներ կարող են լինել ամեն օր: Երկրորդ ուղղությունը դաշնակիցների ճիշտ ընտրությունն է, որոնց հետ պետք է ընդգրկվել անվտանգության համակարգերում: Այս հարցում պետք է ճկուն լինել և կախումը մեկ համակարգից բացարձակապես բացառել: Ամեն պահ պետք է լինի անվտանգության համակարգի այլընտրանք, քանզի միակողմանի կախումը ենթադրում է անկախության կորուստ: Այսօր Հայաստանը կարելի է բնութագրել որպես կամովին կիսաանկախ-կիսաօկուպացված մի պետություն, երբ օտար զինվորի բացակայությունը դիտվում է քայլ ազգային անվտանգության դեմ:

Այսօր Հայաստանի վրա ազդեցություն ունեցող 3 գերհզոր երկրները՝ Ռուսաստանը, ԵՄ-ն և ԱՄՆ-ը, Հայաստանի հետ չունեն ընդհանուր սահման, ինչը շատ կարևոր է տարաբնույթ շարժումների համար: Եվ այսօր պայքարն անմիջականորեն Կովկաս թափանցելու համար հնարավորություն ապահովելն է, որի շնորհիվ էներգիան և ուժը կարող են ուղղվել սեփական շահերի համար:

Եվ այս միջազգային պայքարում Հայաստանն իր տեղը կարող է ունենալ միայն ու միայն ակտիվ խաղացողի իր կերպարով, այլ ոչ թե՝ սպասարկելով այս կամ այն ուժի շահերը կամ հանձնվելով առաջին իսկ թուրքական դիվանագիտական կրակոցից հետո: Հայաստանի հզորությունը մարտնչելու նրա կարողության մեջ է, այլ ոչ՝ թե նրա խաղաղասիրության կամ դեմոկրատիզմի: Այս վերջիններն իրականում քող են, և մշտապես զոհաբերվում են իրական՝ ռազմաքաղաքական ու տնտեսական շահերին: Սակայն մենք պարտավոր ենք լինել ժողովրդավար՝ ապահովելու ժողովրդի անվտանգությունն ու բարեկեցությունը այնքանով, ինչքանով որ թույլ է տալիս ժողովրդավարության գործիքը, և ոչ ավելին: Ժողովրդավարությունը մի արժեք է ու համակարգ, որից վերև գոյություն ունեն իրական շահեր: Եվ միշտ չէ, որ ժողովրդավարական արժեքները համընկնում են այդ իրական շահերին: Ժողովրդավարությունը ծավալապաշտության նոր գործիքն է՝ նման հելենիզմին ու կրոններին: Եվ իրականություն է, որ ժողովրդավարությունը մի կրոն է, որի աստվածը մարդն է: Սակայն, ինչպես բոլոր մարդասիրական գաղափարաբանությունները, ժողովրդավարությունը ևս զուրկ չէ «Տիրոջ գերեզմանը փրկելու» խաչակրաց դավանաբանությունից: Խորքում ծավալապաշտությունը մնում է ծավալապաշտություն, փոխվում են սկզբունքներն ու դրոշները:

Հայաստանը պետք է լինի զինված ժողովրդավար երկիր: Եվ զարգացած տնտեսություն, հզոր բանակ ու հայությամբ բնակեցված երկիր ունենալը վեր են բոլոր դավանաբանական վեճերից:

Կայսրությունների սահմանները այսօր տեսանելի և փոփոխական են: Եվ Հայաստանի ապագան պետք է կառուցվի ամենօրյա շահեկան դիրքերից:

Ներկա պատմական առանձնահատկությունը Հայաստանի համար խարսխվում է այս մոտեցումների վրա: Հայաստանը շարունակում է գտնվել ռուսականության, թուրքականության, եվրոպականության և, նաև, իրանականության ծավալապաշտությունների թատերաբեմում: Վերջինս, թերևս, առաջին երեքի համեմատ նվազ ակտիվ է՝ Ռուսաստանի կողմից Հարավային Կովկասի նվաճումից ի վեր:

Ահա այս իրականությունում Հայաստանի առջև կարևորագույն առաջնային խնդիր է դրված՝ հստակեցնելու, թե որն է մեր առաջընթացի ուղին: Արդյոք ժամանակը չէ՞՝գոյապահպանման կեցությունից անցում կատարել ծավալման գաղափարաբանությանը: Ակնհայտ է, որ տիրելու բաղադրիչը հայոց մտավոր և գործնական զինանոցից հանված է: Լինելով ծավալապաշտության զոհ, մենք վաղուց հրաժարվել ենք ուրիշներին սեփական ազդեցության ծիրում ներառելու գաղափարաբանությունից: Մենք չենք ունեցել այդ ժամանակը, ցավոք, սակայն այսօր պետք է մտածել սեփական սահմաններից վտանգը հեռացնելու մասին: Հայաստանը, իրականում, մի սահմանագիծ է թյուրքական աշխարհների միջև: Եվ ինչքան մեծ լինի այդ բաժանարար գիծը, այնքնով հավերժական է Հայաստանը: Բացի այդ, Հայաստանին անհրաժեշտ է ելք դեպի Սև ծով: Այդ ելքն այսօր իրականում ապահովում է Ջավախքը, և այդ դժվարին ճիգը ապագայում պետք է զարգացնել: Հայաստանը առաջիկայում դատապարտված է մրցակցելու հատկապես Վրաստանի և Ադրբեջանի հետ: Այստեղ է, որ Հայոց պետությունը շանս ունի հաղթելու տարաբնույթ մրցապայքարներում: Մոտեցումը կարելի է կարճ ձևակերպել այսպես՝ չեզոքացնել Թուրքիային՝ նվաճելով առավելություններ Վրաստանի և Ադրբեջանի հանդեպ: Իսկ Հայաստանը Թուրքիային չեզոքացնելու երեք հիմնական  լծակ ունի: Առաջինը նրան պատմության հետ դեմ առ դեմ հանդիպեցնելն է: Այս առումով ցեղասպանության միջազգային արծարծումը և փոխահտուցում պահանջելը մեր ուղղակի լծակն է: Երկրորդը Ռուսաստանի միջոցով սաստելն է։ Եվ երրորդը սաստելն է Եվրոպայի ու ԱՄՆ-ի միջոցով՝ Թուրքիային ներքաշելով ժողովրդավարության արժեհամակարգում խաղալու: Կան ևս մի քանի գործիքներ, որոնցից մեկն Իրանն է, մյուսը  քրդական հարցն է, հաջորդը՝ Թուրքիային զսպելու մոլորակի ձգտումը: Վերջին 200 տարվա ընթացքում Թուրքական կայսրությունը մշտապես կորցրել է իր տարածքները, իսկ նրա մրցակիցները հզորացրել են իրենց մկանները: Եվ այդ գործընթացը շարունակվում է: Թուքիային կարելի է դասել կործանվող կայսրությունների շարքը, քանզի երբեք չի մարսի քրդական և հայկական հարցերը: Եվ Թուրքիան իր պետությունը ոչ միայն անցյալում էր անարդար ձևով կառուցում, այլ նաև այսօր: Իսկ անարդար կայսրությունները քանդվում են ավելի շուտ, քանզի հիմնված են ոչ թե կամավորության և բարեկեցության հիմքի վրա, այլ՝ զենքի ու արյան: Թուրքիան մարդկությանը երբևիցե հայտնի ամենամարդասպան պետությունն է, որն  այդպիսին է իր ծննդաբանությամբ, անցյալով, ներկայով և մոտ ապագայով: Եվ պետք է գնահատել քաղաքակրթվելու նրա ջանքերը, բայց կեղծավորություն կլինի մտնել Եվրոպա՝ քրդերին բնաջնջելով կամ չմեղանչելով հայերի առջև: Դա կլինի կեղծ եվրոպականացում, որտեղ միարժեքորեն կտուժեն ֆրանսիական հեղափոխությունն ու ողջ մարդկությունը: Վերջապես, դեռևս վայրագ թուրքերի մուտքը Եվրոպա նշանակում է պարտվել վաղուց հաղթած Վիեննայի ճակատամարտում: Սա կլինի եվրոպական քաղաքակրթության պարտությունը: Թուրքիային պետք է վնասազերծել ամբողջությամբ և հետո մտածել եվրոպական տոմսի մասին: Իսկ մոլորակի համար այդ վնասազերծման լավագույն ձևը Թուրքիան տրոհելն է, ինչը և իրականացվել է 200 տարի: Այս քաղաքականությունը գրեթե իրագործվել էր 1920թ. Սևրում, սակայն աշխարհը նահանջեց, և անարդար սահմանները պահպանվեցին: Այսօր պետք է օրակարգ վերադարձնել արդարության և կայունության դրոշը' Թուրքիան տրոհելով 3 մասի՝ Արևմտյան Թուրքիայի, Քրդական հարավի և Հայաստանի միջև: Ահա այդպիսի հեռանկարով միայն Թուրքիային պետք է թողնել Եվրոպա: Չէ՞ որ մի օր թյուրքական արյան կանչը կարող է ստիպել՝ այս անգամ էլ բնաջնջել արդեն եվրոպացիներին: Այդ մասին թող ռոմանագերմանացիներն ու անգլոսաքսերը հարցնեն ոչ միայն հայերին, այլև հույներին: Նրանք շատ պատկերավոր կպատմեն, թե իրենց ինչ կարող է սպասվել, երբ թուրքերը Եվրոպայի ներսում հանկարծ չմոռանան, թե ովքեր են իրականում իրենք և ինչով են սնվել դարերով:

Իսկ մենք ամեն օր պետք է ինքնակազմակերպվենք՝ բարձրացնելով սեփական օրգանիզմի իմունիտետը՝ ընդդեմ կայսերականության և հանուն հայկականության:

Արտակ Սարգսյան

«Միջազգային փորձի ուսումնասիրության

գիտական կենտրոն» ՀԿ-ի նախագահ,

պատմաբան

Այս խորագրի վերջին նյութերը