Լրահոս

17.03.2009 18:04


«Ժայռապատկերներից մինչև այբուբեն»

«Ժայռապատկերներից մինչև այբուբեն»

«Ժայռապատկերներից մինչև այբուբեն» ֆիլմը պատմաբան, արևելագետ Արտակ Մովսիսյանը նկարահանել է մեկուկես տարում։ Այդ նպատակով նկարահանող խումբը ոտնատակ է արել գրեթե ողջ Հայկական լեռնաշխարհը՝ նպատակ ունենալով ներկայացնել Հայկական լեռնաշխարհի նախամաշտոցյան շրջանի գրավոր մշակույթը։

- Խնդիրն այն է, որ մենք Հայկական լեռնաշխարհում ունենք գրի ծագման և զարգացման բոլոր փուլերը, բոլոր գրատեսակները, բայց այդ նյութը ծանոթ չի ոչ՛ աշխարհին, ոչ՛ նույնիսկ մեզ։ Կարիք կար գիտահանրամատչելի ֆիլմի տեսքով լայն քարոզչություն իրականացնել,- լրագրողների հետ զրույցում նշել է Ա.Մովսիսյանը։

Ֆիլմի շնորհանդեսին ներկա էր նաև Կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը։ Շնորհավորելով բոլորին ֆիլմի շնորհանդեսի կապակցությամբ, նա նշել է, որ գիրը ոչ միայն հաղորդակցվելու միջոց է, այլ նաև զենք՝ պաշտպանվելու համար։

- Այսօր աշխարհում ազգերն ու պետությունները մրցում են ոչ՛ տնտեսություններով, ոչ՛ֆինանսական համակարգերով, որոնք կարող են մի օր փլուզվել։ Այսօր աշխարհում հաղթում են ոգով ու հոգով, մշակույթով ու քաղաքակրթական արժեքներով ուժեղ ազգերն ու պետությունները,- ասել է ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը։

Հիասքանչ էր, ամբողջությամբ ներկայացված էր գրերի ծագման ու զարգացման պատմությունը մեր հինավուրց երկրի տարածքում։ Համոզված եմ, որ այս ֆիլմը ոչ միայն համահայկական, այլև համամարդկային նշանակություն կստանա,–այսպես արտահայտեց իր կարծիքը «Ժայռապատկերներից մինչև այբուբեն» ֆիլմի մասին  հանդիսատեսներից մեկը։

 Արփի Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը