Լրահոս

29.04.2010 14:40


Սեփականաշնորհվում են փախստականների զբաղեցրած տարածքները

ՀՀ կառավարությունը ընդունել է «1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցված բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին» որոշումը, որի նպատակը Երեւան քաղաքի Վարդաշենի 6-րդ փողոցի N 68 եւ Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի հասցեներում գտնվող հանրակացարաններում ժամանակավորապես բնակվող բազմաթիվ փախստական ընտանիքների բնակարանային, սոցիալ-տնտեսական, ինչպես նաեւ իրավական երաշխիքների ապահովումն է։ Գործադիրը հաստատել է Երեւան քաղաքի Ֆուչիկի 19 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքից ձեռք բերված բնակարաններից բնակարան ստացող անձանց ցուցակը, ՀՀ քաղաքաշինության նախարարին պարտավորեցրել բնակարանների բաշխումը կատարել վիճակահանությամբ եւ դրա արդյունքով նշված անձանց հետ ՀՀ անունից կնքել նվիրատվության (անհատույց մասնավորեցման) պայմանագրեր։
Նիստում կառավարության պահուստային ֆոնդից Տավուշի մարզպետարանին է հատկացվել 13,020.0 հազար դրամ' Վազաշեն գյուղի սողանքային գոտում գտնվող երեք բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով լուծելու նպատակով։
Գործադիրը փոփոխել եւ լրացրել է իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը, որով ավելի արդյունավետ կդառնա «Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի» գործունեությունը, կհստակեցվեն հոգաբարձուների խորհրդի անդամների եւ նախագահի ընտրության կարգերը, հիմնադրամի կառավարչի լիազորությունները։

«Պետական գույքի կառավարումը համակարգելու մասին» որոշմամբ կառավարությունը սահմանել է պետգույքի կառավարման սկզբունքները, նպատակները, կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված անհրաժեշտ միջոցները։

Այս խորագրի վերջին նյութերը