Լրահոս

28.09.2016 12:53


«Բաքվի արկածախնդրությունը մեծ վնաս հասցրեց բանակցություններին և լրջորեն խաթարեց խաղաղ գործընթացը»

«Բաքվի արկածախնդրությունը մեծ վնաս հասցրեց բանակցություններին և լրջորեն խաթարեց խաղաղ գործընթացը»

Սեպտեմբերի 27-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը ելույթով է հանդես եկել Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանում։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Իր խոսքում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հանգամանալից ներկայացրել է ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան և դրա հետևանքով ստեղծված իրավիճակը։

«Ապրիլին Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 1994-1995 թթ. հրադադարի համաձայնագրերը, նախապես ծրագրված լայնածավալ ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ՝ հարձակողական սպառազինությունների՝ օդուժի, ծանր հրետանու, համազարկային համակարգերի, տանկերի օգտագործմամբ։ Այս հարձակումն ուղեկցվեց միջազգային մարդասիրական իրավունքի աղաղակող խախտումներով։ Բաքվի այս արկածախնդրությունը մեծ վնաս հասցրեց բանակցություններին և լրջորեն խաթարեց խաղաղ գործընթացը», - նշել է Էդվարդ Նալբանդյանը։

«Մենք համանախագահների հետ միասին ջանքեր ենք գործադրում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքները հաղթահարելու ուղղությամբ: Այդ նպատակով հարկավոր է հակամարտության խաղաղ կարգավորման հանդեպ վստահության վերականգնումը, ինչը մենք տեսնում ենք ուժի կիրառումը կանխող և խաղաղ գործընթացի առաջմղմանը նպաստող պայմանների ստեղծման մեջ: Սա էր մայիսին Վիեննայում և հունիսին Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովների գլխավոր նպատակը: Նախևառաջ, հրամայական է այս գագաթաժողովների ընթացքում արձանագրված և ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացումը. առաջին` 1994-1995 թթ.-ի եռակողմ, անժամկետ հրադադարի համաձայնագրերի լիակատար հարգում և իրականացում, երկրորդ` հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծում, և երրորդ` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնում», - շեշտել է Էդվարդ Նալբանդյանը։

Պատասխանելով ներկաների հարցերին` Հայաստանի ԱԳՆ ղեկավարը անդրադարձել է սիրիական ճգնաժամին, սիրիահայության առջև ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերություններին, մի շարք տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի աշխատանքներին, Միացյալ Նահանգներ իր այցելության ընթացքում ունեցած հանդիպումներին և դրանց արդյունքներին։

Այս խորագրի վերջին նյութերը